«ՄԱՅԻՍԻ 1-Ն ԱՅՍ ԿԱՄ ԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՆԱՇՆՈՐՀԸ ՉԷ»
Արխիվ 12-16«ՄԱՅԻՍԻ 1-Ն ԱՅՍ ԿԱՄ ԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՆԱՇՆՈՐՀԸ ՉԷ»
Մայիսի 1-ը` Աշխատավորների միջազգային օրը, գաղտնիք չէ, որ առավել սրտամոտ տոն է դաշնակների ու կոմունիստների համար` որպես ընկերավարական եւ համայնավարական կուսակցություններ: Իսկ թե ինչպե՞ս են պատրաստվում նշել այն ՀՅԴ-ականները, «Իրավունքը» հետաքրքրվեց
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՑ.
–Դաշնակցության Երեւանի կառույցի կենտրոնական կոմիտեն մայիսի 1-ին իրազեկման արշավ է իրականացնում` աշխատողների իրավունքների պաշտպանության վիճակի, հնարավորությունների եւ մեխանիզմների մասին: Ի դեպ, ներգրավել ենք նաեւ պետական մարմիններին:
– Ընկեր Մինասյան, ի՞նչ կասեք այն մասին, որ ցայսօր միայն կոմունիստներն ու դաշնակներն են Մայիսի 1-ը տոնում, մինչդեռ այս տարի մայիսմեկյան հանրահավաք են նախատեսել նաեւ դեմոկրատներն ու հնչակյանները:
– Կարծում եմ` Մայիսի 1-ը կուսակցականացնել պետք չէ, որովհետեւ այն` աշխատողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի մենաշնորհը: Ավելին` մեր տոնացույցում կա այդ օրը, հետեւաբար, դժվարանում եմ ասել, թե այլ քաղաքական ուժերն ինչու ակտիվ չեն այդ հարցում:
– Քանի որ խոսեցիք ակտիվության մասին, չե՞ք կարծում, որ հայաստանյան արհմիությունները միայն Մայիսի 1-ից Մայիսի 1 են ակտիվանում:
– Արհմիությունների վերաբերյալ օրենսդրությունն ամբողջությամբ ենթակա է վերանայման: Այն, ինչ այսօրվա աշխատանքային օրենսդրությամբ է նախատեսված, արհմիություն, որպես այդպիսին, չկա: Ավելին` արհմիությունների դասական ընկալումը ներկայումս միջազգային փորձառության մեջ փոխվել է, սակայն մեր երկրի արհմիությունները այդ միջազգային զարգացումներին համահունչ չեն: Արդյունքում կորել է դրա թե՛ իմաստային, թե՛ բովանդակային նշանակությունը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
