"ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՆԱԽԱԳԱՀ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԴԱՌՆԱ, ԵԹԵ..."
Արխիվ 12-16"ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՆԱԽԱԳԱՀ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԴԱՌՆԱ, ԵԹԵ..."
Վրաստանի նախկին նախագահ, փողկապ կրծող հակահայ հայտնի գործիչ Միխայիլ Սահակաշվիլին, ում նկատմամբ Վրաստանի դատախազությունը միջազգային հետախուզում հայտարարելու մասին փաստաթղթեր է ուղարկել "Ինտերպոլ", օրեր առաջ Ադրբեջանում հարցազրույց է տվել եւ հայտարարել` արդեն ժամանակն է, որ Վրաստանն ունենա ադրբեջանցի նախագահ ու նախարարներ: "Իրավունքը" ՀՀԿ պատգամավոր, ծագումով ջավախեցի ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻՑ պարզեց` իրո՞ք արդեն հասունացել է, որ Վրաստանում ծագումով ադրբեջանցի նախագահ ու նախարարներ լինեն: "Իհարկե ոչ: Սահակաշվիլին շարունակում է վարել իր տխրահռչակ քաղաքականությունը` հնարավորություն չունենալով մտնել Վրաստան: Սահակաշվիլու վարած քաղաքականության հետեւանքով Վրաստանը հայտնվեց թուրք-ադրբեջանական տնտեսական էքսպանսիայի տակ, որն աստիճանաբար վերածվեց քաղաքականության: Վրաստանի իշխանությունն այսօր փորձում է ձերբազատվել թուրք-ադրբեջանական տանդեմի ճնշումից, ազդեցությունից",- պատասխանեց պրն Թորոսյանը:
Պատգամավորի խոսքով` հարցազրույցն այլ նրբերանգներ ունի: Վրաստանի նախկին նախագահը, խոսելով ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին, մոռանում է, որ իր ղեկավարման տարիներին ազգային փոքրամասնությունները խնդիրների առաջ են կանգնել. "Պատահական չէ, որ Սահակաշվիլու ղեկավարման տարիներին` ընտրությունների ժամանակ ազգային փոքրամասնությունները ձայն են տվել ընդդիմությանը":
Հարցազրույցում Վրաստանի նախկին նախագահը, խոսելով Ջավախքի խնդրի մասին, հայտարարում է Ջավախքում անջատողական վտանգի մասին: Չկա անջատողականություն եւ երբեք չի եղել, որովհետեւ Ջավախքը Վրաստանի մաս է կազմում. "Ջավախահայերը Վրաստանի պետականակերտ ազգերից են: Նրանք 1990-ին կողմ են քվեարկել Վրաստանի անկախությանը: Ինչ վերաբերում է "անջատողական շարժում" բառակապակցությանը, ջավախահայերը պայքարել են իրենց իրավունքների պաշտպանության համար, պայքարել են, որ լինեն իրավահավասար քաղաքացիներ: Եվ որպեսզի Սահակաշվիլին կարողանար արդարացնել իր հակահայ քաղաքականությունը, նա շրջանառության մեջ դրեց "անջատողական շարժում" բառակապակցությունը": Ջավախահայ պատգամավորի խոսքով` եթե Վրաստանի իշխանությունները շարունակեն ենթարկվել թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցությանը, ապա Սահակաշվիլու ցանկությունը կդառնա իրականություն:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
