ՀԱՐԳԵԼ ԱՇԽԱՏԱՎՈՐ ՄԱՐԴՈՒՆ ԵՎ ՆՐԱ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Արխիվ 12-16
Ինչպիսի՞ տրամադրությամբ է "Սահմանադրական իրավունք միություն կուսակցությունը" դիմավորում Աշխատավորների միջազգային օրը:ՍԻՄ կուսակցության Մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավար Ա. Աբգարյանին այս հարցով դիմեցինք` նկատի ունենալով այն փաստը, որ Հայաստանի բարոյական անվտանգությանն սպառնացող հայրենական ու արտերկրյա կամա թե ակամա գործիչների դեմ շարունակական պայքարից զատ` ՍԻՄ-ը անհրաժեշտ է համարում կանգնել աշխատավոր մարդու իրավունքի պաշտպանությանը` իրեն հասանելի բոլոր միջոցներով եւ հնարավորությունների սահմաններում:
"Կուսակցության տրամադրությունը բավարար լավատեսական է: Լավատեսությունը հիմնված է այն փաստի վրա, որ իր կազմավորման պահից ՍԻՄ-ը հավատարիմ է մնացել իր սկզբունքներին` պաշտպանել մարդու իրավունքները եւ լինել այն անձանց կողքին, որոնք կռիվ են տալիս իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար: Մեր ընթերցողները, հավանաբար, լավատեղյակ են, թե լայնածավալ ինչպիսի ճնշումների պայմաններում է իր առաքելությունն իրականացնում կուսակցությունը: Միաժամանակ, հենց այդ ճնշումները վկայում են այն մասին, որ ՍԻՄ-ի գործունեությունն առավելագույնս արդյունավետ է: Դա վերաբերում է աշխատավոր ու աշխատելու ցանկություն ունեցող քաղաքացիների շահերի պաշտպանությանը դատական ու պետական այլ կառույցներում:
Վերջին ժամանակաշրջանում կուսակցության հնարավորությունները շեշտակի ավելացել են. ՍԻՄ-ն ունի իր ներկայացուցիչը ՀՀ օրենսդիր մարմնում: Կարծում եմ` կարիք չկա հատ-հատ նշել ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի հրապարակայնորեն իրականացվող քայլերը` աշխատող մարդու իրավունքի պաշտպանության ոլորտում:
2014-ին մենք ակտիվորեն աջակցեցինք "Արմենալի" աշխատավորներին` իրենց իրավունքները պաշտպանելու հարցում: Մեզ դիմել էին նաեւ այլ քաղաքացիներ: Պատգամավոր Հայկ Բաբուխանյանին դիմումներ են ուղարկում տարբեր ոլորտներից: Հարցեր կան եւ Հարավկովկասյան երկաթուղու հետ: Մի շարք հարցումներ են ուղղվել Աշխատանքի տեսչություն: Այդ կառույցը, չգիտես ինչու, գտնվում է Առողջապահության նախարարության կազմում, եւ, ցավոք, ոչ միշտ է արդարացնում քաղաքացիների հույսերը` իրենց աշխատանքային իրավունքները պաշտպանելու հարցում:
Բոլոր դեպքերում հարցը գտնվում է ՍԻՄ կուսակցության ուշադրության կենտրոնում":
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
