ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐՔՈՒՅԿՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄ
Արխիվ 12-16ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐՔՈՒՅԿՆԵՐԻ
ՎԵՐԱՑՈՒՄ
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանն ու կոնֆեդերացիայի իրավաբան Միքայել Փիլիպոսյանը մայիսի մեկի` աշխատավորների տոնի առնչությամբ խոսելով աշխատողների իրավունքների մասին, հայտարարեցին, որ կարեւոր հարցերից է աշխատանքի վարձատրության խնդիրը: «Աշխատողը ցանկանում է քիչ աշխատել, բայց վարձատրվել ավելի շատ, իսկ գործատուն` շատ աշխատեցնել, բայց քիչ վճարել: Հայաստանում նվազագույն աշխատավարձը 50.000 դրամ է, բայց ոչ ոք չի հաշվել` ինչու է հենց այդքան սահմանվել նվազագույն աշխատավարձը»,- ասաց պրն Խառատյանը:
Իրավաբան Միքայել Փիլիպոսյանն էլ անդրադարձավ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախագծին, ըստ որի` նախատեսված է մոտ վաթսուն հոդվածում փոփոխություն կատարել: Փոփոխությունները հիմնականում առնչվում են աշխատանքային պայմանագրին. «Նախատեսվում է աշխատանքային պայմանագրի տեսակի կոնկրետացում, ինչպես նաեւ աշխատանքային գրքույկների վերացում նրանց համար, ովքեր նոր են ընդունվում աշխատանքի»:
Նախորդ տարի Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիային դիմել են 150 աշխատակից, որոնց իրավունքները ոտնահարվել են: Սակայն բանախոսները պնդում են` քչերն են ցանկանում դատական ատյաններում պաշտպանել ու վերականգնել իրենց իրավունքները: Հավանաբար, ըստ բանախոսների, չեն ցանկանում կամ վախենում են ավելորդ խնդիրների մեջ հայտնվել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
