ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆՆ ԻՆՁ ՎՐԱ ԱՆՄԽԻԹԱՐ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԹՈՂՆՈՒՄ»
Արխիվ 12-16ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆՆ ԻՆՁ ՎՐԱ ԱՆՄԽԻԹԱՐ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԹՈՂՆՈՒՄ»
«Իրավունքը» գրել էր, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ընդդիմադիրներին ստուգելու նոր եղանակ է առաջ քաշել: ՀԱԿ խմբակցության ղեկավարը հայտարարել է. «Այսօր ամենամեծ վտանգը Սերժ Սարգսյանի համար Սահմանադրական բարեփոխումների տապալումն է, որովհետեւ դա նշանակում է, որ իր իշխանությունը չի կարող երկարաձգվել երրորդ ժամկետով: Սա այն հարցն է, որտեղ ստուգվում է, թե ով է վտանգ ներկայացնում Սերժ Սարգսյանին, ով՝ չէ: Հիմա ՀԱԿ-ը հայտարարել է, որ սկսելու է գործընթաց՝ այդ սահմանադրական գործընթացի դեմ եւ վերածելու է այն ըստ էության Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու հանրաքվեի: Ունե՞նք մենք դաշնակից այդ հարցում: Գնացեք հարցրեք այն քաղաքական ուժերին, ում վրա դուք կասկածում եք՝ նրանք ընդդիմությո՞ւն են, թե՞ չէ»:
ԱԺ-ի ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները չեն համաձայնել ՀԱԿ խմբակցության ղեկավարի այս հայտարարությանը:
«Իրավունքը» իշխող կուսակցության պատգամավոր Վազգեն Կարախանյանից պարզեց` ՀԱԿ խմբակցության այս հայտարարության մասին ինչ կարծիքի է:
«Ընդհանրապես Լեւոն Զուրաբյանի մասին պատկերացումները փոխվել են ԱԺ-ում նրա հարցերից հետո, եթե, իհարկե, կարելի է դրանք հարցեր համարել: Ես նրան լուրջ չեմ ընդունում եւ Լեւոն Զուրաբյանն ինձ վրա անմխիթար տպավորություն է թողնում»,- ասաց իշխող կուսակցության ներկայացուցիչը:
Ըստ ՀՀԿ պատգամավորի` ոչ ոք չի կարող բնութագրել ընդդիմադիրներին, քանի որ բոլորս խորհրդարանում տեսնում ու լսում ենք նրանց: «Եթե ընդդիմադիրն է ասում, որ մենք ստուգում ենք ընդդիմությանը, հարց է առաջանում` ո՞վ է տվել նրան այդ իրավունքը: Նրան այդ իրավունքը տրված չէ: Որոշ ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ ԱԺ-ում եւ ասաց` ո՞վ է տվել նրան այդ իրավունքը: Բոլորս հասկացանք` խոսքը Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին էր, ով 100.000 մարդու անունից կարողանում է «այո» կամ «ոչ» ասել»,- եզրափակեց պրն Կարախանյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
