ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ՀԵՆՐԻ ՄՈՐԳԵՆԹԱՈՒԻ ԾՈՌՆՈՒՀԻՆ
Արխիվ 12-16ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ՀԵՆՐԻ ՄՈՐԳԵՆԹԱՈՒԻ ԾՈՌՆՈՒՀԻՆ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Հայաստանում է 1913-16 թթ.-ին Թուրքիայում ԱՄՆ դեսպան ՀԵՆՐԻ ՄՈՐԳԵՆԹԱՈՒԻ ծոռնուհին` Հարվարդի համալսարանի դասախոս, հոգեբան, ազգությամբ հրեա ՊԱՄԵԼԱ ՇՏԱՅՆԵՐԸ: Տիկին Շտայներին «Իրավունքը» հանդիպեց Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանում, ուր բազմաթիվ արտասահմանցի հյուրերի հետ շրջում էր ու հետաքրքրությամբ ուսումնասիրում ներկայացված փաստերը: ԱՄՆ դեսպանի ծոռնուհին միայն մի քանի բառ փոխանակեց «Իրավունքի» հետ, ընդգծելով, որ ասելիք շատ ունի, պարզապես, այս պահին այնքան հուզված է, որ չի կարողանում մտքերն ի մի բերել. «Շատ տպավորված եմ, չկարողացա մանրամասն շրջել ու նայել թանգարանը, բայց հաջորդ շաբաթ կրկին վերադառնալու եմ»,- ասաց տիկին Շտայներն ու մի քանի անգամ կրկնեց. «Շատ եմ սիրում Հայաստանը, շատ եմ սիրում հայերին եւ գտնում եմ, որ մենք եւ հայերը շատ բան ունենք անելու...»: 
Նա անդրադարձավ նաեւ պապիկի` Հենրի Մորգենթաուի մասին հայկական հրատարակությամբ տպագրված գրքին, որը րոպեներ առաջ էր նվեր ստացել թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանից. «Շատ զգացված եմ այս ամենի համար: Այս գիրքը պետք է նաեւ թարգմանվի եբրաերեն, որպեսզի Իսրայելում էլ այն տարածվի»: Շրջայցի ավարտին տիկին Շտայները
պապիկի մասին գիրքը կրծքին պինդ սեղմած դուրս եկավ թանգարանից եւ դանդաղ քայլերն ուղղեց դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու անմար կրակի մոտ ծաղիկներ դրեց` իր հարգանքի տուրքը մատուցելով 1915 թվականին զոհ գնացած մեկուկես միլիոն հայերին: Ի դեպ, Հայոց ցեղասպանության ականատես Հենրի Մորգենթաուն առաջին ամերիկացին է, որն աշխարհին իրազեկել է հայ ժողովրդի նկատմամբ երիտթուրքերի գործած զանգվածային հանցագործությունների մասին` նշելով. «Ես վստահ եմ, որ մարդկության պատմության ողջ ընթացքում չի եղել այդպիսի սարսափելի իրադարձություն, ինչպիսին սա է: Անցյալի զանգվածային սպանություններն ու հալածանքներն աննշան են թվում 1915 թ.-ին հայ ժողովրդի կրած տառապանքների համեմատ»: Այո, Մորգենթաուն առաջին ու դեռեւս վերջին ԱՄՆ դեսպանն է, ում հայ ազգը երախտապարտ է ցայսօր:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
