ՆՈՐԱ ԱՐՄԱՆԻ. «ԻՄ ԵԼՈՒՅԹԸ ՆՎԻՐՈՒՄ ԵՄ ՋԱՐԴԵՐԸ ՎԵՐԱՊՐԱԾ ՄԵԾ ՄՈՐՍ ՀԻՇԱՏԱԿԻՆ»
Արխիվ 12-16ՆՈՐԱ ԱՐՄԱՆԻ. «ԻՄ ԵԼՈՒՅԹԸ ՆՎԻՐՈՒՄ ԵՄ
ՋԱՐԴԵՐԸ ՎԵՐԱՊՐԱԾ ՄԵԾ ՄՈՐՍ ՀԻՇԱՏԱԿԻՆ»
Հայաստանում է ամերիկահայ հայտնի դերասանուհի ՆՈՐԱ ԱՐՄԱՆԻՆ: Դերասանուհին գրեթե ամեն տարի լինում է Հայաստանում, հատկապես ապրիլին, իր հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս անգամ Ն. Արմանին հայրենիքում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Անուշ Ասլիբեկյան- Արծրունու «Մերսեդես» ներկայացման առաջնախաղի համար, քանի որ հանդես է գալիս ներկայացման գլխավոր հերոսի դերում: ՀԹԳՄ նախագահ, բեմադրիչ Հակոբ Ղազանչյանի ռեժիսուրայով «Մերսեդես» ներկայացումը մայիսի 3-ին եւ 4-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում երեւանյան հանդիսատեսին ներկայացնելուց զատ, մայիսի 7-ին հասանելի կլինի նաեւ Գյումրու հանդիսատեսին:
Ն. Արմանին խոսելով իր կերտած կերպարի` Զարուհու մասին, ասել է. «Զգացված եմ, որ
Հակոբ Ղազանչյանը ինձ վստահեց ներգաղթող Զարուհու դերը: Ես իմ ելույթը նվիրում եմ ջարդերը վերապրած մեծ մորս հիշատակին եւ հայրենադարձ ազգականներին, ովքեր այսօր եւ միշտ կապրեն Հայաստանում: Այս թատերախաղը մեր հայրենի իրողության շատ կարեւոր եւ ճակատագրական մի հանգրվանն է, 40-ական թվականների վերջերին սկսած ներգաղթի եւ հայրենադարձության մասին է: Այս նյութի մասին մեր գրականության մեջ շատ անդրադարձ չի եղել` հասկանալի պատճառներով: Այսօր, այս թատերախաղով մենք կպատվենք ամբողջ մի սերնդի, որ կոտորածներից փախավ եւ ապաստանեց օտար ափերում, եւ կամ այդ ափերին ծնվեց ու թողնելով ամեն ինչ` վերադարձավ Հայաստան եւ կյանքի գնով, իր ամենաբեղուն տարիները նվիրեց ի նպաստ հայրենիքը կերտելու սրբազան գործին: Առանց այդ սերնդի զոհաբերության, Հայաստանը, ստալինյան ծրագրի համաձայն, կարող էր լրջորեն վտանգված լիներ»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
