Գ. ԿՅՈԿՉՅԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ԵՂԵԼ «ՆՈՐ ԱԼԻՔ» ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Արխիվ 12-16Գ. ԿՅՈԿՉՅԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ԵՂԵԼ
«ՆՈՐ ԱԼԻՔ» ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Նոր ալիք» միջազգային երաժշտական փառատոնում այս տարի Հայաստանը կներկայացնի երգիչ ԳՐԻԳՈՐ ԿՅՈԿՉՅԱՆԸ: «Իրավունքի» հետ զրույցում երգիչն ասաց, որ ընտրությունն իր համար անսպասելի է եղել, քանի որ իր հետ միասին, Հայաստանը մրցույթում ներկայացնելու համար մրցել են եւս երկու մասնակիցներ, ոչ թե Հայաստանի, այլ մոսկվայաբնակ հայեր.
- Ինձ հետ կիսաեզրափակչում պայքարում էին «Ռուսաստանի ձայնը» նախագծի հայ երգիչներ Արծվիկ Հարությունյանն ու Սամվել Վարդանյանը, ով վերջին նախագծի ժամանակ ուղղակի փայլեց: Երբ իմացա իմ մրցակիցներին, իմ հաղթելու հավանականությունը քիչ թվաց, որովհետեւ իրենք ավելի մեծ փորձառություն ունեն, եւ Ռուսաստանում իրենց ավելի լավ են ճանաչում: Բայց, փաստորեն, ստացվեց այնպես, որ ժյուրիի ընտրությունը կանգ առավ հենց ինձ վրա:
- Գրիգոր, տարիներ առաջ էլ մասնակցեցիք «Նոր ալիքին», սակայն
չհաղթահարեցիք կիսաեզրափակիչ փուլը Մոսկվայում: Այս անգամ ի՞նչ փորձառությամբ մեկնեցիք մրցույթին:
- Այո, մեկ անգամ էլ եմ մասնակցել եւ պիտի ասեմ, որ «Եվրատեսիլից» հետո այն ինձ համար ամենալավ մրցույթն է: Իսկ այս անգամ առաջին հերթին մեկնել էի ոչ միայն իմ մասնակցության համար, այլ իմ սաներից մեկին` Մերի Քոչարյանին ներկայացնելու «Նոր ալիք» մանկական մրցույթում եւ որոշեցի միաժամանակ ես էլ իմ ուժերը փորձել: Մերի Քոչարյանը անցյալ տարի մանկական «Եվրատեսիլի» հայաստանյան ընտրության ժամանակ գրավեց 2-րդ հորիզոնականը: Պիտի ասեմ, որ Մերին «Նոր ալիքում» նույնպես մրցում էր իրենից ավելի փորձառու մասնակիցների հետ, որոնք եկել էին իրենց պրոդյուսերների օգնությամբ: Բայց նա կարողացավ հաղթահարել: Իսկ ես, անկեղծ, շատ իմիջիայլոց էի վերաբերվում իմ մասնակցությանը, որովհետեւ ինձ թվում էր, որ հաստատ ընտրելու են «Ռուսաստանի ձայնը» նախագծի հայ մասնակիցներից մեկին:
- Իսկ մի քիչ ռիսկային չէ՞, որ մրցույթի ժամանակ պիտի մտածեք ե՛ւ Ձեր, ե՛ւ Մերիի լավ մասնակցության մասին:
- Այո, ինչ-որ առումով գուցե ինձ օգնեց այն, որ ես ուղղակի հաճույք էի ստանում իմ կատարումից ու չէի վերաբերվում որպես մրցույթի, բացարձակ լարվածություն չկար: Ինձ թվում է սա էր գրավականը, որ ընտրեցին ինձ: Բացահայտում էի «Նոր ալիք» մրցույթի կազմակերպիչների համար, քանի որ ինձ ճանաչում էին որպես երաժիշտ, բայց ոչ որպես երգիչ: Իրոք, շատ ռիսկային է, բայց կփորձեմ հնարավորինս լավ աշխատել, որ ինչպես կիսաեզրափակչում, այնպես էլ եզրափակչում լավագույն արդյունքները կարողանանք գրանցել:
- Ալեքսանդր Ռեւզինը սիրում է միշտ փոփոխություններ մտցնել թե՛ երգերի, թե՛ արտիստների ոճի մեջ, ինչը հաճախ մասնակիցների դժգոհության առիթ է
հանդիսանում:
- Մենք միանգամից ստորագրել ենք պայմանագրեր եւ նման փոփոխությունների դեպքում չենք կարող ոչինչ անել: Մեզ մնում է միայն համակերպվել ու լավագույնս դրսեւորվել: Բայց ինձ դուր է գալիս Ալ. Ռեւզինի աշխատաոճը, որովհետեւ շատ թարմ է մտածում, արդիական ու երիտասարդ մտածողություն ունի, ոչ թե կարծրացած ու սովետական... Հետեւաբար, հետաքրքիր ու հաճելի է նրա հետ աշխատել, նա էլ ինձ` որպես երաժշտի, համակրում է, որովհետեւ ինքն էլ սիրում է, որ երգիչը նաեւ երաժիշտ է լինում: Մեր համագործակցությունը կարծում եմ` լավ ավարտ կունենա:
- Որքան գիտեմ, այժմ մրցույթի մասնակցության համար երաժշտական պրոդյուսեր եք փնտրում:
- Չէի ասի, թե փնտրում եմ, ուղղակի այս տարի խնդիր ունենք. մրցույթի լիցենզիան թանկացել է եւ հեռուստաընկերությունները ֆինանսապես այդքան լավ վիճակում չեն, ու դեռ պարզ չէ, թե «ԱՐՍ» ընկերությունը որ հեռուստաընկերության հետ պայմանագիր կկնքի: Այսօր ինձ տեղեկացրին, որ պիտի հանդիպեն ու հետուստաընկերությունների ղեկավարների հետ պարզեն, թե այս տարի ով կլուսաբանի մրցույթը: Գործերի ընթացքը կախված է հենց դրանից: Նախ պիտի հասկանամ` ում հետ եմ աշխատելու, հետո նոր անցնեմ երգերի ընտրությանն ու հետագա քայլերին: Իսկ այս պահին դեռ ոչինչ պարզ չէ: Ռիսկային է ինքնուրույն որոշումներ կայացնելը, որովհետեւ ոչ թե մեզ, այլ երկիր ենք ներկայացնելու եւ նախապատրաստական աշխատանքի արդյունքում միայն կարող ես լավ տեղեր գրավել:
Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
