Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

"ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԵՆ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ"

Արխիվ 12-16

"ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԵՆ
ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ"


Այսօր ամբողջ աշխարհում հարյուր միլիոնավոր մարդիկ տառապում են հոգեկան խանգարումներով, ինչն անդրադառնում է նաեւ նրանց մտերիմների կյանքի վրա: Իսկ թե մեր հանրապետությունում այսօր որքա՞ն հաշվառված հոգեկան հիվանդությամբ տառապող մարդ կա, ի՞նչ խնդիրների հետ են նրանք բախվում, որո՞նք են հոգեկան հիվանդության առաջացման պատճառները. այս եւ մի շարք այլ հարցերի պատասխաններ փորձեցինք ստանալ ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ ՍԱՄՎԵԼ ԹՈՐՈՍՅԱՆԻՑ, ով մեզ հետ զրույցում նախ անդրադառնալով ՀՀ-ում հոգեկան հիվանդների թվին` ասաց.

ԱՅԴ "ՈՒՂՏԸ ԿԱՐՈՂ Է ՉՈՔԵԼ
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՍ ԴՌԱՆԸ"


-Թե քանի հոգեկան հիվանդությամբ տառապող մարդիկ կան առհասարակ Հայաստանում, ո՛չ ես, ո՛չ էլ մեկ ուրիշը ստույգ ասել չի կարող: Կարող եմ ասել միայն նրանց մասին, ում հետ մենք առնչվում ենք: Հայաստանում հաշվառված մոտ քառասունվեց հազար հոգեկան հիվանդությամբ տառապող անձ կա, որոնց հետ առնչություն ունի մեր ծառայությունը: Նրանք այն անձինք են, ովքեր կամովին դիմել են մեր հոգեբուժական ծառայություն` օգնություն ստանալու: Այս ծառայությունից օգտվող մարդիկ բարդութավորվում են եւ նախընտրում են ստվերում մնալ, եւ այս պարագայում դժվար է դառնում հստակ վիճակագրություն կազմելը, քանի որ հոգեկան խնդիրներ եւ լուրջ խեղումներ ունեցող պոտենցիալ հիվանդներից ոչ բոլորն են հոգեբուժարաններում հաշվառվում եւ ստացիոնար բուժում ստանում: Շատ հաճախ հիվանդի մերձավորները գերադասում են կրել հարազատից սպառնացող վտանգը եւ հանձն առնել նրա խնամքը տան պայմաններում:
- Հաշվառված հիվանդների թիվը գնալով աճո՞ւմ է, թե նվազում:
- Աճի կամ նվազման հետ կապված ցուցանիշը դա ոչինչ ասող թիվ է, որովհետեւ մենք գործ ունենք միայն այն մարդկանց հետ, ովքեր կամովին դիմում ենª ստանալու արտահիվանդանոցային կամ հիվանդանոցային բուժօգնություն: Կան շատ ու շատ անձինք, ովքեր տառապում են այս կամ այն հոգեկան խագարումներով, բայց բուժօգնության չեն դիմում. նաեւ ամբողջ աշխարհում նման անձանց թիվը բավականին շատ է: Ամեն դեպքում, որպեսզի անպատասխան չթողնեմ Ձեր հարցը, կարող եմ ասել, որ վերջին հինգ տարվա մեջ մեծ աճ, այնուամենայնիվ չկա:
- Դիմողների մեծ մասը մայրաքաղաքի՞ց են, թե մարզերից:
- Մայրաքաղաքի հիվանդները կազմում են վերը նշածս թվի մեկ քառորդը:
- Հաշվառած հիվանդների մեջ գերակշռում են կանա՞յք, թե տղամարդիկ:
- Միանշանակ ավելի շատ գերակշռում են տղամարդիկ:
- Իսկ տարիքային ի՞նչ միտում եք նկատում:
- Կան տարբեր տարիքային խմբերի անձինք: Ունենք հիվանդություններ, որ սկսում են վաղ մանկական հասակում, կան հիվանդություններ, որ սկսում են երիտասարդ եւ ծերության տարիքում: Այսպես կարող եմ ասել` դիմողների թիվը չի պակասում, բայց նաեւ` չի ավելանում. հոգեբուժական ծառայություններում մահճակալներն աշխատում են ութսուն տոկոս ծանրաբեռնվածությամբ:
- Ի՞նչն է այսօր առաջնայինը նպաստում հոգեկան հիվանդության ձեռքբերմանը:
- Սոցիալական խնդիրներն առաջնային դեր են խաղում` հոգեկան հիվանդությունների զարգացման եւ վավերացման հարցում: Սոցիալական վիճակն անմիջականորեն կապված է հոգեկան վիճակի հետ, այսինքն` սոցիալական ծանր պայմանները, լուրջ խնդիրները եւս կարող են խթանել հոգեկան հիվանդությունների աճին: Հոգեկան առողջության վրա ազդող առաջնային գործոններն են նաեւ անբավարարության զգացումը, ընտանիքում անառողջ մթնոլորտը, վեճերը, թերսնումը, ծնողների անառողջ ապրելակերպը եւ այլն: Այսինքնª բոլոր այն գործոնները, որոնք կարող են առկա լինել ցանկացած հիվանդության առաջացման եւ զարգացման մեջ: Ժառանգականության գործոնը եւս կարող է դեր ունենալ, բայց այստեղ կապն այդքան էլ բացահայտ չէ: Անհրաժեշտ է հասկանալ, որ այս հիվանդությունների կանխարգելումը այլ հիվանդություններից  քիչ է տարբերվում` առողջ ապրելակերպ, ընտանիքում եւ հասարակության մեջ առողջ ու հանդուրժող մթնոլորտ: Պարզապես մեր հիվանդները կարիք ունեն հանրության կողմից ըմբռնման, ավելի բարեգութ վերաբերմունքի, չպետք է խտրականություն դնենք նրանց միջեւ, որպեսզի նրանք զերծ մնան հանրության կողմից խարանվելուց, որպեսզի նրանք էլ կարողանան իրենց զգալ հանրության լիարժեք անդամներ: Ցավոք, այսօր հիվանդներից շատերը ե՛ւ օտարների կողմից են խարազանվում, ե՛ւ մտերիմ, հարազատների կողմից: Թեպետ ընտանիքի անդամներին մենք ոչ մի հարցում չենք մեղադրում, որովհետեւ վիճակներ կան, որ, այսպես ասեմ, այդ ապրումները միայն նրանք են ունենում: Բայց ամեն դեպքում ես գտնում եմ, որ հանրության յուրաքանչյուր անդամ պարտավոր է գիտակցել, որ այդ "ուղտը կարող է չոքել յուրաքանչյուրիս դռանը", եւ այդ գիտակցումով` նմանատիպ հիվանդների նկատմամբ պատշաճ, մարդկային վերաբերմունք ցուցաբերի:

"ԲԺԻՇԿ ՀՈԳԵԲՈՒՅԺՆԵՐԻ ՔԱՂՑ ՈՒՆԵՆՔ"

-Իսկ որո՞նք կհամարեք հոգեբուժական ոլորտի ներկայիս խնդիրները, որո՞նք են, որ առաջնային լուծման կարիք ունեն:
- Մենք այսօր նախապատրաստում ենք բավական լուրջ փաթեթ, որտեղ մտնում են ե՛ւ օրենսդրական փոփոխություններ, ե՛ւ ենթաօրենսդրական ակտեր, ե՛ւ նյութատեխնիկական բազայի հարցն է լուծվում: Այնպես որ, առաջիկայում հոգեբուժական ծառայություններում կլինեն լուրջ դրական վերափոխումներ, այսինքն շենք-շինությունները կվերանորոգվեն, բուժհիմնարկները կապահովվեն գույքով, բուժգործիքներով: Մեր այսօրվա հիմնական խնդիրը կադրերի պակասն է, բժիշկ- հոգեբույժների քաղց ունենք: Շատ քչերն են գնում հոգեբուժական ծառայություններում աշխատելու, եւ հանրապետությունում մենք բժիշկ-հոգեբույժների խիստ կարիք ունենք:
- Իսկ ինչո՞վ եք պայմանավորում այդ պակասը:
- Ծանր, պատասխանատու աշխատանք է, իսկ աշխատանքային պայմանները անբավարար են, աշխատավարձը ցածր է, եւ բնական է, որ անձը մասնագիտություն ընտրելիս հաշվի է առնում վերը նշված հանգամանքները: Դրա համար պետք է բարձրացվի հոգեբույժի աշխատավարձը, պետք է ստեղծվեն համապատասխան աշխատանքային պայմաններ, պետք է տրվեն լրացուցիչ արտոնություններ, շրջաններում աշխատողներին պետք է ապահովեն բնակարաններով...

Հարցազրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ