"ՈՉԻՆՉ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՉԷ, ՍՈՒՏ Է, ՍՈՒՏ..."
Արխիվ 12-16ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՉԷ, ՍՈՒՏ Է, ՍՈՒՏ..."
Մեր վերջին համարներից մեկում անդրադարձել էինք Հայկական ատոմակայանի շուրջ պտտվող բավականին տաօրինակ եւ մտահոգիչ խոսակցություններին: Ընդ որում, այդ իրավիճակը ստեղծվել էր դեռ ամիսներ առաջ, երբ մեկը մյուսի ետեւից իրենց պաշտոնները լքեցին ՀԱԷԿ-ի գրեթե բոլոր բարձրաստիճան աշխատակիցները, ապա հայտնի դարձավ, որ կա ԱԱԾ-ի կողմից վարվող քրեական գործ` կայանում տեղի ունեցած խոշոր չարաշահումների հետ կապված:
ԵՎ,վերջապես, իրավիճակը հասցրեց տարածված այն խոսակցություններին, որ ՀԱԷԿ-ում նոր ղեկավարության օրոք կադրային ջարդի նմանվող փոփոխություններ են ընթանում, որ դա վերաբերում է նաեւ միջին եւ մասնագիտական օղակներին, եւ, վերջապես, որ կայան են եկել ու բարձր պաշտոններ ստացել անձինք, ովքեր մինչ այս, համակագի հետ որեւէ կապ չեն ունեցել: Մասնավորապես, ըստ նույն լուրերի, նորանշանակ փոխտնօրենների մեջ է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ դեռ կադաստրում աշխատած կադրը, ով նաեւ նախարարի որդու ընկերներից է: Թե որքանով է համապատասխանում վերոնշյալը իրականությանը, դիմեցինք անձամբ Երվանդ Զախարյանին, ով, սակայն, հազիվ ատոմակայան բառը լսելով` շտապեց արձագանքել.
- Սուտ է, ճիշտ չի:
- Ի՞նչը պարոն Զախարյան:
- Իսկ Դուք ի՞նչ եք հարցնում:
- Ուզում ենք իմանալ, որքանո՞վ է իրականությանը համապատասխանում լուրերն այն մասին, որ ատոմակայանում բավական բարձր պաշտոններ ստանձնողների մեջ է նաեւ Ձեր, այսպես ասած, մարդը:
- Ճիշտ չեն ասում, խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում, ոչինչ իրականությանը համապատասխան չէ, սուտ է, սուտ...
Եվ այն արագությամբ անջատեց հեռախոսը, որ չհասցրեցինք ճշտել, թե արդյոք կայանի ընդհանուր հարցերով փոխտնօրենը նոր չի՞ նշանակվել այդ պաշտոնին եւ նախկինումª պարոն Զախարյանի օրոք Կադաստրի կոմիտեում չի՞ աշխատել: Մինչդեռ այդ հարցի պատասխանը շատ կարեւոր էր, հաշվի առնելով նաեւ, որ նույն փոխտնօրենը միաժամանակ համասեփականատերն է, կամ այլ սերտ առնչություններ ունի ինչ-որ "Մեյդ թու մեյդ" ընկերության հետ: Իսկ դա հետաքրքիր է այնքանով, որ նմանատիպ անվամբ ընկերություն ժամանակին ինչ-որ մատակարարումների գծով մրցութային առնչություններ է ունեցել ՀԱԷԿ-ի հետ, եւ այդ դրվագը եւս ուսումնասիրվել է ԱԱԾ-ի հիշատակված գործով:
Ամեն դեպքումª ԱԱԾ-ն նման դրվագ ուսումնասիրե՞լ է, ի՞նչ արդյուքներ կան. հարցի պարասխանը փորձեցինք ստանալ ԱԱԾ-ից, սակայն լրատվական ծառայությունից մեզ մասնավորապես ասացին. "Նախաքննություն է ընթանում, այլ մանրամասներ` նախաքննության գաղտնիությունից ելնելով` ասել չենք կարող": "ՍՈՒՏ Է, ՍՈՒՏ..."
Քննվող գործի ու դրանով անցնող ՀԱԷԿ-ի մատակարարումների գծով նախկին փոխտնօրենի` Ռուբիկ Մովսիսյանի հետ կապված եւս նույն ստանդարտ պատասխանն էր. "Նախաքննությունը ընթանում է": Մի խոսքովª չնայած պարոն Զախարյանը ամեն ինչ սուտ է համարում, այնուամենայնիվ փորձեցինք նաեւ ՀԱԷԿ-ից ճշտել, թե ի վերջո, անկախ ով ում ընկեր-բարեկամն է, կայանում, այնուամենայնիվ, կա՞ն կադրային փոփոխություններ, օրինակª եղել է դեպք, որ ինժեներին նշանակել են բանվորական աշխատանքի, եւ որ կայան են եկել ոչ էներգետիկներ, չնայած, չենք վիճում, միգուցեեւ նրանք շատ ավելի փայլուն կադրեր կարող են լինել: Եվ եթե այո, ինչո՞վ են պայմանավորված փոփոխությունները: Սակայն չնայած մեր ամենահամառ ջանքերինª երկու օր է մեզ այդպես էլ չի հաջողվում որեւէ պատասխան ստանալ: Ինչ պատասխան, անգամ պատասխանատուներից որեւէ մեկի հետ կապվելու հնար չկա: ՀԱԷԿ-ի տնօրենի քարտուղարուհի ներկայացած կինը ¥ով սկզբում նույնիսկ խուսափեց ներկայանալ¤, կարծես թե մտադրված էր միացնել տնօրենի հետ, սակայն, երբ ճշտող հարց տվեց, թե որ լրատվամիջոցից ենք եւ ինչ հարցով, պարզվեց, որ տնօրենը, ինչպես նաեւ այլ պատասխանատու անձինք ժողովի են եւ հինգ րոպե ժամանակ էլ չունեն: Մենք խնդրեցինք միացնել մեզ լրատվականի հետ, սակայն վերջինս պատասխանեց, որ միայն տնօրենն է պատասխանատու նման հարցերով: Երեւում է, որ արտակարգ կարեւոր ժողով էր, ժամեր տեւող: Եվ, կարծես թե, քարտուղարուհին էլ վերջապես միացավ ժողովականներին, քանի որ շատ չանցած նրա հետ կապվելն էլ դարձավ անհնար:
Եվ այսքանից հետո, թե ինչ է կատարվում ՀԱԷԿ-ում, մնում է միայն լուրերով ու "պատի տակի" խոսակցություններով հետեւել: Բայց պարզաբանումներ դեռ կփորձենք ստանալ, հաշվի առնելով, որ խոսքը, վերջին հաշվով, հայաստանյան ամենակարեւոր ու նաեւª ամենավտանգավոր կառույցի մասին է: Էլ չենք խոսում այն 270 միլիոն դոլար վարկի եւ 30 միլիոն դրամաշնորհի մասին, որ Ռուսաստանն է տալուª ՀԱԷԿ-ի կյանքը 10 տարով երկարաձգելու համար: Այսինքն ի՞նչ, այդ 300 միլիոնն այս նույն "թափանցիկությա՞մբ" են ծախսելու:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
