ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ-Ն ԶԻՋՈ՞ՒՄ Է ԻՐ ԴԻՐՔԵՐԸ
Արխիվ 12-16Ըստ լուրերի` ամերիկա-անգլիական գրանտային հայաստանյան ծրագրերին հաշված օրեր են մնացել: Վերջերս ՀՀ-ում ԱՄՆ-ի նոր դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կրճատում է Հայաստանի ֆինանսավորման ծավալը եւ դա, ըստ Միլսի, կապված էր միջազգային տարբեր հիմնախնդիրների հետ:
Օրերս այդ հայտարարությունը առարկայացվեց: Ըստ լուրերի` Հայաստանում ամերիկյան փողերի գլխավոր մատակարարը` USAID-ը, երկու տարվա ընթացքում վերջնականապես կլքի Հայաստանը, իսկ մինչ այդ սպասվում են ծրագրերի եւ աշխատակազմի համատարած կրճատումներ:
Նույն ճակատագրին են արժանանում այլ միջազգային "բարեգործական" հիմնարկությունները, որտեղ արդեն անցյալ տարվանից սկսվել եւ շարունակվում են աշխատակազմի լայնածավալ կրճատումներ, որոնց հետեւանքով արդեն կրճատվել է աշխատակազմի 2/3-ը:
Դուրս մնացած եւ ծրագրերում ներգրավված բազմաթիվ հայ երիտասարդները դա կապում են Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու հետ, սակայն իրական պատճառը` Հայաստանում ԱՄՆ-ի փողերի անօգուտ վատնումն էր, իսկ վերջին ներքաղաքական զարգացումներից հետո Հայաստանում նարնջագույն հեղափոխություն իրականացնելու վերջին հույսերը ԱՄՆ-ի մոտ, հավանաբար, մարեցին:
Մյուս կողմից, Բարաք Օբամայի ապրիլի 24-ի խուսափողական ելույթից հետո, առավել եւս Պուտինի եւ Օլանդի ակտիվ մասնակցության ֆոնի վրա, ԱՄՆ-ի հեղինակությունը Հայաստանում կտրուկ անկում է ապրել:
Զ. ՍԱՐԳՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
