ԻՆՉ ՍՊԱՍԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԵՎ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ
Արխիվ 12-16ՆՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ
Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Կլինի՞ սա հերթական բան չտվող հանդիպումը, թե հաշվի առնելով, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ղարաբաղյան հիմնախնդրին անդրադարձավ ե՛ւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստան կատարած այցելության ժամանակ, ե՛ւ դրանից անմիջապես հետո նաեւ Բաքու այցելելով: Ասենք` ՌԴ-ից էլ վերջին ժամանակներս նման հաղորդագրություններ հնչում են:
Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆՆ այս իրավիճակի հետ կապված այն կարծիքին է, որ միջազգային խոշոր խաղացողները որոշակի ներդրում եւ դեր ունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, սակայն առայժմ չեն ցանկանում, որ այդ խնդիրը ստանա իր վերջնական լուծումը, մանավանդª արդարացի լուծում: Այդ պատճառով էլ փարիզյան հանդիպումից պետք չէ մեծ ակնկալիքներ ունենալ. "Իմ կարծիքով` միջազգային խոշոր խաղացողները` այդ թվում Ֆրանսիան եւ Ռուսաստանը, սեփական շահերից ելնելով` շահագրգռված են, որ ստատուս-քվոն պահպանվի, որպեսզի լծակ ունենան կողմերից յուրաքանչյուրի վրա` Հայաստանի, Ադրբեջանի եւ ընդհանրապեսª Հարավային Կովկասի: Այս պարագայում ղարաբաղյան հարցի վերջնական լուծումը չի բխում խոշոր խաղացողների խորքային ռազմավարական շահերից: Իհարկե, պետք է խոստովանել, որ վերջին շրջանում Մինսկի խմբի համանախագահողներն անհանգստացած են Ադրբեջանի կողմի ագրեսիվ քաղաքականության պատճառով: Ուստիեւª միջազգային հանրությունը եւ համանախագահող երկրները փորձում են Ադրբեջանին հասկացնել, որ իր գործողություններով փաստորեն ապակայունացնում է ընդհանուր վիճակը: Հետեւաբարª այս հանդիպումն առաջին հերթին միտված է իրավիճակը հնարավորինս սառը պահելուն, ինչի համար միջազգային հանրությունը կփորձի ադրբեջանական կողմին սաստել: Թե՛ Ֆրանսիան, թե՛ Ռուսաստանն այս խնդրում փորձում են պահպանել բալանսավորումը: Միջազգային հանրությունն ի դեմս Մինսկի խմբի համանախագահողների եւ Հայաստանի` գնում է խաղաղ բանակցություննների, իսկ Ադրբեջանը ստիպված է ճնշումների ներքո առայժմ որոշ չափով զսպել ագրեսիվությունը":
Քաղաքագետ ԴԵՐԵՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ փաստեց, որ այս հանդիպմամբ ղարաբաղյան խնդրի կարգավորումը չի կարող տեղափոխվել նոր փուլ, քանի որ տարածաշրջանում լուրջ ուժերի վերադասավորություն չի եղել. "Նոր փուլ կարելի է արձանագրել այն ժամանակ, երբ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ տեղի ունենա լուրջ փոփոխություններ, օրինակª կողմերը համաձայնության գան եւ այլն: Շատ դեպքերում Արեւմուտքի համար Հարավային Կովկասը ոչ թե Հայաստանն է, Ադրբեջանը կամ Վրաստանը, այլ հենց Հարավային Կովկասն ամբողջությամբ: Երբ գերտերությունների ղեկավարներն այցելում են Հարավային Կովկաս, փորձում են այդ տարածքում պահպանել հավասարությունը, որպեսզի կողմերից որեւէ մեկը չնեղանա: Կարծում եմª Օլանդի այցելությունն Ադրբեջան հենց բալանսը պահելու հանգամանքով էր պայմանավորված: Համենայնդեպսª չեմ կարծում, որ Օլանդը հենց այն լիդերն է, ով կկարողանա բեկում ապահովել ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում: Դա բացառապես կարող է լինել Արեւմուտքի եւ Ռուսաստանի փոխհամաձայնեցված քայլերի դեպքում":
Բայց արդյոք Վ. Պուտինի ու Ֆ. Օլանդի միաժամանակյա այցը Հայաստան չէ՞ հուշում, որ այդª Արեւմուտքի եւ Ռուսաստանի կամ գոնեª Եվրոպայի ու Ռուսաստանի փոխհամաձայնեցված քայլերը կարող են եւ լինել: Փորձագետ, վերլուծաբան ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆԸ հեռու չէր այդ տեսակետից. "Կարծում եմ, որ հերթական հանդիպումը փորձ էª ակտիվացնելու հակամարտության կարգավորմանն ուղղված գործընթացը: Այս հանդիպումը պատահականություն չէ, քանի որ Ֆ. Օլանդի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման ընթացքում շոշափվեց ղարաբաղյան հիմնահարցը: Հարցը շոշափվեց նաեւ Ֆ. Օլանդի եւ Վ.Պուտինի հանդիպման ժամանակ...":
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
