ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՈ՞ՒՍՏ ՈՒՆԻ
Արխիվ 12-16ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՈ՞ՒՍՏ ՈՒՆԻ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, դրա հետեւանքների ու Հայոց պահանջատիրության մասին երեկ «Իրավունքը» փորձեց զրուցել ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ: Բայց, արի ու տես, որ վերջինս «վատ» հիշողության արդյունքում այդպես էլ տեղը չբերեց նման լրատվամիջոց: Սակայն, չանցած մի քանի րոպե, վերջինիս հիշողությունն իսկույն «տեղն ընկավ», երբ մտնելով ԱԺ նիստերի դահլիճ` նախեւառաջ լրագրողների համար նախատեսված օթյակում վախվորած փնտրում էր «Իրավունքին»: Պատճառը պարզ է ու զավեշտալի, «գրոսմայստեր» պատգամավորը, ինչպես միշտ, անցավ նիստերի դահլիճում համակարգչային շախմատ գլորելու հին սովորությանը` ահը սրտում, որ կրկին չհայտնվի «Իրավունքի» տեսախցիկի առաջ: Ավաղ, այս անգամ էլ ընկեր Վարդանյանին չհաջողվեց թաքուն խաղալ, ու կրկին իր հերթական շախմատային ֆոտոշարքն ապահովվեց: Ի վերջո, հետաքրքիր է, թե վաղը-մյուս օրը խորհրդարանական հաջորդ ընտրությունների ժամանակ, պարոն Վարդանյանը ինչպե՞ս է համոզելու ընտրողներին, որ ինքն Ազգային ժողովում ազգային խնդիրներով էր զբաղված եւ ոչ թե շախմատով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
