"ԵՌՅԱԿ" ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ, ԲԱՅՑ ԴՐԱ ՄԱՍԻՆ ԲՀԿ-Ն ՉԷ, ՈՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է"
Արխիվ 12-16"ԵՌՅԱԿ" ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ, ԲԱՅՑ
ԴՐԱ ՄԱՍԻՆ ԲՀԿ-Ն ՉԷ, ՈՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է"
ԲՀԿ առաջնորդ, ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին թե՛ հասարակության, թե՛ քաղաքական ուժերի միասնականության շնորհիվ ձեռքբերումներ ունեցանք: "Իրավունքը" ԲՀԿ առաջնորդից պարզեց` արդյո՞ք այդ ձեռքբերումները (Հռոմի պապի մատուցած պատարագը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, Եվրախորհրդարանի բանաձեւը) կլինեին, եթե "եռյակին"` ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին, "Ժառանգությանը", հաջողվեր իրականացնել փետրվարի 20-ի հանրահավաքը, որը գուցե արյունահեղության հանգեցներ եւ մեր երկրում առաջացներ քաոս:
"Գիտե՞ք, ես այդ երկու հարցերի միջեւ կապ չեմ գտնում: "Եռյակի" գործողություններում եւս Հայոց ցեղասպանության եւ ԼՂ խնդրում տարվող քաղաքականության հետ որեւէ տարակարծություն չի եղել: Ավելին` "Եռյակի" ներսի քաղաքական ուժերի միջեւ կային որոշակի տարակարծություններ, թե արդյո՞ք պետք է լինի Հայոց ցեղասպանությունը արտաքին քաղաքական օրակարգում, թե` ոչ: Իսկ ԲՀԿ-ն այն տեսակետին է, որ Հայոց ցեղասպանության հարցը պետք է լինի մեր արտաքին քաղաքական օրակարգում",- պատասխանեց ԲՀԿ առաջնորդը:
Հստակեցրինք` "եռյակն" իր նպատակները ցանկանում էր իրականացնել այն ժամանակ, երբ ազգովին պատրաստվում էինք Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Եվ եթե "եռյակին" հաջողվեր կյանքի կոչել իր նպատակները, ժողովրդական լեզվով ասած` ամեն ինչ հարամվելու էր: "Գիտեք, ես նորից եմ կրկնում` կապ չեմ տեսնում այդ 2 հարցերի միջեւ, քանի որ ապրիլի 24-ի հետ կապված եւ հենց ապրիլի 24-ին որեւէ զանգվածային միջոցառում չէր լինելու: Մեր միջոցառումը լինելու էր փետրվարի 20-ին",- ասաց քաղաքական գործիչը:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով` ի տարբերություն ընդդիմություն հռչակված քաղաքական այն ուժերի, որոնք ասում են` այն, ինչ ասում է իշխանությունը, պետք է մերժել, ԲՀԿ-ն առաջնորդվում է բացարձակապես սթափ մտածողությամբ. "Օրինակ, եթե Սերժ Սարգսյանն ասում է` մեզ մտահոգում է այն, որ մեր ռազմավարական դաշնակիցը զենք է վաճառում հարեւան Ադրբեջանին, մենք ասում ենք, որ համամիտ ենք հնչեցված մտահոգությանը":
– Տիկին Զոհրաբյան, "եռյակ" այսօր գոյություն ունի՞:
– "Եռյակ" գոյություն չունի, բայց այդ մասին ԲՀԿ-ն չէ, որ հայտարարել է: ԲՀԿ-ն չէ, որ հայտարարել է, թե մասսայական միջոցառումներ չեն լինելու: Կարծում եմ` "եռյակի" մեր գործընկերների հետ կխոսենք, կքննարկենք տարբեր հարցեր: Մեկ հստակ բան ասեմ` եթե համաձայնություն կա ինչ-որ խնդրում` խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժի հետ, չկա որեւէ խնդիր ԲՀԿ-ի համար, որ չփորձի գտնել համագործակցության եզրեր:
– ՀԱԿ-ի ու "Ժառանգության" հետ համագործակցության ի՞նչ ձեւաչափով է աշխատում ԲՀԿ-ն:
– Համագործակցություն կա: Օրինակ` ընտրական օրենսգրքի շուրջ ունենք համագործակցություն: Ընտրական օրենսգրքի միասնական նախագիծ ենք ուղարկել Վենետիկյան հանձնաժողով եւ սպասում ենք պատասխանի:
– Իշխանափոխության հարց կա՞ ԲՀԿ-ի օրակարգում:
– ԲՀԿ-ն առաջիկայում իր մարտավարությունը կներկայացնի հանրությանը: Մեկ բան հստակ է` երկրի առջեւ ծառացած խնդիրները չեն լուծվել: Թե այդ խնդիրները ինչ կերպ կլուծվեն, մենք առաջիկայում կներկայացնենք:
– ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակությունը նոր է վերադարձել Ստրասբուրգից, եւ այսօր պատվիրակության 3 անդամ ասուլիսում ամփոփեց պատվիրակության գործունեությունը: Դուք, սակայն, լինելով պատվիրակության անդամ, ներկա չէիք ասուլիսին:
– Եթե նկատել եք, 2012-ից սկսած` ԵԽԽՎ-ի որեւէ ասուլիսին չենք մասնակցում: Զուտ տեխնիկական է չմասնակցության պատճառը, քանի որ Ստրասբուրգում գտնվելիս` մենք գրեթե ամեն օր կապի մեջ ենք լրատվամիջոցների հետ եւ տրամադրում ենք համապարփակ տեղեկատվություն:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
