ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ԿՆՇՎԻ «ԱԶԳԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» ՓԱՌԱՏՈՆՈՎ
Արխիվ 12-16ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ԿՆՇՎԻ
«ԱԶԳԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» ՓԱՌԱՏՈՆՈՎ
Վաղը կնշվի պարի միջազգային օրը, արդեն երկրորդ տարին է Հայաստանում օրը նշվում է «Ազգերի բարեկամություն» պարային փառատոնով, որի շրջանակներում Հայաստան են ժամանում տարբեր երկրների պարային համույթներ, որոնք հանդես են գալիս հայկական անվանի պարային խմբերի հետ: Այդ առթիվ այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում հյուրընկալվել էին «Միլեն շոու փրոդաքշնի» հիմնադիր-տնօրեն ԱՐԹՈՒՐ ԵՂՈՅԱՆԸ եւ Հնդկաստանից ժամանած «Հնդկական գույներ» պարային խմբի գեղարվեստական ղեկավար ՍՐԻՆԻՎԱՍԱՆ ԳԱՆԵՍԱՆԸ: Ա. Եղոյանը կարեւորելով տոնն ու կայանալիք փառատոնը` ասաց, որ ամեն ինչ արել են` մասնագիտական օրը տոն դարձնելու համար ու շեշտեց, որ փառատոնի նպատակը ոչ միայն Հայաստանում Պարի միջազգային օրը ավելի ճանաչելի դարձնելն է, այլեւ.
«Հայաստանը փորձենք աշխարհին ներկայացնել նաեւ պարային փառատոների շնորհիվ»: Ա. Եղոյանը նաեւ տեղեկացրեց, որ Հայաստան ժամանած պարային խմբերը փառատոնին կներկայանան իրենց երկրների ազգային ու ժամանակակից պարերով, իսկ հայաստանյան պարային խմբերից մի քանիսը կներկայացնեն տարբեր ազգերի պարեր. «Ուրիշ ազգեր շատ դժվարությամբ են կարողանում հայկական պարաոճի ինչ-որ բան սովորել: Իսկ հայերը չինական պարից սկսած մինչեւ հնդկացիների պարերը կարող են շատ հանգիստ սովորել եւ պարել: Չեմ ճանաչում մի ռուսի, հույնի, ուկրաինացու կամ վրացու, որ կարողանա հայ աղջկա գեղեցիկ նազ պարել, կամ էլ` բարկացած քոչարի: Եղել են դեպքեր` հյուրախաղերի խնջույքների ժամանակ, բայց բեմադրված, չի հանդիպել: Իսկ մենք բազմաթիվ օրինակներ կարող ենք բերել` թե՛ պետական պարային կոլեկտիվների, թե՛ ինքնագործ պարային խմբերի կատարմամբ»:
«ՈՐՔԱՆ ԷԼ ԲԱՐԴ ԼԻՆԻ, ԻՆՁ ԴՈՒՐ ԵՆ ԳԱԼԻՍ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԵՐԸ»
Հնդկաստանից փառատոնի համար Հայաստան ժամանած «Հնդկական գույներ» պարային խմբի գեղարվեստական ղեկավար ՍՐԻՆԻՎԱՍԱՆ ԳԱՆԵՍԱՆԸ, ով լրագրողների հետ հանդիպմանը բավականին վարժ խոսում էր հայերեն, ասաց, որ փառատոնի մասին տեղեկացել է համացանցի միջոցով եւ ուրախ է, որ իր ղեկավարած պարային խմբով պիտի մասնակից լինեն փառատոնին: Գանեսանը նաեւ անդրադարձավ հայկական պարին, ասաց, որ հնդկական պարն իր համար շատ հեշտ է, բայց սեփական փորձից համոզվել է, որ հայկական պարը շատ բարդ է. «Որքան էլ բարդ լինի, ինձ դուր են գալիս հայկական պարերը, եւ փորձում եմ հայկական պարել սովորել»: Ա. Եղոյանն էլ հավելեց. «Կօգնենք մի հայկական պար բեմադրել Գանեսանի համար, որպեսզի պարեն իր ղեկավարած խմբով»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հ. Գ. Առավել մանրամասն կարդացե՛ք վաղվա տպագիր «Իրավունքում».
