ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ... ԽՈՍԵԼ
Արխիվ 12-16ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ... ԽՈՍԵԼ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի "Սպարտակի" հարձակվող Յուրա Մովսիսյանը ՈՒԵՖԱ-ի կայքի հետ հարցազրույցում նշել է, որ մոսկովյան թիմն այս պահին չունի այնպիսի կազմ, որը կհավակնի չեմպիոնության:"Սպարտակը" հարուստ պատմությունով եւ անունով թիմ է, որը միշտ պայքարում է չեմպիոնի կոչման համար, եւ հենց այդպես էլ պետք է լիներ: Բայց չեմպիոն դառնալու խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան թիմ, ամեն դիրքում առնվազն երկու բարձրակարգ ֆուտբոլիստ պետք է լինի: Մրցաշրջանը երկար է, եւ ամեն ինչ կարող է պատահել, օրինակ` վնասվածք, իսկ փոխարինումը պետք է լինի համարժեք: Կարծում եմª հիմա մենք չենք կարողանա պայքարել ոսկե մեդալների համար, բայց հույս ունեմ, որ մոտ ապագայում կանենք դա",- նշել է Մովսիսյանը:
Ինչպես երեւում է` հայ ֆուտբոլիստին անհանգստացնող խնդիրներն այսքանով չեն ավարտվում, Մովսիսյանը անդրադարձել է նաեւ "Սպարտակի" նախկին գլխավոր մարզչինª Վալերի Կարպինին, նշելով, որ վերջինիս գլխավորությամբ մոսկովյան ակումբն ավելի վառ ֆուտբոլ էր ցուցադրում. "Կարպինի ժամանակ մեր խաղն ավելի դիտարժան էր: Այն ժամանակ խաղում էինք ավելի կոմբինացիոն, գեղեցիկ ֆուտբոլ: Կարպինը սպարտակցի է, եւ թիմը ցուցադրում էր սպարտակյան ֆուտբոլ: Յակինը փոխեց խաղաոճը. մարզիչը եվրոպացի է, ոճն էլ եվրոպական է, յուրաքանչյուր մասնագետ ունի իր ձեռագիրը: Կարպինի ժամանակ այլ խաղ էր: Նոր ստադիոնում արդեն զգացվում է սպարտակյան ոգին: Սա մեր տունն է, մեր խաղադաշտն է, այստեղ շատ են լինում մեր երկրպագուները, որոնք հանդիպումների ժամանակ անդադար աջակցում են",- Յուրա Մովսիսյանի խոսքն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի կայքը:
Բայց ինչպես երեւում էª "Սպարտակի" ղեկավարությանն ամենեւին էլ դուր չի եկել հայ ֆուտբոլիստի այդչափ անկեղծությունը, ինչի արդյունքում Մովսիսյանին արգելվել է շփվել լրատվամիջոցների հետ: Այս մասին պարզ դարձավ, երբ Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրիª Կազանի "Ռուբինի" նկատմամբ տոնած հաղթանակից հետո Մովսիսյանը հրաժարվեց զրուցել լրագրողների հետ. "Ես չեմ կարող խոսել: Հարցրեք "Սպարտակին", թե ինչու չեմ կարող պատասխանել հարցերի",- Յուրա Մովսիսյանի խոսքն է փոխանցում "Սպորտ Էքսպրեսը":
Փաստորեն այս տեսակ սահմանափակումները միայն հայկական ֆուտբոլում չէ, որ գործում են: Ենթադրելի է, որ մոսկովյան ակումբի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը կարող է ավելի հաճախ Մովսիսյանին ցույց տալ պահեստայինների նստարանը, եթե հատկապես հաշվի առնենք, որ վերջին շրջանում Մովսիսյանի պայքարը առաջին հերթին հենց մեկնարկում տեղ գտնելու համար էր: Դժվար է պատկերացնել, որ Մովսիսյանին այդ տարբերակը կարող է բավարարել, իսկ նրա նոր պայմանագիրը թիմից հեռանալու հեռանկարները անհավանական է դարձնում:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
