«ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏՎԵՑ ԻՐ ԴՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ»
Արխիվ 12-16«ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏՎԵՑ ԻՐ ԴՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ»
Ավարտվեց «ազգային միասնության եռամսյակը», երբ բոլոր խնդիրները մղվելով հետին պլան` ողջ հայությունը նշում էր Ցեղասպանության 100-րդ տարելիցը ու հայտարարում. «Հիշում ենք ու պահանջում»: Հիմա ժամանակն է այս ամենը վերլուծելու ու մշակելու ապրիլի 24-ին հաջորդող պահանջատիրական քայլերը: Հենց այս ամենի շուրջ էլ «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ:
«ԹԵՐԵՎՍ ԱՐՎԵՑ ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԷՐ
ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԵԼ»
–Պարոն Նիկոյան, կարելի է ասել, որ պատվով նշեցինք Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցը: Ըստ Ձեզ` ո՞րն է լինելու մեր հաջորդ քայլը:
– Նախ` շատ դրական եմ գնահատում, որ ե՛ւ լրատվական, ե՛ւ քաղաքական դաշտում ու հանրության լայն շերտերի մոտ կա դրական գնահատական այս վերջին ամիսների, մասնավորապես վերջին օրերի կազմակերպչական, քարոզչական այն լայնածավալ աշխատանքների ուղղությամբ, որը կատարեց մեր իշխանությունը եւ մեր ժողովուրդը: Այս հարցի շուրջ միասնական էինք, եւ այդ միասնականությունը տվեց իր դրական արդյունքները: Այսօր գրեթե քննադատական խոսք չկա, որովհետեւ յուրաքանչյուր մարդ գիտակցում է, որ թերեւս արվեց այն, ինչ կարող էր մեր պետությունն անել, եւ դա բոլորիս գոհացնում է: Գիտեք, սպասելի էր, որ ապրիլի 24-ին հաջորդելու է այդ հարցը` ի՞նչ պետք է անել հետո: Դրա համար սկզբից եւեթ ասում էինք, որ ապրիլի 24-ով ոչինչ չի ավարտվում, այն ուղղակի լինելու է 100-ամյա իրադարձությունների խտացված պատկերը, որը եւս մեկ անգամ պետք է ներկայացնենք միջազգային հանրությանը, եւ դա ստացվեց: Հստակ ձեւակերպել, թե ինչ ենք անելու վաղը եւ ինչ մակարդակի, ինչ խորությամբ եւ ծավալով, կարծում եմ, այս պահին դեռեւս վաղ է խոսել, որովհետեւ դեռ խնդիր ունենք վերլուծելու այն, ինչ կատարվեց այս վերջին ամիսներին ու օրերին: Այնպես որ, այդ հարցին պետք է շարունակաբար, միասնական հետամուտ լինենք, որպեսզի առաջընթաց գրանցենք: Իսկ մնացածը, թե ինչպիսի ձեւակերպումներ կլինեն, ինչպիսի հարցադրումներ կլինեն, դա արդեն կախված է տարածաշրջանային եւ ընդհանրապես աշխարհում ընթացող քաղաքական գործընթացներից:
– ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեռեւս իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց այս տարի էլ լռեց այդ մասին: Այլեւս պե՞տք է սպասել ԱՄՆ որեւէ նախագահից «Հայոց ցեղասպանություն» տերմինի օգտագործում:
– Շատ երկրներ իրենց դիրքորոշումը կապում են ազգային շահերի հետ: Բազմաթիվ անգամ ԱՄՆ յուրաքանչյուր նախագահ իր նախընտրական խոստումում` որպես անհատ, որպես քաղաքացի, որպես թեկնածու հստակ ասել է, որ տեղի ունեցածը ցեղասպանություն է: Մինչդեռ նախագահ դառնալուց հետո դա կոչել է «Մեծ եղեռն»: Մինչ նախագահ դառնալը նրանք առաջնորդվում են իրենց համոզմունքով, իրենց քաղաքացիական գիտակցությամբ եւ համամարդկային արժեքներով, իսկ դառնալով նախագահ` մտածում են արդեն ազգային, պետական շահերով: ԱՄՆ արտաքին հարաբերության հանձնաժողովում մի քանի անգամ այդ հարցը քվեարկվել է, հետագայում, իհարկե, զարգացում չի ապրել, եւ գիտե՞ք ինչ են ասել. «Այո՛, դուք ճիշտ եք ասում, մենք համաձայն ենք, որ դա այդպես է, բայց մենք կվնասենք, ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական հարաբերությունները»: Այսինքն` նրանք էլ են ճանաչում Ցեղասպանությունը, ուղղակի, խնդիրն այն է, թե երբ նրանք կդադարեն առաջնորդվել զուտ իրենց ազգային շահերով եւ կփորձեն մտածել համամարդկային արժեքների մասին: Դա բարդ եւ տարողունակ գործընթաց է, որի միջով մենք բոլորս պետք է անցնենք:
– Թուրքիային հաջողվեց իրականացնել Գալիպոլիի ճակատամարտի միջոցառումները` Ադրբեջանի նախագահի, արքայազն Չարլզի եւ մի քանի այլ նախագահների մասնակցությամբ: Որքանո՞վ այս հնարովի միջոցառումը այս կամ այն կերպ կարողացավ գործել ընդդեմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի:
– Չեմ էլ ուզում գնահատական տալ, որովհետեւ որեւիցե հայ, երբ նշում էր 100-րդ տարելիցը, մրցակցության մեջ չի եղել Թուրքիայի հետ: Դրանք լրիվ տարբեր հարթություններ են: Նրանք նշում էին իրենց ինչ-որ ռազմական հաջողությունը եւ հրավիրել էին այն երկրներին, որոնց հաղթել են: Բայց դա այդ երկրների գործն է, թե ինչպես են հարգում իրենց տասնյակ հազարավոր զոհերի հիշատակը: Մերը լրիվ ուրիշ հարց է, որովհետեւ անկախ նրանից, թե Թուրքիան կնշեր Գալիպոլիի ճակատամարտը, թե չէր նշի, չկա մեկ հայ, որը մտածում էր, որ մենք Ցեղասպանության տարելիցը չենք նշի: Այսինքն` անկախ այն բանից, թե իրենք ինչ էին անելու, մենք անելու էինք այն, ինչ արեցինք: Միգուցե Թուրքիային թվում է, թե իրենց մոտ ինչ-որ բան ստացվեց, բայց ամբողջ աշխարհի առաջ այն երեւաց իրական պատկերով: Եվ Թուրքիայի այդ մոտեցումը թերեւս բերեց համաշխարհային մակարդակով արձագանքների: Իրենց այդ տգետ եւ տգեղ արարքը զայրացրեց նաեւ առաջադեմ հասարակությանը: Ընդհանուր առմամբ, պետք է նշեմ, որ վերջերս Թուրքիան իր ղեկավարներով ու իրենց արտահայտություններով, կարծես, իրենց դեմ են գրգռում ամբողջ աշխարհին:
«ԱՐՑԱԽԸ ԵՎՍ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀ Է»
–Այս շրջանում Հայաստանը հայտնվեց աշխարհի ուշադրության կենտրոնում. մի շարք միջազգային կառույցներից բարձրաձայնվեց Հայոց ցեղասպանության դատապարտման մասին հայտարարություններ, մեր կողքին էին նախեւառաջ ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահները: Այս համատեքստում հնարավո՞ր է ակտիվանա նաեւ Արցախյան խնդրի լուծման հարցը միջազգային հարթակներում:
– Ընդհանուր առմամբ, ուզենք, թե չուզենք, դա հայ դատն է` հայի կորուսյալ իրավունքների վերականգնման խնդիրը: Վերջիվերջո, Արցախյան հարցն առաջացել է այն պատճառով, որ Ցեղասպանությունից հետո Հայաստանը գտնվում էր բավականին թույլ, տկար վիճակում. չէր կարող հզոր պետականություն կազմել, չէր կարող իր վերքերը բուժել, չէր կարող հիվանդության եւ սովի դեմ պայքարել: Եվ, բնականաբար, այդպիսի թույլ իրավիճակում, դեռեւս ողնաշարը չուղղած, Արցախի եւ Նախիջեւանի հարցը բարձրացավ: Այսինքն` ըստ էության, Արցախը եւ Նախիջեւանը, ինչպես նաեւ Հայաստանի մնացած բոլոր տարածքների կորուստը Ցեղասպանության ուղղակի արդյունքն են: Եթե այսօր ամբողջ աշխարհն ընդունում է տեղի ունեցածը կամ փորձում է գնալ այդ ճանապարհով, նշանակում է նաեւ ընկալումը կա Արցախյան հարցի: Այս առումով շատ շատերի մոտ կա այն պատկերացումը, որ, վերջիվերջո, Արցախը եւս Ցեղասպանության զոհ է:
– Վերջին օրերին, ներքաղաքական մի շարք հարցեր հետ էին մղվել ու կարծես, ազգովի մի բռունցք էինք դարձել: Արդյո՞ք այս պատմական իրադարձություններից հետո կշարունակվի միասնության բռունցքը, թե՞ նոր քաղաքական խմորումներ, այնուամենայնիվ, սպասելի են:
– Չեմ կարծում, որ երկար այդ միասնության բռունցքը կկարողանա գործել, որովհետեւ քաղաքական կյանքը` լինի արտաքին, թե` ներքին, ունի իր զարգացման տրամաբանությունը: Եթե վերջին ամիսներին մենք ամողջությամբ արտաքին քաղաքականության դաշտում էինք եւ միասնական էինք, դա երկար չի կարող շարունակվել: Վերջիվերջո, մենք ստիպված կլինենք վերադառնալ մեր ամենօրյա խնդիրներին, եւ դա կամաց-կամաց տեղի կունենա: Ի վերջո, ունենք բազմաթիվ խնդիրներ, եւ պետությունը, իշխանությունը անդրադառնալու է դրան, հասարակությունն էլ ունի իր պահանջները, որոնք շարունակելու է բարձրացնել: Իսկ ընդդիմությունը, բնականաբար, կփոխի իր «լեքսիկոնը» եւ այս բարյացակամ տոնից կանցնի այն նախկին տոնին, ինչը ուներ: Սա ներքաղաքական գործընթաց է, որն ունի իր օրինաչափությունը, եւ բացառություններ չեն կարող լինել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
