ԶԱՐՄԱՆՔ
Արխիվ 12-16
Ապրիլի 24-ին նախորդող ժամանակաշրջանում գործնականում բոլոր քաղաքական ուժերը եւ գործիչները իրենց լավ դրսեւորեցին: Նույնիսկ, զարմանալիորեն, այդպես կարելի է ասել ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ մասին, ինչը, ի դեպ, արձանագրել է եւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. "Ամեն ինչ այնքան դրական ընթացք ունեցավ, այնքան անթերի էր կազմակերպվել, որ նույնիսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը չդիմացավ. ԱԺ ամբիոնից այդ մասին անկեղծացավ, ու պետական միջոցառումները` իրենց կազմակերպվածության ու բովանդակության առումով, համարեց հաջողված: Ես շատ կուզենամ, որ մեր միասնականությունը ոչ միայն ապրիլի 24-ին, մայիսի 8-ին ու 9-ին, սեպտեմբերի 21-ին դրսեւորվի, այլեւ ամեն օր: Լինել տարբեր կուսակցությունների անդամներ, ունենալ տարբեր գաղափարներ` ամենեւին չի նշանակում լինել թշնամիներ, ես այդ թշնամությանն եմ դեմ": Ավելին, ՀԱԿ խմբակցության ղեկավարը Ստրասբուրգում էլ իրեն լավ դրսեւորեց` հենց նրա առաջարկությամբ ԵԽԽՎ բոլոր պատվիրակները, այդ թվում թուրքերը եւ ադրբեջանցիները ոտքի կանգնելով` հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Ընդդիմությունը գործնականում անհետացել է ասպարեզից, եւ քաղաքական կյանքը մի տեսակ անհետաքրքիր է դարձել: Սակայն դրական առումով մեզ զարմացրեց "Ալյանս" անունով կուսակցություն ստեղծած ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ` երեկ կատարելով կուսակցության կենտրոնական գրասենյակի բացումը Նալբանդյան 116 հասցեում: Թեեւ հիմնադիր համագումարը մայիսի 16-ին է տեղի ունենալու, սակայն Ուրիխանյանը մեզ ուրախացրեց, կամ ինչպես կասեր ընկեր Փանջունին "ուրիխացրեց" իր օպերատիվությամբ եւ երկաթը տաք-տաք ծեծելու հակումով: Հուսանք, որ նորաստեղծ ընդդիմադիր կուսակցությունը կաշխուժացնի ընդդիմադիր դաշտը: Թե չէ հները արդեն լրիվ դախացել են:
Մեզ կրկին զարմացրեց ԷՐԴՈՂԱՆԸ` առավել քան բարձրաձայն արտահայտելով իր դժգոհությունը Պուտինի երեւանյան այցի կապակցությամբ: "Առաջին անգամը չէ, որ Ռուսաստանն այդ հարցի շուրջ ցեղասպանություն բառն է օգտագործում: Չափազանց վշտացած եմ, որ Պուտինը դիմեց այդ քայլին: Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում եւ Ղրիմում, անհերքելի է: Ցեղասպանություն բառն օգտագործելուց առաջ նրանք պետք է նախ պարզաբանեն, թե ինչ է տեղի ունենում այնտեղ",- Էրդողանի հայտարարությունն է մեջբերում Reuters գործակալությունը: Դե, զարմանալի անզգուշություն էր Էրդողանի կողմից Ղրիմի անունը տալը, ախր, մի՞թե նա չի տեսել, որ այդպիսի բաների համար ռուսները պատժելու սովորություն ունեն: Այնպես որ, սպասենք ռուսական արջի թաթալոշին:
Իսկ ինչ վերաբերում է հայ-թուրքական տեղեկատվական հակամարտությանը, ապա տեղեկատվական անվտանգության փորձագետ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ հանրությանը պատմեց մի զվարճալի բան: Թուրքական եւ ադրբեջանական հակերները, մի խոշոր միասնական ակցիա են անցկացրել, որի ընթացքում մոտ 250 կայք են կոտրել եւ գրել, որ հայերը ստում են. "Սակայն այդ կայքերը հայկական չէին, եւ չեմ կարծում, որ նման հարձակումները կարող են վնասել Հայկական հարցին: Պատկերացրեք, ասենք, մի ֆրանսիացու, որը մի օր արթնանում է եւ տեսնում, որ թուրքերը իր կայքը կոտրել ու գրել են, որ հայերը ստում են: Չեմ կարծում, որ այդ մարդը կսկսի հետաքրքրվել, թե այդ ինչի մասին են հայերը սուտ ասում: Նրան ոչ թե կհետաքրքրի, այլ կզայրացնի այն փաստը, որ թուրքերը կոտրել են իր կայքը": Պատկերացնո՞ւմ եք` հայկական կայքերի վրա ուժները չի պատել, ու սրանք, զարմանալիորեն, հարձակվել են խեղճ ֆրանսիացիների վրա: Իսկ մերոնք, ընդհակառակը, ահագին թուրքական կայքեր են կոտրել:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
