"ԱՅԼԵՎՍ ՊԵՏՔ Է ԱՄՆ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԻՑ ՍՊԱՍՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱՆՔ"
Արխիվ 12-16"ԱՅԼԵՎՍ ՊԵՏՔ Է ԱՄՆ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԻՑ ՍՊԱՍՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱՆՔ"
"Օրինաց երկիր" կուսակցության անդամները նույնպես բարձրացան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով 1,5 միլիոն Սուրբ նահատակներին: Սակայն, ՕԵԿ-ականների շարքերում չկար կուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ: Այս եւ Ցեղասպանության 100-րդ տարելիցին տեղի ունեցած առանցքային իրադարձությունների մասին "Իրավունքը" հենց հուշահամալիրի մոտ զրուցեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ, ով նախեւառաջ պարզաբանեց.
–Արթուր Բաղդասարյանն այստեղ էր: Քիչ առաջ ներկա էին Ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական արարողությանը: Հիմա էլ մեզ հետ էր, ուղղակի, մի քիչ ավելի ուշ մոտեցավ:
– Պարոն Մարգարյան, 100-րդ տարելիցի թերեւս կարեւոր հաղթանակներից էր այն, որ Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Ցեղասպանությունը: Ի՞նչ կասեք այս մասին:
– Ի պատիվ գերմանացիների` պետք է նշեմ, որ Հոլոքոստը ճանաչելուց հետո, սա իրենց երկրորդ կարեւոր քայլն էր: Կասկածից վեր էր, որ նրանք կգնային այս քայլին, որովհետեւ իրենք կամք եւ վճռականություն ցուցաբերեցին: Այո՛, ճշմարտությանը պետք է նայես աչքերդ բաց, եւ նրանք, լինելով բարոյական մարդիկ, կարողացան հաղթահարել այն ճշմարտության շեղվելու արգելքը, որ մինչ այս ունեին: Գիտեք, ես այսօր ցնցվել եմ Ֆրանսիայի նախագահ Օլանդի ելույթից. այնքան բնական էմոցիա կար այդ ելույթում: Կարծում եմ` գնալով պետք է շատանա Հայոց ցեղասպանությունը ճանաչողների թիվը:
– Ի տարբերություն Ֆրանսուա Օլանդի` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նորից նույն լղոզված տեքստը մատուցեց հանրությանը` կրկին "ցեղասպանություն" տերմինը չօգտագործելով:
– Կարծում եմ, որ այլեւս մենք պետք է ԱՄՆ նոր նախագահից սպասումներ ունենանք, որովհետեւ արդեն իսկ մեր ազգի "տառապանքը փորձ ունի": Այն սպասումները, որոնք կային ԱՄՆ նախագահից, չարդարացվեց, իսկ ԱՄՆ նախագահական ընտրությունները սարերի հետեւում չեն:
– Ըստ Ձեզ` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո ո՞րը պետք է լինի մեր հաջորդ քայլը:
– Ընդհանուր առմամբ, մենք պետք է առաջին հերթին մեր ուշադրությունը սեւեռենք, որպեսզի նախ ճանաչեն ցեղասպանությունը: Սա է առաջին հիմնաքարը, եւ դրանով այն բետոնե պատնեշը, որը կա, կճեղքվի: Իսկ մնացյալ հարցերը, որոնք ոչ քիչ կարեւոր են, կարծում եմ` պետք է զուգահեռաբար առաջ տանենք: Այլեւս անբեկանելի իրողություն է ցեղասպանությունը: Ամբողջ աշխարհը գնալով հասկանում է եւ քաջ գիտակցում է, որ ցեղասպանությունների դեմ պայքարի լավագույն միջոցը այս անբեկանելի իրողությունը ճանաչելն է: Եվ սա է ամենակարեւոր կանխարգելիչ միջոցը հանդիսանալու, որովհետեւ կարծում եմ` նաեւ տեղին է ասված, որ չպատժված յուրաքանչյուր հանցագործություն ծնում է նոր հանցագործություն: Այո՛, պե՛տք է պատժվեն, պե՛տք է ամբողջ աշխարհը դատապարտի: Ու մենք պետք է ազգովի, միասնական շարունակենք մեր պայքարը, առանց վարանելու, որպեսզի հասնենք արդարության հաղթանակի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
