ԹՈՒՐՔԱԳԵՏ. «ԹՈՒՐՔԻԱՆ ՓՈՐՁԵՑ ԿԾԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ, ԲԱՅՑ...»
Արխիվ 12-16ԹՈՒՐՔԱԳԵՏ. «ԹՈՒՐՔԻԱՆ ՓՈՐՁԵՑ ԿԾԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ, ԲԱՅՑ...»
Ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձավ 1915 թ-ի դեպքերին: Դրանից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ քննադատության ենթարկեց Վլադիմիր Պուտինին: Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանից «Իրավունքը» պարզեց` այս քննադատությունը որեւէ կերպ վատ կազդի ռուս-թուրքական հարաբերությունների վրա: «Թուրքիան երեք ճակատով էր քննադատում ՌԴ-ին. առաջին` քննադատում էր Պուտինի այցը, Պուտինի հայտարարությանը եւ Դումայի`Հայոց ցեղասպանությունը դատապարտող հերթական որոշումը: Թուրքիան ընդամենը փորձել է կծել ՌԴ-ին: Բայց չեմ կարծում, որ դա լուրջ ազդեցություն ունենա ռուս-թուրքական հարաբերությունների վրա»,- ասաց պրն Իսպիրյանը:
Ինչ վերաբերում է Գերմանիայի նախագահի կողմից «ցեղասպանություն» բառի օգտագործմանը եւ Գերմանիայից ինչ-որ ակնկալիքներ ունենալուն, թուրքագետի խոսքով`Գերմանիայի նախագահը Գերմանիայի կառավարությունը չէ, քանի որ Գերմանիան խորհրդարանական երկիր է: «Գերմանիայի կառավարությունը ապրիլի 30-ին Հայոց ցեղասպանության հարցը կքննարկի: 95 տոկոսով կա դրական տրամադրվածություն, եթե իհարկե վերջին պահին չհրաժարվեն Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունումից»,- եզրափակեց Անդրանիկ Իսպիրյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
