«ԵԹԵ ՀԱՆՐԱՔՎԵՈՎ «ԱՅՈ» ՉԱՍԵՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՄԱՆԸ, ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՇՎԻ ՉԱՌՆԵԼ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ»
Արխիվ 12-16«ԵԹԵ ՀԱՆՐԱՔՎԵՈՎ «ԱՅՈ» ՉԱՍԵՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՄԱՆԸ, ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՇՎԻ ՉԱՌՆԵԼ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ»
Մայիսի 17-ին մի քանի համայնքներում տեղի է ունենալու համայնքների խոշորացման վերաբերյալ տեղական հանրաքվեներ: «Իրավունքը» ՀՀԿ պատգամավոր, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արայիկ Հովհաննիսյանից պարզեց` արդյոք գյուղացիները պարզեց` ինչ են, ի վերջո, շահելու գյուղացիները համայքների խոշորացումից, քանի որ ոչ բոլոր համայնքների բնակիչներին է պարզ այս ծրագրի էությունը: «Բավական մեծ աշխատանք կատարվել է, բայց դեռ աշխատանք կա արվելու»,- ասաց հանձնաժողովի նախագահի տեղակալը:
Համայնքների խոշորացման ծրագրի էությունը համայնքների բնակիչներին բացատրելու համար պետք է իրազեկման աշխատանքներ տանել: Այդ նպատակով հանձնաժողովի անդամները հանդիպումներ են ունենալու համայնքների ներկայացուցիչների հետ: «Իմ կարծիքով համայնքների խոշորացումը չի կարող ինքնանպատակ լինել: Համայնքների խոշորացումը պետք է բերի ՏԻՄ համակարգի արդյունավետ գործունեության»,- կարծում է Արայիկ Հովհաննիսյանը:
Ինչ է շահելու գյուղացին համայնքների խոշորացումից` հարցի պատասխանը, ըստ մեր զրուցակցի, բավական տարողունակ է. «Որպեսզի գյուղացին հասկանա`ինչ է լինելու վաղը, պետք է բավական մանրամասն իրազեկման աշխատանքներ տանել, որպեսզի բնակիչը հասկանա `ինչպիսին է լինելու իր վաղվա օրը»:
Անդրադառնալով այն լուրերին, թե համայնքների խոշորացման ծրագիրը արվում է արտագաղթի ցավալի պատկերը ստվերելու նպատակով, պրն Հովհաննիսյանը չհամաձայնեց մեր հարցադրմանը. «Հանրաքվեն երեք տարբեր փնջերում է լինելու եւ փորձնական բնույթ է կրելու: Հանրաքվեի արդյունքները որոշիչ են լինելու: Բայց եթե անգամ հանրաքվեով բավարար քանակությամբ «այո» չլինի համայնքների խոշորացման համար, մեր սահմանադրության ու օրենսդրության համաձայն`կարող են հաշվի չառնել հանրաքվեի արդյունքները»:
Գյուղացիները, Արայիկ Հովհաննիսյանի խոսքով, համախմբվելով մեկ համայնքի մեջ, լայն հնարավորություն կունենան օգտագործելու իրենց ռեսուրսները:
Ինչ վերաբերում է ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանի այն պնդմանը, թե համայնքների խոշորացման ծրագիրն իրականացվում է հավանաբար ինչ-որ դրամաշնորհի դիմաց, դրամաշնորհ յուրացնելու խնդիր չկա:
Ի դեպ, համայնքների խոշորացման ծրագիրը Հայաստանում իրականացնելու համար հաշվի է առնվել միջազգային երկրների փորձը, որը ցույց է տալիս` համայնքների խոշորացման ծրագիրը բավական երկարատեւ ու բարդ գործընթաց է:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
