«ՇՈՂԱԿՆ» ՀԱՄՈՒՅԹԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Արխիվ 12-16«ՇՈՂԱԿՆ» ՀԱՄՈՒՅԹԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Մայիսի 22-ին աշխարհահռչակ «Շողակն» ժողովրդական համույթ մենահամերգով հանդես կգա Երեւանում:
«Շողակն» համույթի երգն ու երաժշտությունն ավանդական է, մաքուր, հարուստ, բազմագույն եւ զգացմունքային: Համերգը հայկական ժողովրդական երաժշտությունը նախընտրողների համար է: «Շողակն» համույթն այսօր աշխարհին է ներկայացնում Պատմական Հայաստանի տարբեր շրջանների հայ ավանդական երգն ու երաժշտությունը՝ իր առաքելությունը համարելով ժողովրդական արվեստի հանդեպ կոմիտասյան ավանդույթների պահպանման եւ սերունդներին փոխանցելու կարեւորագույն գործը:
«Շողակն» համույթը հիմնադրվել է 1995թ., Երեւանում: Համույթը կատարում է հայ ավանդական երաժշտություն՝ ներկայացնելով ժողովրդական երգը եւ նվագարանները` դուդուկ, զուռնա, դհոլ, քանոն, քամանչա, շվի, բլուլ, ուդ եւ դափ:
Համույթի երաժիշտներն են ՀՀ ժողովրդական արտիստներ` Գեւորգ Դաբաղյանը /դուդուկ, զուռնա/, Հասմիկ Հարությունյանը /վոկալ, ուդ/, Կարինե Հովհաննիսյանը /քանոն/, Լեւոն Թեւանյանը /շվի, թավ շվի, բլուլ/, Վարդան Բաղդասարյանը /քամանչա/, ինչպես նաև Ալեքսան Հարությունյանը /վոկալ, դափ/, Կամո Խաչատրյանը /դհոլ/ և Գրիգոր Թաքուշյանը /դուդուկ դամ/:
Համույթը մենահամերգներով հանդես է եկել ԱՊՀ երկրներում, Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում եւ ԱՄՆ-ում՝ կատարողական բարձր մակարդակով ներկայացնելով հայ ժողովրդական եւ գուսանական արվեստը:
2000թ.-ից «Շողակն» համույթն ակտիվ շրջագայում է համերգներով, հանդես գալով աշխարհի ամենահեղինակավոր դահլիճներում եւ փառատոններում, ինչպիսիք են «Սմիթսոնյան Մետաքսի ճանապարհ»/ԱՄՆ/, «Ռուդոլշտադտ» /Գերմանիա/, «Theatre de la Ville» /Փարիզ/: 2004 եւ 2008 թթ. Համույթը համերգային շրջագայություն է ունեցել ԱՄՆ-ում: Անսամբլի երաժիշտների բարձրարվեստ եւ ինքնատիպ կատարումներն ընդգրկվել են Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում: 2014թ. «Շողակն» համույթը նաև համերգներ է ունեցել Շվեյցարիայում եւ Պորտուգալիայում՝ Լիսաբոնի Գյուլբենկյան կենտրոնում:
«Շողակն» համույթը եւ մենակատարները ամերիկյան «Traditional Crossroads» եւ շվեյցարական «Face Music» ընկերությունների հետ համատեղ թողարկել են բազմաթիվ ձայներիզներ, որոնք իրենց տեսակի մեջ լավագույններից են, արժանացել են միջազգային եւ հայաստանյան հեղինակավոր մրցանակների եւ աշխարհում մեծ ճանաչում ունեն:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
