ԱՇԽԱՐՀԸ ՑՆՑՎԱԾ Է. ՀԱՅ ՀԱՅՏՆԻՆԵՐԸ ԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԲԵՐ ԾԱՅՐԵՐՈՒՄ ԲԱՐՁՐԱՑՐԵՑԻՆ ՀԱՅՈՑ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՁԱՅՆԸ
Արխիվ 12-16ԱՇԽԱՐՀԸ ՑՆՑՎԱԾ Է. ՀԱՅ ՀԱՅՏՆԻՆԵՐԸ ԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԲԵՐ ԾԱՅՐԵՐՈՒՄ ԲԱՐՁՐԱՑՐԵՑԻՆ ՀԱՅՈՑ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՁԱՅՆԸ (Ֆոտոշարք)
Այն, ինչ կատարվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ցնցեց ողջ աշխարհը: Ողջ հայությունը մի բռունց դարձած մասնակցում էր սգո ու պահանջատիրության երթերին գրեթե բոլոր աչքի ընկնող երկրների տարբեր քաղաքներում: Ուշագրավ էր հատկապես այն, որ երթերին ակտիվորեն մասնակցեցին հայ հայտնի մշակութային գործիչներ` ապացուցելով, որ իրենք ոչ թե ինչ-որ ժամանակ արտագաղթել են հայրենիքից, այլ հանուն հայրենիքի գնացել են արդարության ձայնը բարձրացնելու: Թե ովքեր եւ որտեղ ու ինչպես մասնակցեցին հայկական երթերին ներկայացնում ենք ստորեւ` ֆոտոշարքով:
Երգիչ ԳՈՌ ԵՓՐԵՄՅԱՆԸ, ով վերջերս է հաստատվել ԱՄՆ-ում, մասնակցեց թերեւս ամենամեծ հայկական երթին Լոս Անջելեսում: Հիշեցնենք, որ «Իրավունքի» հետ զրույցում մի առիթով Գ. Եփրեմյանը նշել է. «Չեմ պլանավորում մշտապես բնակվել ԱՄՆ-ում, եւ բաց չեմ թողնում հայրենիք այցելելու ոչ մի հնարավորություն»:

Իսկ Բելգիայում բնակվող հայտնի հայ երգչուհի KeyOh-ն` ԿԱՐԻՆԵ ՕՀԱՆՅԱՆԸ, մասնակցեց Բրյուսելում կայացած երթին: Հատկանշական է այն, որ երգչուհու հետ միասին երթին ակտիվորեն մասնակցել է նշանածը` հույն հայտնի երգիչ-երգահան ՋԵՅՍՈՆ ՄՔՆԱՅԹԸ: Հայրենասեր հայուհու ընտանիքը Բելգիա է տեղափոխվել դեռեւս 90-ականներին, բայց KeyOh-ի սիրտը շարունակում է հայրենիքում մնալ: «Ես սիրում եմ իմ երկիրը եւ մեր հայերին: Եվ առիթը երբեք չեմ կորցնում, ամեն տեղ ասելով, որ հայ եմ», - մեզ հետ զրույցում ընդգծել է նա:

Բրյուսելյան երթի ակտիվ մասնակիցներից էր նաեւ դերասան, պարող ՍԱՐԳԻՍ ՍԻՄՈՆՅԱՆԸ, ով հայաստանյան հեռուստադիտողին առավել հայտնի է «Դժվար Ապրուստ» հեռուստասերիալից: Սարգիսը «Thank you Father» պաստառը ձեռքին իր շնորհակալությունն է հայտնել Հռոմի պապին` 1,5 միլիոն Սուրբ նահատակների հիշատակին Ս. Պատարագ մատուցելու ու Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Ի դեպ, «Իրավունքի» հետ զրույցում Ս.Սիմոնյանը ասաց, որ բելգիական մի շարք հեռուստաալիքներում ու էլեկտրոնային լրատվամիջոցներում մեծ արձագանք է գտել երթը:
Ի դեպ, վերջերս Սարգիս Սիմոնյանն ընտրվել է «Եվրոպահայերը հանուն Հայաստանի զարգացման» կազմակերպության մշակութային բաժնի տնօրեն եւ նաեւ նրա ջանքերով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ստեղծվել էր JOINUS (Unified Armenians in Belgium) նախաձեռնությունը, որպեսզի 10 հազար հայրենակիցներ մասնակցեն ապրիլի 24-ին նախատեսված երթին:

Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում տեղի ունեցած Հայոց պահանջատիրական ցույցը նույնպես իր տեսակով աննախադեպ էր: Բողոքի ցույցին ներկա էր անվանի բանաստեղծ, թարգմանիչ, հայ-վրացական «Կամուրջ» տարեգրքի գլխավոր խմբագիր ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ, ում ելույթը ե՛ւ ոգեւորել, ե՛ւ հուզել էր հարյուրավոր վրացահայ երիտասարդների: Տիկին Բոստանջյանը կոչ էր արել. «Մենք պետք է ապավինենք մեր ուժին` ընդունելով հանդերձ ուրիշների ցավակցությունը ու կարեկցությունը: Մենք պետք է միշտ հպարտ պահենք մեզ ու հզորանանք: Պետք է ստեղծենք միասնական հզոր Հայաստան եւ աշխարհասփյուռ հզոր հայություն»:

Ֆրանսիայի Լիոն քաղաքում հաստատված հայերը եւս անմասն չեն մնացել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի ու պահանջատիրության միջոցառումներից: Ապրիլի 24-ին այնտեղ տեղի ունեցած երթին մասնակցել է հայտնի մոդել ՄԻՔԱՅԵԼ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ:

Ապրիլի 24-ին Ստամբուլի Թաքսիմի հրապարակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պահանջատիրական հանրահավաքին մասնակցել է ստամբուլահայ երգչուհի ՍԻԲԻԼ ՓԵՔԹՈՐՈՍՕՂԼԻՆ: Նրա ձեռքին հայ մեծանուն գրող ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ լուսանկարն է, ով մի շարք հայ մտավորականների հետ սպանվեց` թուրք բարբարոսների կողմից:

Բեռլինում ապրիլի 25-ին Հայոց ցեղասպանությանը նվիրված երթին մասնակցեց երգիչ ՀԱՅԿ ԿԱՍՊԱՐՈՎԸ, ով ապրիլի 24-ին հանրության դատին հանձնեց իր նոր զուգերգը` գերմանաբնակ ռեփեր ԴԱՎԻԹԻ հետ: Հայկական հնչյուններով համեմված գերմաներեն երգը կոչվում է «Հիշում ենք» («We Remember»):

1993 թվականից Բուլղարիայում հաստատված երգչուհի ԹԱԳՈՒՀԻ ՎԵԶԻՐՅԱՆԸ նույնպես մասնակցել է այնտեղ կայացած երթին: Ի դեպ, ապրիլի 24-ին նա բավական հուզիչ գրառում է կատարելի իր ֆեյսբուքյան էջում. «Ձեզ ո՞վ էր ասում մեզ այնքան սեխմեք, որ ստիպված ադամանդ դառնանք: Ո՞վ էր ստիպում ձեզ աստղերի պես ցիրուցան անեք, որ միշտ մեզ տեսնեք, ուր էլ որ գնաք: Մենք կանք եւ բոլորի «ինադու» դեռ պիտի շատանանք»:

Մարսելում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները սկսվել էին ավելի վաղ: Դեռեւս ապրիլի 16-ին մոդել ԷՄԻԼ ՄԱՐԿԸ, ով վերջին տարիներին բնակվում է Ֆրանսիայում, իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Րոպեներ առաջ Մարսելի քաղաքապետարանի շենքի ամբողջ երկայնքով ծածանվեց Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող անմոռուկը՝ «Մարսելը հիշում եւ դատապարտում է» խորագրով։
Եթե նրանք լռեն, միեւնույն է քարերն են խոսելու»։

Լոսանջելեսյան երթին մասնակցել է երգչուհի ԱՆԻ ՔՐԻՍՏԻՆ, ով անդրադառնալով Ցեղասպանության 100-րդ տարելիցին` ասել է. «Երբ դեռ 7 տարեկան էլ չկայի, տատիկս առաջին երգը, որ սովորեցրեց, «Կոտարածն անգութն» էր: Երգեց, արտասվեց եւ պատմեց այն ամենն, ինչ լսել էր իր մորից եւ նրա նախնիներից: Չէի կարող այդ տարիքում զգալ եւ ապրել այն ամենն, ինչ երգի տողերն էին թելադրում, բայց հիշում եմ, որ ամեն անգամ այն երգելուց մարմնովս սարսուռ էր անցնում: Երակներիս մեջ տանջված հայի անցյալն էր ապրում: Այդ պահին սրտիս ցավը, կարծես, շատ վաղուց ծանոթ էր մարմնիս ու հոգուս: Անցան տարիներ եւ հիմա եմ հասկանում, որ հաջողության հասնելու պահին իմ առաջին երգերն էլի հայրենիքիս մասին էին: Էլի տանջված եւ գաղթած հայի մասին, որի մասն էլ ես եմ հիմա: Ցավոք, հասկանում եմ` անցյալը հետ չես բերի: Այն բոլոր անմեղ հոգիները, որոնք իրենց բնական մահով մահանալու հաճույքին էլ չարժանացան, չեն կարող պայքարել արդարության համար: Նրանց փոխարեն դա պետք է անենք մենք: Թեկուզ լուռ, բայց հաստատուն քայլերով աշխարհին դեպի մեր ցավին խոնարհեցնելու օրվա ակնկալիքով: Սպասել ենք 100 տարի, եթե պետք լինի եւս այդքան կսպասենք, բայց ես համոզված եմ եւ գիտեմ, որ Աստված մեզ չի թողնի…Իսկ այն անաստվածներին դեռ եթե ոչ այս հողում, ապա հեռու, մի շատ հեռու տեղ Դատաստան է սպասում»:

Նույն տեղում լոսանջելեսյան հայության հետ երթի մասնակցեց նաեւ ՄԻՍՏԵՐ X-ը:

Նյու Յորքում կայացած հայկական երթին մասնակցել է երգիչ ԷՌՆԵՍՏ THE BEST-ը: Սկանդալային երգիչն իր ֆեսյբուքյան էջում գրել է. «Ամոթ Թուրքիային»:

Հաղորդավար ՄՀԵՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ոչ միայն մասնակցել, այլեւ ամերիկյան հայկական հեռուստատեսության համար լուսաբանել է Լոս Անջելեսում կայացած հզոր երթը: Նա իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է. «Թուրքիայի ձախողման ու ստի 100-ամյակին Լոս Անջելեսը չլռեց: 130.000 հայ մի մարդու նման 10 կմ քայլեց մի պահանջով` ճանաչում–հատուցում: Մենք քայլեցինք ջրերով, նպաստավոր եղանակին ու խաղաղ: 100 տարի առաջ մեր նախնիները զոհվեցին շոգ անապատներում՝ թուրքերի ջարդից:
Զարմանալի ազգային ոգի ու հայի էներգիա կա այստեղ ապրող հայերի մեջ: Ամբողջ ընթացքում փշաքաղվում էի»:

Պատրաստեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ
