⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՆԵՐՔԻՆ ԿԱՐՄԻՐԱՂԲՅՈՒՐ ԳՅՈՒՂԻ ԱՊՐՈՂ ԵՎ ԱՊՐԵՑՆՈՂ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՆԵՐՔԻՆ ԿԱՐՄԻՐԱՂԲՅՈՒՐ ԳՅՈՒՂԻ ԱՊՐՈՂ ԵՎ ԱՊՐԵՑՆՈՂ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ


Չնայած կյանքի դժվարություններին` Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչները երբեք չեն կորցնում ապագայի հանդեպ իրենց լավատեսությունը: Հայ-ադրբեջանական սահմանից ընդհամենը 1,5 կմ հեռավորության վրա գտնվող գյուղում ապրում  են իսկական հերոսներ, որոնց ավելի լավ ճանաչելու համար հարկավոր է նրանց հետ կողք կողքի ապրել ընդհամենը մեկ օր: Միասնական, մեկ բռունցք դարձած բնակիչներն ամեն օր պայքարում են խաղաղության եւ կյանքի համար:

82-ամյա Ռոզա տատիկը գյուղի  այն մարդկանցից է, ով դժվարին պահերին գյուղից երբեք չի հեռացել: Նրա տունը, գյուղի մնացած բոլոր տների նման կիսաքանդ է`թշնամու արձակած գնադակներն ամեն անգամ վնասում են տունը, բայց ամեն վնասվելուց հետո Ռոզա տատիկը  որոշ չափով վերակառուցում է փլված պատերը: Ինչպես նա է ասում, իր շենի`տան դռները միշտ բաց պետք է լինեն. «Զավակս, ես երբեք իմ շենը բրախիլ չեմ: Չեմ ուզի մեր թշնամուն ուրախացնեմ: Մեր թշնամին շատ փիսն է: Երեխեքս ասում են արի մեր մոտ Երեւանում ապրի, շենիս դուռը ոնց փակեմ ու գնամ»,-ասում է Ռոզա տատիկը: Պատերազմը նրանից խլել է երիտասարդ որդուն, բայց նա շարունակում է ապրել ու արհամարհել պատերազմը եւ նրա բերած արհավիրքներն`ապրել է պետք հանուն մյուս զավակների եւ թոռների…

36-ամյա Սուսաննան արդեն անգիր գիտի բոլոր այն զենքերի տեսակները, որոնցով թշնամին կրակում է գյուղի ուղղությամբ: Կրակոցները նրա համար սովորական երեւույթ են դարձել, անսովոր է այն ժամանակ, երբ գյուղում լռություն է. «Թշնամու նպատակը մեզ վախեցնելն է, բայց մենք մեր անելիքը գիտենք: Ոչնչից չեմ վախենում, միայն մտածում եմ երկու երեխաներիս մասին: Նախորդ տարվա օգոստոսին, երբ մի քանի օր սահմանին լարված իրավիճակ էր փորձեցի տղայիս ու աղջկաս ուղարել ավելի անվտանգ տեղ, բայց նրանք երկուսն էլ հրաժարվեցին եւ գյուղից մի քայլ անգամ չհեռացան»,-դեմքի խաղաղ արտահայտությամբ հիշում է Սուսաննան: Ըստ նրա, եթե սահմանին կանգնած զինվորը զգում է, որ իր թիկունքում կանգնած են բնակիչները, ապա նա իրեն ավելի ապահով է զգում: Իսկ Սուսաննան գյուղից չի հեռանա, քանի որ սահմանի պահապանները`հայ զինվորներն իրենց միշտ ապահով պետք է զգան…

Սուսաննայի որդին` 18-ամյա Ամրամը շուտով մեկնելու է հայոց բանակ: Ցանկանում է ծառայել Արցախում.«Վստահ եմ, որ ինձ համար ծառայությունը շատ հեշտ է անցնելու, քանի որ գյուղում ամեն ինչ տեսել եմ, կրակոցներ, ավերածություններ, նույնիսկ մահ: Ոչնչից չեմ վախենում, ուրախ եմ, որ շուտով զենք կստանամ ու կկանգնեմ սահմանին, արդեն որպես զինվոր»,- փաստում է Ամրամը: 18-ամյա այս պատանին ամաչում է կրակոցների ժամանակ հեռանալ գյուղից. «Ես չեմ կարող կրակոցների ժամանակ հեռանալ գյուղից, հետո ինչպես նայեմ մարդկանց աչքերի մեջ: Ինչպես բոլորը, այնպես էլ ես միշտ իմ տանը պետք է լինեմ…»

Հումորով եւ կյանքով լեցուն Լորիս Չոբանյանի համար Ն. Կարմիաղբյուրը Հայաստանի ամենալավ ու հարմարավետ վայրն է, որտեղ իրեն շատ լավ է զգում: Մի քանի տարի առաջ գյուղում գնել է կիսակառույց տուն, որն աստիճանաբար կառուցում ու վերափոխում է, որպեսզի տարիներ հետո մեծ ու գեղեցիկ շեն ունենա գյուղում. «Ամենամաքուր ու ազնիվ մարդիկ այստեղ են ապրում:Թե ուզում եք մաքուր հայերեն խոսել սովորեք, եկեք մեր գյուղ»,-կես կատակ, կես լուրջ ասում է պարոն Լորիսը: Արցախյան պատերազմի ժամանակ 14 տարեկանում նա հայտնվեց պատերազմի դաշտում, դժվարություններ շատ տեսավ, որոնց մասին  չի խոսում, միայն ժամանակ առ ժամանակ դրվագներ է պատմում: Լուռ տարած այդ դժվարությունների արդյունքում էլ ծնվեց Արցախում հայերի տարած փայլուն հաղթանակը…

Ներքին Կարմիրաղբյուրում կյանքը շարունակվում է Ռոզա տատկի, Սուսաննայի, Ամրամի, Լորիսի եւ նրանց նմանների շնորհիվ, մարդիկ, որոնք  սիրում են կյանքը եւ անկոտրում մնում կյանքի տված բոլոր հարվածների դեմ:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ