ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ Ն.ԿԱՐՄԻՐԱՂԲՅՈՒՐՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀՈՒՇԱՐՁԱՆ`Ի ՀԻՇԱՏԱԿ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻ
Արխիվ 12-16ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ Ն.ԿԱՐՄԻՐԱՂԲՅՈՒՐՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀՈՒՇԱՐՁԱՆ`Ի ՀԻՇԱՏԱԿ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻ
Ապրիլի 24-ին Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում յուրօրինակ ձեւով էին նախապատրաստվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ի հիշատակ Ցեղասպանության անմեղ զոհերի` Ներքին Կարմիրաղբյուրի Շեն կոչվող տարածքում բացվեց հուշարձան: Կողք կողքի վեր խոյացող երեք խաչքարերը խորհրդանշում են հայերի վերածնունդը, Ներքին Կարմիրաղբյուրի բնակչների եւ ողջ հայության միասնականությունը: 11-րդ դարում Շենում եղել է խաչքար, որն այսօր գոյություն չունի, ուստի նոր խաչքարը քանդակել էին հին խաչքարի նմանությամբ. «Ամբողջ գյուղի ուղղությամբ ժամանակ առ ժամանակ թշնամին կրակ է արձակում:
Խաչքարերի տեղադրման համար չենք ընտրել հատուկ վայր, այստեղին թշնամու դիրքերն ավելի մոտ են, քան գյուղին: Ի հեճուկս թշնամու`խաչքարերը տեղադրվել են հենց նրա դիրքերի դիմաց»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ ՄԱՆՎԵԼ ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆԸ: Ըստ նրա`Ներքին Կարմիրաղբյուրի բնակչները չեն խոսում, այլ միայն գործում են եւ իրենց գործով ցույց տալիս, թե ինչ է հայրենիքը եւ ինչպես են այն պահում ու պահպանում. «Մենք ունեցել ենք նենգ թշնամի եւ միշտ էլ ունենալու ենք: Այդ պատճառով պետք է մեր հզոր բանակի կողքին լինենք, միասնական , որպեսզի մեր անկոտրում կամքը ոչ ոք չկոտրի: Կյանքը սկսվում է հենց սահմանից»,-ավելացրեց Մ. Կամենդատյանը:
Հուշաքարի բացումից հետո` արդեն երեկոյան, Շենի բարցունքը կրկին մարդաշատ էր, գյուղի բնակիչներն այստեղ էին հավաքվել մասնակցելու երեկոյան մոմավառության, իսկ դպրոցի աշակերտները ողջ սահմանի երկայնքով բաց թողեցին 100 օդապարիկ`նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին. «Այստեղ այսօր հավաքվել է մեր գյուղի մատաղ սերունդը, որը ամենօրյա խաղաղության ու պատերազմի ականատեսն է:
Ընդհամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող թշնամին թող տեսնի, թե այստեղ ինչքան երախաներ են հավաքված, որոնցից յուրաքանչյուրը սահմանապահ զինվոր է: Սահմանին ապրող երեխաները ծնվում են արդեն հայենասիրական ոգով, հերոսությունը ժառանգում են իրենց ծնողներից, մենք չունենք թույլ երեխաներ, նրանք բոլորը հերոսներ են»,- փաստեց «Իրավունքի» զրուցակիցը` Ն. Կարմիրաղբյուրի Լեւոն Ադամյանի անվան դպրոցի փոխտնօրեն ՆԱՌԱ ՊԱՊՅԱՆԸ: Նրա խոսքով` գյուղում բացի սգալուց նաեւ ուրախանում են եւ ժպտում`բոլորին ցույց տալու համար, որ հայ ազգը վերածնվել է:
Ն. Կարմիրաղբյուրի բնակիչները խաչքարի բացումից հետո այցելեցին նաեւ Արցախյան ազատամարտի զոհերին նվիրված պուրակ եւ ծաղիկներ դրեցին անմահ հերոսների հիշատակին նվիրված հուշարքարին:





ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
