ՄՇԱԿՈՒՅԹԸ ՈՐՊԵՍ ՀԶՈՐ ԶԵՆՔ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱՐ
Արխիվ 12-16ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱՐ
Դարեր շարունակ հայկական մշակույթը հզոր զենք է եղել հայերի եւ Հայաստանի համար, որի շնորհիվ դժվարին պահերին հայ ժողովրդին հաջողվել է պահպանել իր ինքնությունը: Որտեղ հայը չի կարողացել պայքարել զենքի ուժով, պայքարել է իր հարուստ մշակույթի միջոցով: Այսօր էլ հայ մշակույթը շարունակում է հայի ինքնության պահպանության իր դերը: Հայոց ցեղասպանության ճանաչման եւ այն իրականացնող ոճրագործների դատապարտմանն ուղղված ջանքերը թերեւս չէր լինի այնքան արդյունավետ, եթե չլիներ մշակույթը, որի միջոցով հայ եւ արտասահմանցի շատ մտավորականներ իրենց ֆիլմերի, երգերի, ցուցահանդեսների միջոցով, ի լուր աշխարհի ասում են` 1915 թվականին Արեւմտյան Հայաստանում Օսմանյան Թուրքիան իրականացրել է Հայոց ցեղասպանություն: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, բացի քաղաքականությունից եւ դիվանագիտությունից, մեծ նշանակություն ունի նաեւ մշակույթը: Այս մասին "Իրավունքի" հետ զրույցում փաստեցին նաեւ հայ մշակույթի որոշ գործիչներ, ովքեր իրենց արվեստով մնայուն գործեր են թողել` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերին:
"ՇԱՏ ԵՆՔ ՈՒՇԱՑԵԼ` 99 ՏԱՐՈՎ"
Ռեժիսոր ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ.
- Որպես օրինակ պետք է տեսնենք հույներին, որոնք իրենց մշակույթով կարողացել են ամբողջ աշխարհին ստիպել ոչ միայն իրենց ցավը կիսել, այլեւ թելադրել սեփական կամքը: Նրանց համար ամենահզոր զենքերից մեկն իրենց մշակույթն է: Այսօր մենք երկու զենք ունենք պայքարելու համար` հայոց բանակ եւ հայ զինվոր, իսկ պահանջատեր լինելու համար` մշակույթ: Իհարկե, այս առումով մենք շատ ենք ուշացել` 99 տարով: Ինչո՞ւ պետք է այսօր զբաղվեինք այն ամենով, ինչով զբաղվում ենք վերջին տարիներին: Կարելի էր այդ գործընթացն առաջ տանել 99 տարի առաջ: Բայց, փառք Աստծո, վերջին տարիներին կատարած աշխատանքները կարծես թե իրենց արդյունքը տալիս են:
"ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱԿՑԻԱՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ ԵՆ ԴԱՐՁՆՈՒՄ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ"Ռեժիսոր ԱՐԱՄ ՇԱՀԲԱԶՅԱՆ.
- Հայոց ցեղասպանության նվիրված մշակութային ակցիաներն ավելի հանրամատչելի են դարձնում Ցեղասպանության թեման: Օրինակ, այս օրերին Թիբիլիսիում տեղի է ունենում հայ եւ վրացի նկարիչների ցուցահանդես` նվիրված Հայոց ցեղասպանությանը: Նման ցուցահանդեսներ այցելում են հազարավոր մարդիկ, օրինակ` վրացի երիտասարդությունը, որի ամբողջ ուշադրությունը սեւեռվում է ցեղասպանություն երեւույթին:
Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
