«ՍԱ ԻՍԿԱՊԵՍ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ԵՐԿԻՐ Է»
Արխիվ 12-16«ՍԱ ԻՍԿԱՊԵՍ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ԵՐԿԻՐ Է»
Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ռեժիսոր Արամ Շահբազյանի «Փրկության քարտեզ» խաղարկային- փաստավավերագրական լիամետրաժ ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը փաստագրություն է` կառուցված բացառապես իրական փաստերի վրա, որի հերոսները պատմությանը հայտնի հումանիստ եվրոպացի 5 կանայք են` Քարեն Եփփե (Դանիա), միսիոներուհիներ` Մարիա Յակոբսեն (Դանիա), Բոդիլ Բյորն (Նորվեգիա), Ալմա Յուհանսոն (Շվեդիա), Հեդվիգ Բյուլ (Էստոնիա):
Մարդիկ, ովքեր ականատես են եղել Հայոց ցեղասպանության արհավիրքների ու խեղված բազում մարդկային կյանքերի: Հայոց ցեղասպանության այս իրական ականատեսները մազապուրծ եղած հայ երեխաների ու կանանց ապաստարանների հիմնադիրներն են: Օտար կանանց դրամատիկ հանդիպումն անծանոթ ու խոշտանգված մի ժողովրդի հետ նրանց համար դարձավ ճակատագրական, առավել եւս նորվեգուհի Բոդիլ Բյորնի համար, քանի որ նա հայրենիք վերադարձավ 2-ամյա Ռաֆայել Սաֆարյանի հետ, ով դարձավ նրա միակ ժառանգը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, ողջ հայ ժողովրդի անունից որպես երախտագիտության տուրք, ֆիլմը նվիրվում է մեծ հումանիստների հիշատակին:

«...ԱՅԴՊԵՍ ՍԿՍԵՑԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Ֆիլմը վարում է ֆինն պատմաբան, ցեղասպանագետ Սվանտե Լունդգրենը, ով ֆիլմի հերոսուհիների ճանապարհը գծում է մի նոր քարտեզով` «Փրկության քարտեզ»-ով: «Իրավունքի» բացառիկ զրույցում ՍՎԱՆՏԵ ԼՈՒՆԴԳՐԵՆԸ պատմեց, թե ինչպես սկսեց ուսումնասիրել Հայոց ցեղասպանությունն ու հայ ժողովրդի հետ Եղեռնը վերապրած 5 միսիոներուհիների ճակատագիրը:
- Իմ նախնական ուսումնասիրության թեման հրեագիտությունն էր, ես երկու գիրք եմ գրել Հոլոքոստի ողջակեզի մասին: Դրանից հետո իմ հետաքրքրությունները ընդլայնվեցին Մերձավոր Արեւելքի քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ, հատկապես` ասորիների եւ հայերի: Հոլոքոստի մասին 2 գիրք գրելուց հետո արդեն ինչ-որ բան գիտեի ցեղասպանության մասին: Այդ պատճառով որոշեցի գրել հայ եւ ասորական ցեղասպանությունների մասին, կարող ենք ասել օսմանյան ցեղասպանություն` ընդդեմ քրիստոնյաների: Այդպես սկսեցի ուսումնասիրել Հայոց ցեղասպանությունը:
«ԱՇԽԱՏԵՑԻՆ ՀԱՅԵՐԻ ՀԵՏ` ԻՐԵՆՑ ՄԱՇԿԻ ՎՐԱ ԶԳԱԼՈՎ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆԸ»
-Հինգ միսիոներուհիների ճակատագիրն ուսումնասիրելով ու նրանց միջոցով Հայոց ցեղասպանությունը ֆիլմի տեսքով ներկայացնելն ի՞նչ ազդեցություն են թողել Ձեզ վրա:
- Կարծում եմ` նրանք հերոսուհիներ են, բացառիկ անհատականություններ: Ամբողջ կյանքը նվիրեցին այդ գործին ու տասնամյակներ աշխատեցին հայերի հետ` իրենց մաշկի վրա զգալով Ցեղասպանության փորձառությունը: Չէ՞ որ կարող էին վերադառնալ եւ ապրել այն բարգավաճ երկրներում, որտեղից իրենք եկել էին, սակայն բոլորը որոշեցին վերադառնալ հայերի մեջ: Այս անգամ ոչ թե Թուրքիա, այլ Լիբանան, Սիրիա, Հունաստան եւ աշխատել հայերի հետ: Դա նշանակում է, որ իրենց գործին այդ ծայրահեղ նվիրվածությունն ունեին:
Իսկապես հիացած եմ այս կանանցով, այդ միսիոներները հերոսներ էին, միգուցե անգամ` սրբուհիներ:
«ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՉԷԻ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ»
-Ֆիլմի կադրերից պարզ դարձավ, որ այցելել եք նաեւ Ծիծեռնակաբերդ:
- Ես 7 տարի առաջ էլ ապրիլի 24-ին այստեղ էի, այնպես որ առաջին անգամը չէի լինում Ծիծեռնակաբերդում: Այդ օրը ինձ համար հուզիչ փորձառություն էր` տեսնել այդքան մարդկանց զանգվածներ, որոնք ուշ երեկոյան գնում էին դեպի հուշահամալիր: Սա իսկապես Ցեղասպանություն վերապրածների երկիր է, անգամ եթե դա 2-րդ, 3-րդ, 4-րդ կամ էլ 5-րդ սերունդն է:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
