«ՊԱՊԻԿՍ ՊԱՏՄՈՒՄ ԷՐ, ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ՄԱՅՐՆ ԻՐԵՆ ԹՈՒՐՔ ԳԱԶԱՆԻՑ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՂՋԿԱ ՀԱԳՈՒՍՏ ՀԱԳՑՐԵԼ...»
Արխիվ 12-16«ՊԱՊԻԿՍ ՊԱՏՄՈՒՄ ԷՐ, ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ՄԱՅՐՆ ԻՐԵՆ ԹՈՒՐՔ ԳԱԶԱՆԻՑ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՂՋԿԱ ՀԱԳՈՒՍՏ ՀԱԳՑՐԵԼ...»
Օրեր առաջ վերակառուցված Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն իր դռները բացեց հանրության առաջ: Բացմանը ներկա էին նաեւ այն անձինք, ովքեր իրենց հետ Հայաստան էին բերել Հայոց եղեռնի հետ առնչություն ունեցող բացառիկ նմուշներ ու մասունքներ, որոնք նվիրաբերեցին թանգարանին: Նրանցից մեկն էլ Եգիպտոսում հայկական թեմական խորհրդի անդամ, «Լուսաբեր» մշակութային ընկերակցության ատենապետ Սուրեն Բայրամյանն էր, ում հայրը` Նարբե Բայրամյանը, գաղթելով Սեբաստիայից, հրաշքով փրկվածներից մեկն էր, ով դժոխքի միջով անցնելով` հասել է Կահիրե:
ԵՐԱԶՈՒՄ Է ԼԻՆԵԼ ԾՆՈՂՆԵՐԻ ԾՆՆԴԱՎԱՅՐՈՒՄ
Որդին` ՍՈՒՐԵՆ ԲԱՅՐԱՄՅԱՆԸ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին
նվիրաբերեց ոչ միայն հայրիկի որբանոցի պայուսակը, այլեւ 1914-ից մինչեւ 1921թթ. Եվրոպայի մտավորականության գրությունները` Հայոց ցեղասպանության, հայկական դատի մասին: Ս. Բայրամյանի խոսքով` նա այդ եզակի ձեռագիր գրքույկները գտել է պատահական. «Այդ հրատարակությունները գտել եմ պատահաբար` Կահիրեի գրավաճառների մոտից ու գնել: Դրանք Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի մտավորականների գրություններն են: Երբ դրանք բերեցի թանգարան, տնօրեն Հայկ Դեմոյանը զարմացավ ու ուրախացավ: Նա ասաց, որ նման գրություններ գտնելու համար մեկնել է Փարիզ` Ֆրանսիայի ազգային գրադարան, գրությունները պատճենելու համար»:
Այնուամենայնիվ, Ս. Բայրամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երազում է լինել իր ծնողների ծննդավայրում. «Հայաստան այցելելուց հետո, հաջորդ երազանքս Արեւմտյան Հայաստան այցելությունն է»:
«ԺԱՊԱՎԵՆԻ ՆՄԱՆ ԻՐ ԱՉՔԻ ԱՌԱՋ ԱՆՑՆՈՒՄ ԷԻՆ ԳԼԽՈՎ ԵԿԱԾ ԴԱԺԱՆ ՏԵՍԱՐԱՆՆԵՐԸ»
Սուրեն Բայրամյանի դուստրը` Կահիրեի Գալստյան-Նուբարյան վարժարանի արեւմտահայերենի ուսուցչուհի ՍՈՍԵ ԲԱՅՐԱՄՅԱՆ-ԳՐԲՈՅԱՆԸ, ով Կահիրեի ռադիոկայաններից մեկի հաղորդավարուհի է` ամեն օր հայերեն ողջունում է կահիրեաբնակ հայ ունկնդիրներին, նույնպես Հայաստան էր եկել ծնողների հետ: Մեզ հետ զրույցում Սոսեն հուզված, արցունքները կոկորդում սեղմվելով` պատմում էր Ցեղասպանությունից մազապուրծ եղած պապիկի պատմությունները. «Ծնողներս, ես ու քույրս ծնվել ենք Եգիպտոսում: Հորական կողմից տատիկս Կեսարիայից է, իսկ պապիկս` Սեբաստիայից: Մորական կողմի պապիկս ականատես է եղել ջարդերին: Նա շատ դաժան պատմություններ էր պատմում, թե ինչպես է մայրը թուրք գազանից փրկելու համար իրեն աղջկա հագուստ հագցրել, ականջը ծակել ու ականջօղ կախել... Թե ինչպես է հիվանդացել գաղթի ճանապարհին` անապատում, իր ընկերները շան ոսկորներ են խաշել եւ ապուրի փոխարեն կերակրել իրեն... Կներեք, որ հուզվում եմ, պարզապես չեմ կարող առանց հուզմունքի հիշել այդ պատմությունները... Նա միշտ ասում էր` Սոսե, հավը խաշելուց հետո, որ ջուրը խմես, արդեն քեզի բավարար է... Արդեն պատկերացնում էի, թե ինչերի միջով է անցել... Վստահ եմ` ժապավենի նման իր աչքի առջեւ անցնում էր գլխով եկած դաժան տեսարանները: Պապիկս պատմում էր նաեւ, թե ինչպես է ականատես եղել ջարդին, ինչպես են մորթել ու սպանել թուրքերը... Շատ բաներ էր պատմում, ուղղակի այնքան հուզված եմ, որ չեմ կարողանում պատմել... Գիտակցությանս մեջ չի տեղավորվում, թե ինչպես են այդ մարդիկ փոքր հասակում, առանց սննդի դիմակայել...Պապիկս ապրեց մինչեւ 93 տարեկան...»,- արցունքներն աչքերին պատմում էր Սոսեն ու արցունքի միջից փայլող աչքերով հպարտանում իր պապով. «Զարմանալին այն է, որ Եգիպտոս գաղթելուց հետո նա ուսում չի ստացել, բայց այնպիսի բաներ էր պատմում իր կյանքի փորձություններից, որ մտածում էի, այս տարիքի մարդն առանց ուսումի, ինչպե՞ս է այսքան բան իմացել: Միայն այն գիտակցությունը, որ պահպանեն իրենց հայկական ընտանիքը` բարքերով ու սովորություններով հանդերձ, եւ փոխանցեն սերունդներին, արդեն բավական էր: Նա մեզ հաճախ էր պատմում Առյուծ Մհերի պատմությունը, իսկ մենք այդ ժամանակ չէինք հասկանում: Պատմում էր, թե մի տղա կար, ով գինի է խմում ու հետո գնում, առյուծի բերանը երկու փարչա-փարչա անում, այդպես թուրքերեն բառեր օգտագործելով` պատմում էր: Մենք այդ պատմություններով ենք մեծացել: Հետո, երբ մեծացանք, նոր հասկացանք, թե ինչ է Առյուծ Մհերը, ինչ է «Սասնա Ծռերը»»:
«ԱՅՍ ԱՆԳԱՄ ՄԵԶ ՀԱՅԱՍՏԱՆ ԲԵՐԵՑ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ»
Սոսեի հուզմունքը կրկնապատկվեց, երբ խոսեց նորաբաց Հայոց ցեղասպանության թանգարանից ստացած տպավորությունների մասին. «Ես մոտավորապես երկու տարին մեկ լինում եմ Հայաստանում, տարբեր առիթներով: Բայց այս անգամ մեզ Հայաստան բերեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն ու մասնավորաբար թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի հրավերը` նոր մասնաշենքի բացման կապակցությամբ: Պիտի ասեմ, որ շատ հուզմունքի պահեր եմ ունեցել, թանգարանում ինձ վրա մեծ տպավորություն է թողել հայացքների բաժինը, որտեղ կարճ ժապավենով ցուցադրվում են որբացած մանուկների նկարներ, որոնք հայացքներով, ինչպես ասաց պարոն Դեմոյանը, մեր աչքերին են նայում ու կարծես մեզ բան են ուզում ասել...»,- արտահայտվեց Սոսեն ու հուզված շարունակեց պատմել նաեւ ամուսնու` Գառնիկ Գրբոյանի հայկական արմատների մասին. «Գառնիկի հայրը Գրբոյան էր, իսկ մայրը` Տեր-Գալուստյան, ով Մովսես Տեր-Գալուստյանի եղբոր թոռնիկն է եղել: Իսկ Մովսես Տեր-Գալուստյանը Մուսա Լեռան հերոսամարտի պատասխանատու անձերից էր: Իր հայրը` քահանա է եղել, դրա համար էլ ազգանվանը կցվել է տեր արմատը, ինչն էլ խորհրդանշում է, որ այդ ընտանիքում քահանա կա: Դժբախտաբար ամուսինս անտեղյակ է, շատ բաներ չգիտի իր ընտանիքի պատմություններից, որովհետեւ փոքր հասակում կորցրել է ծնողներին»:
Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
