ՈՒՄԻ՞Ց Է ԳՆԴԱՊԵՏՆ ԻՄԱՑԵԼ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 19-ամյա կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը` ԱՐԿԱԴԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ, մեզ հետ զրույցում անդրադառնալով մինչ այս պահը ընթացող քննությանը` ասաց. "Գործով քննությունն օբյեկտիվ է ընթանում": Միայն թե չի հասկանում, թե ինչու չեն ձերբակալում իր որդու սպանության համար կալանավորված Գնել Թեւոսյանի հորը` ինստիտուտի պետի նախկին տեղակալ գնդապետ Զարմիկ Մարկոսյանին, քանի որ...
-Իմ միակ դժգոհությունը, բողոքն այն է, որ ինստիտուտի պետի նախկին տեղակալը` Գնելի հայրը, ազատության մեջ է: Այն դեպքում, երբ ինքն ամեն բանից տեղյակ է եղել եւ ջանք չի խնայել` գործը ջրի երես դուրս չգալու համար: Հենց տեղի ունեցած ողբերգական միջադեպի առաջին իսկ օրերից ինստիտուտի ներսում խոսում էին, որ Գնելն այդ դաժան սպանությունից հետո փախել է տուն: Բայց հետո ասացին, որ ոչ թե փախել է, այլ զանգահարել է տուն ու գնդապետ հորն ասել, որ ըսենց-ըսենց գործողություն են արել: Դրանից հետո հայրը եկել է ինստիտուտ, եւ առաջինը նա է տեղեկացվել որդու եւ ընկերների չարագործության` Հայկազիս դաժան սպանության մասին, բայց ոչ ոքի չի հայտնել դրա մասին: Ոնց որ, կոպիտ ասած, ծածկադմբոց են փորձել անել, որպեսզի այդ սարսափելի սպանությունը հետագայում որակվի ինքնասպանություն: Եվ այսքանից հետո, որ նա ազատության մեջ է, դա ինձ համար առնվազն զարմանալի է:
Վերոնշյալի հետ կապված` փորձեցինք պարզաբանումներ ստանալ գնդապետի որդու` Գնել Թեւոսյանի փաստաբան ԱՐԱ ԶԱՔԱՐՅԱՆԻՑ, ով մեզ հետ զրույցում հետեւյալն ասաց.
- Նման տեղեկատվություն ընդհանրապես չկա. ես զարմանում եմ` ինչի հիման վրա է տուժողի հայրը նման հայտարարություններ անում: Կարծում եմ, ոմանք նկատի ուենալով այդ մարդու վիշտը, փորձում են նրան ապակողմնորոշել: Գնելը չէր կարող զանգահարել հորը, քանի որ նա դեպքի մասին իմացել է այն ժամանակ, երբ դրա մասին ինստիտուտում իմացել են բոլորը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
