ԹՈՒՐՔԸ ՑԵՂԱՍՊԱՆ ՉԻ ԴԱՌՆՈՒՄ, ԹՈՒՐՔԸ ՑԵՂԱՍՊԱՆ ԾՆՎՈՒՄ Է
Արխիվ 12-16ԹՈՒՐՔԸ ՑԵՂԱՍՊԱՆ ՉԻ ԴԱՌՆՈՒՄ,
ԹՈՒՐՔԸ ՑԵՂԱՍՊԱՆ ԾՆՎՈՒՄ Է
Հատվածներ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտնական Հասմիկ Գրիգորյանի "ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ "ՇԱՐՔԱՅԻՆ" ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԸ.
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ"
հետազոտությունից
Ընդունված է համարել, որ ցեղասպանության ամենախոցելի զոհերը երեխաներն են: Զանգվածային կոտորածների ու ցեղասպանության ժամանակ երեխաները զոհ են դառնում տարաբնույթ հիվանդությունների, սպանությունների, սեռական եւ այլ բռնությունների:
Հարկ է նշել, որ երեխաների գործառույթները որպես ցեղասպանության "հանցագործների" ավելի քիչ է ուսումնասիրված...
Օսմանյան կայսրությունում 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին հայերի նկատմամբ իրագործված ցեղասպանության համատեքստում հասարակության մասնակցության խնդրի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ցեղասպանություն իրականացնող "մարդկային ռեսուրսը" համալրում են նույնիսկ այնպիսի խմբեր, ինչպիսիք են` կանայք ու երեխաները, ովքեր իրենց դաժանությամբ չեն զիջում մեծահասակներին: Այս առումով հետաքրքրական է, թե ինչու եւ ինչպես են երեխաներն ընդգրկվում զանգվածային բռնությունների մեջ եւ ինչ գործառութային առանձնահատկություններ ունեն:
"Հանցագործ երեխաների" խնդիրն այլ ժողովուրդների ցեղասպանությունների համատեքստում դիտարկելուն նպաստում է այն հանգամանքը, որ ցեղասպանության հարցով կազմվել են միջազգային դատարաններ, տեղի են ունեցել հարցաքննություններ հենց ոճրագործների հետ, ինչն ուսումնասիրության լայն դաշտ է ստեղծում մասնագետների համար:
Հայոց ցեղասպանության պարագայում միջազգային դատավարության եւ դրա հետ կապված գործընթացների բացակայությունը հնարավորություն չի ընձեռում առավել հստակ ներկայացնելու "ոճրագործ երեխաների" գործառութային առանձնահատկությունները, տարիքային սանդղակը, դրդապատճառներն ու նպատակները: Հետեւաբար, ուսումնասիրության շրջանակներում հիմնվել ենք ցեղասպանության վերապրողների, օտարերկրյա պաշտոնյաների ու ականատեսների հուշագրություններում, զեկուցագրերում տեղ գտած վկայությունների վրա:
Այդ վկայությունների համաձայն` Օսմանյան կայսրությունում 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած զանգվածային կոտորածների ու Հայոց ցեղասպանության համատեքստում մուսուլման "ոճրագործ երեխաների" դերային առանձնահատկությունները կարող ենք դասակարգել հետեւյալ կերպ` դեռահասներ, ովքեր հալածում էին իրենց հասակակից հայ երեխաներին (միջխմբային բախում հայ եւ մուսուլման երեխաների միջեւ), մեծահասակներին նմանակող երեխաներ, սպանությունների անմիջական մասնակիցներ եւ երեխաներ, ովքեր պղծում էին հայերի դիակները:
• Դեռահասներ, ովքեր հալածում էին իրենց հասակակից հայ երեխաներին (միջխմբային բախումը հայ եւ մուսուլման երեխաների միջեւ)
Հայոց ցեղասպանությունը վերապրած երեխաները հետագայում գրառած հուշագրություններում անդրադառնում են մուսուլման երեխաների հետ իրենց ունեցած փոխհարաբերություններին: Մուսուլման երեխաները հալածանքի են ենթարկել ոչ միայն իրենց հասակակից տղաներին, այլեւ աղջիկներին:
Պեհեսնիահայ Վահան Համամճյանը պատմում է, որ կոտորածները սկսելու նախօրեին իրենք խուսափել են թուրքական թաղամասերով անցնելուց, քանի որ թուրք երեխաները "մեռցնելու աստիճան" ծեծում էին հայ տղաներին, ովքեր ընկնում էին իրենց ձեռքը...
Հաճախ թուրք երեխաները հալածում էին բռնագաղթից հետո ընտանիքներում մնացած անծնող հայ երեխաներին: Տասներկուամյա Կարապետ Զարիֆյանի` Խարբերդի գավառի Մեզրե գյուղաքաղաքի կոտորածների մասին վկայության համաձայն. "Նախապէս թուրքերը լաւ էին վերաբերւում հայերի հետ, բայց մի որոշ ժամանակից յետոյ սկսեցին վատանալ, այնպէս, որ հայ երեխաները երբ դուրս էին գալիս, թուրք երեխաներից ծեծվում էին եւ հայհոյանքներ լսում": Հայոց ցեղասպանությունը վերապրած այնթապցի Մարիցա Թութունճյանն իր հուշերում պատմում է ամուսնու տեսածը. "Մի օր գիշերով քաղաքին մէջ պտտած ատեն կը տեսնէ որ խումբ մը պատանիներ պարտեզնէրու մէջ կը հալածէին հայ աղջիկ մը որ իբր հագուստ կը կրէր իր վրայ ցորենի պարկ մը...":
Յոզղաթ գավառի Րումտիկին գյուղում ծնված Գեւորգ Յափուջյանը վերհիշում է մի միջադեպ, որը պատահել էր, երբ ինքը ծառայության էր քրդական ընտանիքում. "Արեւը մոտենում էր իր մայրամուտին, որ ինձ ասացին հեռացած տավարը թեքեմ դեպի գյուղի կողմը եւ ես բաժանվելով նրանցից 200-300 մետր տարածություն մի փոքր բլուրի ետեւ, նրանց քշեցի դեպի ծառաների կողմը եւ այդ միջոցին հանկարծ շատ մոտիկ տարածությունից հայտնվեցին երկու թուրք պատանիներ, որ կլինեին 14-15 տարեկան, եւ ես նրանցից որեւէ վտանգ չսպասելով` փախուստի չդիմեցի: Սակայն նրանք մոտենալով ինձ, մեկը մյուսին` "Էյսան, բռնիր այս քեաֆիրին", ու երկուսով հարձակվեցին վրաս":
• Մեծահասակներին նմանակող երեխաներ
Մուսուլման երեխաները, նմանակելով մեծահասակների վարքը, արտահայտում էին իրենց վերաբերմունքը քրիստոնյաների եւ հատկապես հայերի նկատմամբ, ինչը հաճախ դրսեւորվում էր զոհերի հանդեպ ցուցաբերված ծաղրանքի ձեւով:
Վերապրողներից մեկը` վեցամյա Բյուզանդ Ճամբազյանը, պատմում է. "Կիրակի մը, Մարաշի մէջ, եկեղեցիէն որբանոց կը վերադառնայինք: Ճամբուն վրայ թիւրք մանչուկ մը, բաւականին լայն շրջագծով, փոս մը կը փորէր: Մեր վարժապետներէն, Խարբերդցի ազնիւ հայ մը, պ. Նշանը, հարցուց թէ ինչո՞ւ կը բանար այդ փոսը: Թիւրք մանչուկը համարձակութեամբ պատասխանեց` այս փոսը կը բանամ որ կեավուրները մէջը իյնան": Համաձայն վերապրողի վկայության` այն հարցին, թե գյավուր կոչվածները նրա եղբայրները չեն, թուրք երեխան պատասխանել է. "Ո՛չ: Ես թիւրք եմ, իսկ անոնք` կեավուր": Բաղդադի երկաթուղու շինարարության ընկերության բժիշկներից մեկը` դոկտոր Հրեշտակյանը, Մարդինի աղբյուրի մոտ հանդիպել էր մերկ կանանց: Նրանք տերեւներով ծածկել էին իրենց մերկությունը եւ ձեռքերով բռնել տերեւները: Դոկտոր Հրեշտակյանը վկայում է, որ մուսուլման տղաները փայտերով խփում էին կանանց ձեռքերին, որպեսզի բաց թողնեն եւ բղավում էին` թո՛ ւ, թո՛ ւ, էրմեն:
Խարբերդում աշխատանքային գործունեություն ծավալած դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենը, նկարագրելով Մեզրե գնացող թուրք եւ քուրդ մարդկանց, գրում է. "Երբեք տեսած չեմ կատաղի եւ վայրի տեսք ունեցող նման մարդիկ: Նոյնիսկ իրենց պզտիկ տղաքը, ինքզինքնուն հասուն մարդու ձեւեր կու տային ու մեր ետեւէն կը պոռային` կեավո՛ւր, քրիստոնեայ շուն": Հեղինակը պատմում է, որ թուրք տղաներն ու երիտասարդները հավաքվում եւ զվարճանում էին` հայերի չարչարանքները դիտելով: "Այսպիսի սոսկալի դէպք տակաւին տեսած չէի... Երկու ժանտարմաներ տեսայ, որոնք ծեր կին մը կը քաշկռտէին զառիվար փողոցէ մը: Հոն 10-12 թուրք տղաք կային, որոնք կը խնդային ու կը զուարճանային այս ցաւալի տեսարանէն": Իսկ սեբաստացիների տեղահանության ժամանակ Մալաթիայի թուրք երեխաները ծաղրում էին եւ ասում. "Ամէնքդ պիտի ջարդենք, սպաննենք":
Մեծահասակներից ընդօրինակված մեկ այլ վարքային դրսեւորում էր այն, որ մուսուլման երեխաները, նմանակելով հավանաբար իրենց մայրերին, նույնիսկ տղամարդկանց հրահրում էին սպանել հայերին: Բիթլիսի տեղահանությունը վերապրած Հմայակ Բոյաջյանը տարիներ անց վերհիշում է. "Երբ Բիթլիսից դուրս էին բերում գյուղը վերադարձնելու համար, թուրք կանայք, երեխաները կտուրներին կանգնած բղավում էին` ինչո՞ւ եք կենդանի թողել, այդ ո՞ւր եք տանում, կոտորե՛ք":
• Սպանությունների անմիջական մասնակիցներ
Օսմանյան կայսրությունում զանգվածային կոտորածների ու ցեղասպանության ժամանակ սպանությունների մեջ են ընդգրկվել նաեւ 6-15 տարեկան երեխաները, ովքեր զինված են եղել քարերով, դանակներով, սրերով, զենքով: Սպանություններին երեխաների մասնակցությունը եղել է անհատական եւ կրել է խմբային բնույթ: Երեխաների այն հատվածը, որը զինվել է կառավարության կողմից, բռնություններ է իրագործել վերահսկողության ներքո, իսկ երեխաների մի մասը մասնակցություն է ունեցել անհատապես եւ անձնական նախաձեռնությամբ, հաճախ` ծնողների ուղեկցությամբ...
Հայոց ցեղասպանությունը վերապրող Ներսես Մազմանյանը վկայում է, որ իրենց գյուղում կանանցից մեկի ձեռքերը հետեւի մասից են կապել, իսկ մազերը կապել են կեռ գամերից, որոնք խրված են եղել հողի մեջ: Ապա 6-8 տարեկան թուրք երեխաներին քշել են նրա վրա, ովքեր քարերով սպանել են կնոջը:
Մուսուլման տղաների կողմից սպանություններ իրականացվելու մասին է պատմում վերապրող Մարտիրոս Պալմյանը, ով մի քանի անգամ հանդիպել է նման երեխաների, երբ թաքնված է եղել Էնտերեսում. "...Խանըմ էֆէնտիս [ազգությամբ թուրք - Հ. Գ.] ինծի տուաւ մանգաղ մը, տոպրակ մը եւ ինծի ընկերացուց իր վեց տարեկան զաւակը, որպէսզի պարտեզէն խոտ քաղեմ եւ տուն բերեմ: Պզտիկը ճամբան ինծի ցոյց կու տար իր մէջքի դանակին գեղեցկութիւնը եւ կը փնտռէր կեավուրներ, որպէսզի մորթէ զանոնք, որովհետեւ իր նոր ու գեղեցիկ դանակով արդէն մորթեր էր երկու կեավուրներ եւ շատ ուրախացեր էր":
Հեղինակը պատմում է, որ այս ամենը լսելով եւ տեսնելով 6-12 տարեկան մի խումբ թուրքերի` մանգաղն ու տոպրակը տվել է երեխային եւ հեռացել: Վերապրողը մեկ անգամ եւս բախվել է տասնամյա թուրք երեխայի, ով ցանկացել է սպանել իրեն. "Ես գիտցայ որ դուն կեավուր ես: Տե՛ ս, այս դանակը նոր գնած եմ` կեավուրներ մորթելու համար: Փորդ խոթեմ ըսելով` դանակը ինծի մօտեցուցած պահուն բռունցքի հարուած մը տուի":
Տասներկուամյա զեյթունցի վերապրող Հովսեփ Բշտիկյանը Սուլեյմանիեից Բոզանթի ճանապարհի իրադարձությունների մասին պատմում է. "Թուրք զինվորները մեր քովեն կերթային: Մեկ էլ թուրք լակոտ մը տեսավ մեր էշի վրա երկու կողմը հեյբայի մեջ դրված երեք-չորս տարեկան քույրս ու եղբայրս` ամեն մեկը մի կողմ: Էդ լակոտը մի ափ հող գետնից վերցրեց ու շպրտեց եղբորս երեսին, եղբորս աչքերը տեղն ու տեղը կուրացան, ինքն ալ վախեն մեռավ":
• Երեխաներ, ովքեր պղծում էին դիակները
Ցեղասպանությունը վերապրողների ու օտարերկրյա ականատեսների հուշագրություններում ու զեկուցագրերում երբեմն հանդիպում են այնպիսի վկայություններ, որոնցում նկարագրվում են մուսուլման երեխաների կողմից հայերի դիապղծության տեսարաններ: Դրանցից հատկապես ուշագրավ են երեւույթի խաղային դրսեւորումները:
Ազգությամբ հույն ֆրանսիացի լրագրող Ադոսիդեսն Ադանայի կոտորածների վերաբերյալ իր աշխատության մեջ գրում է. "Ամսի 26-ին, կեսօրից հետո, զբաղվեցին մահացածներին հավաքելով: Նրանց բեռնում էին սայլակները, որոնք պետք է բեռնաթափվեին Սարոսում: Այդ քարավաններն ուղեկցող թուրք լակոտները զվարճանում էին` ծակծկելով դիերը, փորելով դրանց աչքերը, սրածայր ցուպիկներով ծակելով այտերը": Հալեպի հյուպատոս Ռյոսլերը ռայխսկանցլեր Բեթման Հոլվեգին 1915թ. սեպտեմբերի 2-ին ուղարկած զեկուցագրին կցել է պարոն Վ. Շպիկերի վկայությունը Մարաշի իրադարձությունների մասին, որում կարդում ենք. "Քաղաքից (Մարաշից) ֆերմա ճանապարհին քաղաքի ծայրամասում ես տեսա մարդկային գլուխ` ընկած գոմաղբի կույտի վրա, որը թուրք դեռահասները դրել էին որպես նշանակետ": Վերապրող Պետրոս Ծատուրյանը, իր հուշագրության մեջ նկարագրելով գաղթի ճանապարհները, որոնք լի էին մարդկային ոսկորներով, գրում է. "Գանկեր ամէն կողմ որոնց հետ կը խաղային քիւրտ լաճերը...":
Գեւորգ Յափուջյանը պատմում է. "Անելանելի վիճակ, խնամքի կարոտ, զրկված հարազատներից, վիշտ ու տառապանք, կյանքին սպառնացող վտանգներով հղի սեւ օրեր, միշտ ծաղր ու ծանակի ենթակա թուրք լակոտների կողմից, որ համատեղ գործ ունես անասուններին արածեցնելիս, նաեւ ծառան ես այն ծառաների եւս, որ քեզ հրամայեն եզները շրջելու, ջուր բերելու, գյուղը հացի գնալու եւ այլ գործերի կատարման համար: Պակաս չէր բորբոքվում նաեւ մատաղ սրտիս վերքերը այն ժամանակ, երբ հաճախ ձորերում հանդիպում էինք տանջամահ եղած հայերի կմախքներին, գանգերին, ծնկոսկրներին, որ ծաղրանքով լակոտները ասեին` "Է՛յ, քեաֆի՛ր, տե՛ս-տե՛ս, սա քո հոր գլուխն է, կացինով ջարդված":
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
