ԻՆՉԻ ՍՊԱՍԵՆՔ ԱՊՐԻԼԻ 25-ԻՑ ՍԿՍԱԾ
Արխիվ 12-16ԻՆՉԻ ՍՊԱՍԵՆՔ ԱՊՐԻԼԻ 25-ԻՑ ՍԿՍԱԾ
Եվ այսպեսª ապրիլի 24-ն է, ու կարելի է ֆիքսել, որ Հայաստանը հնարավորն ու շատ դեպքերում էլ, ինչպես, օրինակ, Հռոմի պապի այդքան հնչեղ ելույթի հարցովª անհնարինն արեց Հայոց ցեղասպանության հարյուրամյակը հավուր պատշաճի հիշելու եւ ճանաչման գործընթացը առաջ տանելու համար: Թուրքիան էլ, ճիշտ է, դեռ երկու-երեք տարի առաջ էր հայտարարել հարյուրամյակի էֆեկտը նվազագույնի հասցնելու իր լայնամասշտաբ ծրագրերի մասին, սակայն ակնհայտորեն տանուլ տվեց բազմաթիվ առանցքային ուղղություններում:
ՊՈՒՏԻՆՆ ԷԼԻ ՕԲԱՄԱՅԻՑ ՄԵԿ ՔԱՅԼ ԱՌԱՋ ԱՆՑԱՎ
Բայց ահա վաղը կլինի ապրիլի 25-ը. ճիշտ է, հարյուրամյակի թեման դեռ մինչեւ տարեվերջ կշարունակվի, բայց հենց վաղն էլ առաջ է գալու երեք առանցքային հարց. ճանաչման եւ դատապարտման հարցով ինչ տվեց ապրիլի 24-ը, ինչ հետագա ընթացք են ունենալու հայ-թուրքական հարաբերությունները եւ այդ ամենն ինչ ազդեցություն է ունենալու Ղարաբաղի վրա:
Իհարկե` նախ սպասենք Գերմանիայից եւ հատկապեսª ԱՄՆ-ից սպասվող լուրերին: Առավել եւս, որ ամերիկյան ինտրիգը, որ կարծես թե դեռ երեք-չորս օր առաջ հանգուցալուծվել էր այն տեսքով, թե Օբաման իր ստանդարտ տոնայնությունից դուրս չի գա, նախօրեին, հազիվ թե ակամա, օրակարգ վերադարձրեց... ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Պատրաստվելով հայաստանյան այցին, որով արդեն իսկ նրա հստակ տեսակետն արտահայտված կլիներ, ՌԴ նախագահը նախօրեին հարկ համարեց նաեւ Հայոց ցեղասպանության հետ կապված հատուկ ուղերձ հնչեցնելª եղեռնագործությունը մասնավորապես համարելով "սեփական ցավ եւ ողբերգություն": Եվ չնայած դրան. "Հայերի եւ տարածաշրջանի մյուս ժողովուրդների նոր սերունդները պետք է ապրեն խաղաղության եւ համաձայնության պայմաններում...": Ու անմիջապես էլ մի շարք հեղինակավոր աղբյուրներ առաջ քաշեցին Պուտին-Օբամա համեմատությունը, թե այս ինչպե՞ս է, որ Պուտինը մի կողմից կարողանում է հանգիստ դատապարտել Ցեղասպանությունը, մյուս կողմիցª այն կապել հայ-թուրքական եւ ղարաբաղյան հաշտության գաղափարի հետ:
Ուայդքանով հանդերձ էլª հանգիստ առաջ տանել Թուրքիայի հետ սեփական համագործակցության հարցը: "Իսկ Օբաման, այդպես էլ չկարողացավ կամ վախեցավ գտնել քաղաքական մանեւրի հնարավորությունըª նորից ցույց տալով, թե ինչքանով է զիջում Պուտինին":
Նման համեմատությունը, ըստ նույն աղբյուրների, Օբամային պարտադրեցին վերջեին պահին նորից մտածել "ցեղասպանություն" ասել-չասելու հարցի շուրջ: Եվ ոչ միայն անձնական ամբիցիաներից, այլ այն պարզ հաշվարկից ելնելով, որ Պուտինն այս պահին անվերապահորեն կանգնելով Հայաստանի կողքին, բայց միաժամանակ միջոցներ գտնելով չփչացնել նաեւ թուրքերի հետ հարաբերությունները, նորից այդ կարեւորագույն ռազմավարական ուղղություններում ԱՄՆ-ից մեկ քայլ առաջ է անցնում:
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐԵՆՆ ԱՍԵԼ Է, ԵՎ ԼՈՒԾՈՒՄՆԵՐՆ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ
ՈՒ ԲԱՔՎՈՒՄ ԵՆ
Առավել եւս, որ նույն պահին էլ ԱԳ նախարար Լավրովն ակնարկեց, թե ռուսները նույնիսկ մտածում են ավելի առաջ գնալու մասին. "Մոսկվան կնպաստի, որպեսզի Թուրքիայի ու Հայաստանի միջեւ համագործակցության զարգացման մասին փաստաթղթերն ուժի մեջ մտնեն": Ավելին, որ այդ ռազմավարական քայլը կտարածվի նաեւ ղարաբաղյան ուղղությամբ. "Մենք կողմ ենք, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները նորմալանան, որպեսզի լուծվի ԼՂ խնդիրը եւ դրանով նորմալանան հայ-ադրբեջանական հարաբերությունները...":
Իհարկեª Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմանը Լավրովը ներկա էր, կանգնած` նախկին պետքարտուղար եւ ներկայիս նախագահացու Հիլարի Քլինթոնի կողքին: Մինչդեռª այդ փաստաթուղթը, եթե անգամ այն Մոսկվայի հետ համաձայնեցված էր, համարվեց հենց տիկին Քլինթոնի հաղթանակը, եւ փաստ է, որ հետագայում Ռուսաստանն ամենեւին էլ դրա ջերմեռանդ կողմնակիցը չէր: Բայց որ արձանագրությունների ստորագրումից վեց տարի անցª մեր օրերում Ռուսաստանը կսկսի ակտիվանալ ոչ միայն հայ-թուրքական, այլեւ ղարաբաղյան ուղղություններով որոշակի հանգուցալուծման ¥թեկուզեւª ոչ վերջնական, բայց երկարաժամկետ¤ հասնելու համար, վերջերս սկսեց նկատվել, ու քանիցս այդ մասին եզրակացություն ներկայացնելու առիթ ունեցել ենք: Այդ թվումª նման շրջադարձի հիմնական պատճառների եւ այն մասին, որ արդեն ԱՄՆ-ի համար է սկսում ավելի ձեռնտու դառնալ միանգամայն հակառակ գործընթացըª այդ երկու հակամարտությունների ձգձգումը: Սերգեյ Լավրովի հիշատակված միտքը, իհարկե, խոսում է մեր այդ ենթադրության օգտին, թեեւ միաժամանակ այս օրերին տեսանելի են դառնում ՌԴ-ի համար նման քաղաքականության ձեռնտու լինելու որոշ դետալներ եւս: Մասնավորապեսª ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը հայտարարեց, թե նախագիծ են պատրաստել ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ ազատ առեւտրի գոտի ստեղծելու, որը կարող է ստորագրվել արդեն այս տարի: Իսկ այդ դեպքում, հասկանալի է, հայ-թուրքական բաց սահմանը, մեղմ ասած, չէր խանգարի: Բայց անշուշտ Մերձավոր Արեւելքի ներկայիս վիճակն է, որ Ռուսաստանի համար միանգամայն անհրաժեշտ է դարձնում հարավկովկասյան տարածաշրջանում առավելագույնս կայուն իրավիճակը: Այդ հարցով եւս Լավրովն օրերս ուշագրավ ակնարկ հնչեցրեց. "Այն, ինչ կատարվում է Եմենում եւ ողջ տարածաշրջանում, ցույց է տալիս լուրջ ռիսկերի առկայությունը, եւ մենք չենք ցանկանում, որ Իրանը նույնպես դառնա ապօրինի ուժի կիրառման թիրախ": Իսկ այդ ցանկությունն իրականության վերածելու համար Իրանին միայն C-300 հրթիռային համակարգեր մատակարարելը քիչ է. շատ ավելի կարեւոր է, որ Ռուսաստանից Իրան տանող ուղիներըª հարավկովկասյան տարածաշրջանը լինի կայուն:
Իսկ ահա ՀՀ նախագահ Ս. Սարգսյանն այս օրերին նորից վերահաստատեց Հայաստանի հայտնի դիրքորոշումը. "Ես չեմ հանել Հայաստանի Հանրապետության ստորագրություններն արձանագրություններից... Ես կարծում եմ, որ դեռեւս թուրքական իշխանությունները ժամանակ ունեն վավերացնելու արձանագրությունները: Երբ նրանք վավերացնեն, մեր ազգային օրենսդրությամբ ժամանակատար չէ այդ արձանագրությունները Ազգային ժողով ուղարկելը...": Այսինքնª ով էլ լինիª Վաշինգտոնը, թե Մոսկվան, եթե ցանկանում է ընթացք տալ արձանագրություններին, ապա պետք է լուծում փնտրի Անկարայում: Միայն թե Հայաստանն ունի երկու սկզբունքային պայման. "Մենք որեւէ նախապայմանով պատրաստ չենք հարաբերություններ հաստատել": Ապաª այս պատուհանը շատ երկար բաց չի մնալու. "Եթե շատ երկար մտածեն Թուրքիայի իշխանությունները, կարծում եմ, մի օր այդ արձանագրությունները չեղյալ կհայտարարվեն...":
Նույնն էլ Ս. Սարգսյանն ասում է Ղարաբաղի հարցով. կան "համանախագահ երկրների նախագահների հինգ հայտարարություններում" ամփոփված առաջարկներ, որոնք կազմում են "Մադրիդյան սկզբունքներ կոչվող փաստաթղթի առանցքը": Եվ Հայաստանն առաջվա պես համաձայն է այդ սկզբունքների հիման վրա "խնդրին լուծում տալ": Միայն թե այս դեպքում էլª դա մեր ծայրահեղ զիջումն է, ու այս հարցում էլ լուծումը պետք է գտնել Ադրբեջանում: Իսկ այն փաստը, որ Բաքուն Հայաստանի օրինակով իր ստորաբաժանումն է ուղարկում մայիսի 9-ին Կարմիր հրապարակի շքերթին մասնակցելու համար, ակնարկում է, որ Մոսկվայի խոսքն իր համար բավականին ազդեցիկ է:
Այսպիսովª Մոսկվան կկարողանա՞ ճեղքման հասնել հայ-թուրքական եւ ղարաբաղյան հարցերով: Եթե հանկարծ ստացվի, դա կդառնա Վաշինգտոնի հերթական խոշոր քաղաքական ¥եւ ոչ միայն¤ պարտությունը, միաժամանակ նաեւ Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի դիրքերի էական ամրապնդմամբ հանդերձ: Եվ այս առումով պատահական չէ, որ Պետքարտուղարության մամուլի քարտուղարի պաշտոնակատար Մարի Հարֆը շտապեց փաստել, որ պետքարտուղար Ջոն Քերին եւս հայ-թուրքական թեմայով փորձում է ակտիվանալ եւ, մասնավորապես, Ցեղասպանության դեմ պայքարի շրջանակներում Վաշինգտոն մեկնած Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ "հանդիպման ընթացքում... ընդգծել է, որ Թուրքիան պետք է իրական քայլեր անի Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ":
Ինչեւէ. այսօր արդեն պարզ կլինիª Օբաման ասա՞ց, թե չասաց "ցաղասպանություն" բառը: Բայց անկախ դրանից` դժվար չէ կռահել, որ ապրիլի 25-ից սկսած` հայ-թուրքական եւ ղարաբաղյան ուղղություններում կարող են ակտիվ զարգացումներ սկսվել: Հաշվի առնելով, որ Վաշինգտոնն ամեն կերպ կփորձի այս ուղղություններում ռուսներից հետ չմնալª հակառակ դեպքում աչքի առաջ ունենալով դրա բարդ հետեւանքները:
Ընդ որումª նման գործընթացը նաեւ Անկարայի համար ցանկալի կլիներª Ցեղասպանության ճանաչումների ընթացքի հարուցած շնչահեղձությունը մեղմելու համար: Այս ամենն սպասելի էր, բայց տեսնենք, թե գործնական տեսքն ինչպիսին կլինի:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
