ԲՈՒԼՂԱՐ ՔԱՂԱՔԱԳԵՏ. "ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐԱԾՎԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ, ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՐԻՑ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԿՄԱՏՆՎԻ"
Արխիվ 12-16ԲՈՒԼՂԱՐ ՔԱՂԱՔԱԳԵՏ. "ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐԱԾՎԻ
ՊԱՏԵՐԱԶՄԻ, ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՐԻՑ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԿՄԱՏՆՎԻ"
Բուլղար անկախ փորձագետ, քաղաքական գիտությունների թեկնածու, Մոսկվայի պետական համալսարանի դասախոս ԳԵՈՐԳԻ ԿՈԼԱՐՈՎԸ բուլղարական ընդդիմադիր "Ատակա" կուսակցության անդամ Վոլեն Սիդերովի ու եւս մեկ ընդդիմադիր գործչի հետ այս օրերին Երեւանում է` Հայոց ցեղասպանության 100-ամյակի առթիվ: "Իրավունքը" պրն Կոլարովի հետ զրուցեց Հայոց ցեղասպանության, հայ-բուլղարական հարաբերությունների, ԼՂ խնդրի մասին:–Պրն Կոլարով, Բուլղարիան այս տարի ի՞նչ կազմով է ներկա լինելու Երեւանում ապրիլի 24-ին:
– Պաշտոնապես հայտարարվել էր, որ այստեղ պետք է լինեին Բուլղարիայի խորհրդարանի փոխնախագահը, Բուլղարիայի դեսպանը: Բայց նրանց փոխարեն` ապրիլի 24-ին այստեղ են ընդդիմադիր "Ատակա" կուսակցության ղեկավար Վոլեն Սիդերովն ու եւս մեկ ընդդիմադիր գործիչ:
– Ձեր կարծիքով` Հայոց ցեղասպանության հարցը ո՞ր տեսանկյունից պետք է դիտվի: Արդյո՞ք բավարար է միայն խնդիրը ճանաչել:
– Հայաստանի եւ Սփյուռքի կողմից կազմակերպվող միջոցառումները Թուրքիային դրել են անհարմար վիճակում` դիվանագիտական մեկուսացման մեջ: Թուրքիային դժվար է լինելու դուրս գալ այդ վիճակից: Սա պետք է թուրք մտավորականներին ու քաղաքական գործիչներին մտածելու տեղիք տա` արդյոք ժամանակը չէ քայլեր ձեռնարկել` դուրս գալու այս վիճակից, այսինքն` ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու զղջալ կատարած ոճրագործության համար:
– Հայոց ցեղասպանության համար Հռոմի պապի մատուցած պատարագից ու ԵԽ-ի ընդունած բանաձեւից հետո Թուրքիայի հիստերիկ պահվածքն ինչպե՞ս կմեկնաբանեք:
– Դա տրամաբանական է: Ես այլ բան չէի էլ սպասում: Ուրիշ ինչ կարելի է ակնկալել Թուրքիայից ու Ադրբեջանից, բացի հիստերիայից: Այդ երկու երկրների շուրջ օղակը սեղմվում է:
– Բայց միջազգային ճնշումները Թուրքիայի վրա չեն տալիս մեզ համար սպասված դրական արդյունք:
– Կտան` վաղ թե ուշ: Ես չեմ կարծում, որ Թուրքիայի ոչ բոլոր քաղաքական գործիչները, խորհրդականները, դիվանագետներն են տառապում խրոնիկական զառանցանքով: Թուրքիայում կա իսկական մարդասեր մտավորականություն, որոնց վրա կարելի է հույս դնել: Թուրք երիտասարդության հետ եւս պետք է աշխատել, որպեսզի նրանք իմանան ճշմարտությունը:
– Մի փոքր խոսենք հայ-բուլղարական քաղաքական, տնտեսական հարաբերությունների մասին: Ինչպե՞ս եք գնահատում երկու երկրների համագործակցությունը:
– Որոշակի առեւտրային հարաբերություններ կան Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ: Բուլղարիայում կարելի է գտնել հայկական կոնյակ, հայկական հանքաքար, գունավոր մետաղներ: Հայաստանում կարելի է գտնել առաջին անհրաժեշտության ապրանքեր, կոսմետիկա, տեքստիլ, բայց կարծում եմ` կա ներուժ` ավելի շատ զարգացնելու հայ-բուլղարական հարաբերությունները:
– Բուլղարիան մինչ այժմ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Եվ այսօր էլ պարզ դարձավ, որ Բուլղարիայի խորհրդարանը մերժել է ընդդիմադիր կուսակցության առաջարկը` քննարկելու Հայոց ցեղասպանությունը…
– Բուլղարիայում հասարակությունը միատարր չէ: Պաշտոնական տվյալներով` Բուլղարիայի բնակչության տասը տոկոսը թուրք է, 15%-ը` գնչու, եւ կան որոշակի քանակով բուլղար մուսուլմաններ, որոնք սատարում են պրոթուրքական եւ պրոմուսուլմանական քաղաքական ուժին` "Հանուն իրավունքի եւ ազատության շարժում" կուսակցությանը:
– Տեսակետ կա, որ Բուլղարիայի իշխանության վրա մեծ ազդեցություն ունեն թուրքական տարրերը:
– Այո, դա ճիշտ է: Նրանք, շախմատային լեզվով ասած, շախի մեջ են պահում Բուլղարիայի իշխող շրջանակներին: Բայց նախորդ տարի` հոկտեմբերի 5-ին, Բուլղարիայում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքներով ձեւավորվել է կոալիցիա, որը փորձում է զերծ մնալ պրոթուրքական ուղղվածություն ունեցող "Հանուն իրավունքի եւ ազատության շարժում" կուսակցության ազդեցությունից:
– Պրն Կոլարով, Դուք մայիսի 3-ին լինելու եք Արցախում եւ որպես դիտորդ մասնակցելու եք խորհրդարանական ընտրություններին:
– Այո, դա այդպես է:
– Ենթադրելի է, որ ԼՂ հակամարտությանը քաջատեղյակ եք: Եթե` այո, խնդիրն ինչպես է լուծվելու: Հաշվի առնենք, որ գրեթե ամեն օր Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը եւ չի ցանկանում խնդրի լուծումը վստահել ԵԱՀԿ Մինսկի խմբին:
– Կարծում եմ` վաղ թե ուշ, արցախյան խնդիրը կվերածվի լայնամասշտաբ զինված հակամարտության, եւ Ադրբեջանը հերթական անգամ անհաջողության կմատնվի:
– Նկատի ունեք` պատերա՞զմ կլինի:
– Այո: Ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ. այս վիճակը երկար շարունակվել չի կարող: Երկրորդ պատերազմը Հայաստանի համար այնպես պետք է ավարտվի, որպեսզի երրորդի անհրաժեշտությունը չլինի:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
