«ԱՊՐԻԼԻ 24-ԻՑ ՀԵՏՈ ՍԿՍՎԵԼՈՒ Է ԱՐԴԵՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ 100-ԱՄՅԱԿԸ»
Արխիվ 12-16«ԱՊՐԻԼԻ 24-ԻՑ ՀԵՏՈ ՍԿՍՎԵԼՈՒ Է
ԱՐԴԵՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ 100-ԱՄՅԱԿԸ»
Այսօր աշխարհի կոկորդին կանգնած Հայոց ցեղասպանության ճանաչման ու պահանջատիրության հարցը ամփոփեց իր 100-րդ տարելիցը եւ թեւակոխեց մի նոր փուլ: Եթե ընդամենը մի քանի տասնամյակ առաջ միայն մեր հերոսական «ԱՍԱԼԱ»-ի տղաներին էր հաջողվում այս կամ այն ճանապարհով բարձրաձայնել պատմական իրողության` 1915 թվականին 1,5 միլիոն հայերի ցեղասպանության մասին, ապա այսօր այն առաջադեմ աշխարհի թիվ մեկ քննարկման առարկան է դարձել: Ոմանք իրենց մեջ քաղաքական խիզախություն գտան բարձրաձայնել այդ մասին, մյուսները շարունակում են քչփչալ ու լռել` կեղծելով իրենց իսկ պատմությունը:
Հայոց 100-ամյա ցավի, տարելիցի ու դրան հաջորդող քայլերի մասին էլ «Իրավունքը» զրուցեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ:
«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՄԻՇՏ
ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՒԺԵԼ Է»
–Պարոն Մելքոնյան, ինչպե՞ս կարողացավ առաջադեմ Եվրոպան 100 տարի լռել Հայոց ցեղասպանության մասին, երբ իրողության փաստերը հենց Ցեղասպանությունից հետո եվրոպացի միսիոներուհիներն էին աղաղակում, որոնք խնամում էին հայ որբերին:
– Գիտեք, քաղաքական իրողությունները մի բան են, գիտությունը, ազնվությունը, մաքրությունը միանգամայն այլ հարթության վրա են: Քաղաքական խնդիրների պատճառով միշտ գիտությունը տուժել է, եւ ճշմարտությունը չի կարողացել իր ճանապարհը հարթել: Բայց հիմա, երբ ունենք պետականություն, այս խնդիրներն առաջ մղելու իմաստով բավականին ավելի հարմարավետ, ավելի շահեկան վիճակում ենք գտնվում: Երբ հարցին պետական մակարդակով այսպիսի մոտեցում է հանդես բերվում, արդյունքը լինում է գոհացուցիչ:
– Համամի՞տ եք, որ այս պահին, կարծես թե, պատմական ճշմարտությունն ավելի առաջ է մղվել, քան քաղաքական շահերը:
– Հռոմի պապի ապրիլի 12-ի` Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված Սուրբ պատարագից հետո, կյանքը ցույց տվեց, որ ամեն ինչ վերջացած չէ: Եվ միայն քաղաքականությունը չէ, որ առաջնային պետք է համարել աշխարհի համար: Կան մարդիկ, որոնց համար ճշմարտությունը վեր է ամեն ինչից, եւ նույնն ասաց նաեւ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը. «Ինձ համար ճշմարտությունը վեր է ամեն ինչից»: Այնպես որ, կարծես թե, աշխարհը եւս մաքրվում է եւ հակվում է դեպի ճշմարտությունը` հետին պլան մղելով քաղաքական զանազան վայրիվերումներն ու խնդիրները:
– Ի դեպ, Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` գտնվեցին անգամ «հայրենի» այնպիսի կազմակերպություններ, որոնք գտնում էին, թե պետք է խոսել այն թուրքերի ու քրդերի մասին, որոնք փրկել են մեզ ցեղասպանության տարիներին: Ի՞նչ կասեք այս մասին:
– Իրականության այն հսկա ծովի մեջ ինչ-որ եղել է այդ օգնության չափը հենց թուրք եւ քուրդ բնակչության կողմից, ուղղակի, նվազագույն օգնությունն էր այն ամենի համեմատ, ինչ որ արեցին հենց Ձեր իսկ նշած եվրոպացի միսիոներուհիները: Այսօր առաջին հերթին պետք է խոսել, ֆիլմեր նկարահանել, բարձրաձայնել հենց նրանց մասին, որը ավելի հասանելի ու ընդունելի կլինի Եվրոպայի համար:
«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԳԵՐԱԿՇՌԵԼ»
–Որքան էլ չուզենանք, այնուամենայնիվ, համեմատականության մեջ են դրվում այսօր Թուրքիայում կայանալիք Գալիպոլիի ճակատամարտի հնարովի միջոցառումներն ու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությունները: Ինչպե՞ս եք վերաբերում, որ այսօր Հայաստանում են ընդամենը չորս պետության նախագահներ:
– Նորից վերադարձանք քաղաքական դաշտ: Քաղաքական նկատառումները շարունակում են գերակշռել, բայց երբ կան միսիոներներ, գործիչներ, որոնք որբախնամ գործունեությամբ են զբաղվել, եւ նրանց համար մարդն է եղել իրենց գործունեության առանցքը, ի վերջո, մենք հաջողություն կունենանք: Եվ առաջնորդվել այն հանգամանքով, թե այսքան նախագահ են գալիս կամ վերաբերմունքը պետական այսպես է կամ այնպես է, կարծում եմ` այդքան էական չէ: Խնդիրն այն է, որ մենք կարողանանք մեր խնդիրները միջազգային ատյաններ ինքներս հասցնել` որպես պետություն, որպես ժողովուրդ:
– Ո՞րն է լինելու հաջորդ քայլը` ապրիլի 24-ից հետո:
– Ապրիլի 24-ից հետո սկսվելու է արդեն հատուցման 100-ամյակը: Իհարկե, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը բավական դանդաղ առաջ գնաց, բայց Հռոմի պապի մատուցած Սուրբ պատարագով ճանաչման գործընթացին վերջակետ դրվեց: Հիմա գալու է հատուցման դարը: Ես դրանում համոզված եմ:
Հավելենք, որ «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատասխանատվության միջազգային իրավական հիմնախնդիրները» թեմայով կայացած գիտաժողովի ժամանակ Ա. Մելքոնյանը հանդես եկավ ««Հայրենազրկում» հասկացության իրավական ձեւակերպման անհրաժեշտությունը» վերնագրով զեկույցով, ինչը եւս մեկ անգամ փաստում է, որ եկել է հատուցման պահը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
