ԱՄՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՀՀ ՑՈՒՑԱՐԱ՞Ր
Արխիվ 12-16ԱՄՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՀՀ ՑՈՒՑԱՐԱ՞Ր
Այս օրերին, երբ ողջ հայության մտքում ու սրտում «Հիշում ենք ու պահանջում» կարգախոսն է, պարզվում է` կան մարդիկ, որոնք շարունակում են փորձել «հարամել» Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: «Հիմնադիր խորհրդարանի» անդամ ԿԱՐՈ ԵՂՆՈՒԿՅԱՆԸ լինելով` ժիրայրսեֆիլյանական «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության «առաջամարտիկներից», լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում, խոսելով քաղաքապետարանի կողմից «Էրեբունի» թանգարանի դիմաց ապրիլի 24-ին իրենց արտոնված հանրահավաքի մասին, նշել էր.
«Մենք մտադրություն ունենք շուրջօրյա հավաք անել եւ գիշերել այնտեղ, չնայած որ ժամային սահմանափակում է եղել»: Ավելին` ՀԽ անդամները նույնիսկ ցանկություն էին հայտնել ապրիլի 24-ին «Էրեբունի» թանգարանից տեղափոխվել Ազատության հրապարակ ու իրենց հանրահավաքն այնտեղ անցկացնել: Այս մասին փորձեցինք պարզաբանում ստանալ Կ. Եղնուկյանից եւ պարզվեց, որ «Նաջարյանը փոշմանել է».
–Մամուլը շատ բաներ է գրում, ես չեմ իմանում: Մենք այդպիսի մտադրություն չունենք, մեզ թույլատրվել է «Էրեբունի» թանգարանի առաջ գտնվող հրապարակում հանրահավաք անցկացնել, եւ մենք այդտեղ էլ անում ենք:
– Պարոն Եղնուկյան, կարո՞ղ ենք ասել, որ ապրիլի 24-ին խաղաղ ցույց կլինի «Էրեբունի» թանգարանի առջեւ ու դրանով էլ կավարտվի ամեն ինչ:
– Մենք միշտ էլ ասել ենք, որ խաղաղ հավաք ենք կազմակերպում: Մեր հավաքները լինելու են քաղաքացիական հնազանդության շրջանակներում, որը օրենքով սահմանված է եւ թույլատրելի է Սահմանադրությամբ:
Ի դեպ, քանի որ Կ. Եղնուկյանը խոսեց օրենքներից ու Սահմանադրությունից, մեր զրույցի վերջում հետաքրքրվեցինք, թե ո՞ր երկրի քաղաքացի է նա. «Երկքաղաքացի եմ, Հայաստանի եւ ԱՄՆ-ի քաղաքացիություն ունեմ»: Այստեղ արդեն մեկնաբանություններն ավելորդ են, երբ ԱՄՆ քաղաքացին որոշում է ակտիվ քաղաքականության մեջ ներգրավվել Հայաստանում` մոռանալով օրենքով ամրագրված սահմանափակումների մասին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
