ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՆՈ՞ՒՄ Է ԹՈՒՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ, ՈՐՈՆՔ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ ՉԵՆ ՀԱՄ
Արխիվ 12-16ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՆՈ՞ՒՄ Է ԹՈՒՐՔԵՐԻ
ՀԱՄԱՐ, ՈՐՈՆՔ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ
ՏԱՐԱԾՔ ՉԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ
Ինչպես արդեն տեղեկացրել է «Իրավունքը», թուրք պատգանավոր Ուֆուկ Ուրասն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարում էր, որ ծպտյալ հայերը Թուրքիայում որեւէ խնդիր չունեն իրենց արմատներին վերադառնալու: Իրականությունը, սակայն, այն է, որ ծպտյալ հայերն իրենց արմատներին վերադառնալուց հետո հոգեբանական, քաղաքական խնդիրների առաջ են կանգնել: Անգամ աշխատանք գտնելն է իրենց համար դժվարանում: Էլ չենք խոսում այն մասին, որ ազգային փոքրամասնություններին Թուրքիայիում համարակալում են: Այսօր ասուլիսի ավարտից հետո «Իրավունքը» թուրք պատգամավորին պնդեց իր հարցադրումը`ասելով, որ հենց ծպտյալ հայերն են խոստովանում, որ իրենք խնդիրների առաջ են կանգնում, թուրք պատգամավորն անմիջապես փոխեց իր դիրքորոշումը: «Գիտեք, եթե հայերն այդպես են ասում, ուրեմն ճիշտ են ասում: Մենք մեծ քաղաքում ենք ապրում: Փոքր քաղաքում կարող է նման խնդիր լինել»,- ասաց պատգամավորը, ապա հիշեցրեց` Ֆեթիյե Չեթինի տատիկի մասին պատմող գիրքը մեծ պայթյուն էր:
- Բայց նման դեպքեր եզակի են: Ծպտյալ հայերը համատարած չեն կարողանում իրենց արմատներին վերադառնալ:
- Իրավացի եք: Հոգեբանական խնդիրներ կան, բայց ես հավատում եմ` ապագայում ավելի արագ կզարգանան այդ գործընթացները:
-«Ներողություն հայեր» ակցիայի մասնակիցների մեծ մասը չի ցանկանում խոսել հայերին ֆինանսական ու տարածքային` Արեւմտյան Հայաստանի փոխհատուցման մասին: Դուք կարծում եք, որ հայերիս անհրաժեշտ է այդ դատարկ ներողությո՞ւնը:
- Այս շարժումը մենք ենք սկսել չորս տարի առաջ: Այդ շարժման ընթացքում ասվում էր, որ ընդունվելու են հայերի բոլոր պահանջները: Ինչ վերաբերում է հողերին, կարծում ենք ավելի շատ խոսելու ենք ընդհանուր բնակավայրի ու ընդհանուր հայրենիքի մասին:
- Ո՞րն է այդ ընդհանուր հայրենիքը, եթե Արեւմտյան Հայաստանը պատկանում է հայերին, որը փաստերով կարելի է ապացուցել:
- Բայց բնակչությունը ժամանակի հետ այնքան է փոխվել, որ կարող ենք խոսել ընդհանուր հայրենիքի մասին:
Հ.Գ. Թուրք պատգամավորին ցանկանում ենք հիշեցնել` Արեւմտյան Հայաստանում բնակչության կազմը փոփոխելը եւ հայերին այնտեղից վերացնելը եղել է օսմանյան կայսրության, ապա նաեւ հանցագործ երիտթուրքերի նպատակը, որն աստիճանաբար նրանք կյանքի են կոչել: Իսկ թուրք պատգամավորի այս լղոզված հայտարարությունը, թե «Ներողությո՛ւն, հայե՛ր» ակցիայի ներկայացուցիչները պատրաս ենք հայերի բոլոր պահանջները կատարել, բայց Արեւմտյան Հայաստանը ընդհանուր հայրենիք է, ցույց է տալիս հետեւյալը` առաջին` Թուրքիան չի ցանկանում Հայոց ցեղասպանության խնդիրը լիարժեքորեն ուսումնասիրել` հույս ունենալով հարցը փակել դատարկ ու անիմաստ ներողությունով:
Ի դեպ, մեր հարցերի ընթացքում մի տեսակ անհանգիստ էր ԲՀԿ գործարար պատգամավոր, Արեւմտահայոց ազգային համագումարի խորհրդի անդամ Արագած Ախոյանը: Վերջինս կոչ էր անում «Իրավունք» թերթի լրագրողին դիվանագիտորեն նայել Հայոց ցեղասպանության խնդրին, հարցերն այլ կերպ ձեւակերպել ու դուրս գալ զոհի կարգավիճակից: Պրն Ախոյան, լրագրողն իրավունք ունի ցանկացած հարց ուղղել այնպես, ինչպես ինքը ցանկանում է` կոռեկտության սահմաններում անշուշտ: Դիվանագիտությունն առաջին հերթին ԱԳՆ-ի եւ քաղաքական ու պետական այլ կառույցների գործն է: Ինչ վերաբերում է զոհի կարգավիճակից դուրս գալուն, ապա ցեղասպանության չորրորդ սերունդը, որի ներկայացուցիչն է տողերիս հեղինակը, վաղուց արդեն պահանջատիրության սկզբունքով է առաջնորդվում`հիշեցնելով մեր հարեւան պետությանը, որ չի հրաժարվելու իր պատմական հայրենիքից ու ֆինանսական միլիարդավոր փոխհատուցումից: Հիշում ենք եւ պահանջում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
