ԻՆՉՈ՞Ւ ՎՐԱՍՏԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԻԶԱԽՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՎՈՐԵԼ
Արխիվ 12-16ԻՆՉՈ՞Ւ ՎՐԱՍՏԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԻԶԱԽՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՎՈՐԵԼ
Հիմա, երբ անգամ Եվրոպան է բացել աչքերն ու հոգեւոր, քաղաքական, հասարակական ամենաբարձր մակարդակներով բարձրաձայնում է պատմական ճշմարտության մասին` նշելով, որ 1915 թվականին 1,5 միլիոն հայերի կոտորածը ցեղասպանություն էր, էլ ավելի անտրամաբանական է դառնում մեր որոշ դաշնակից ու հարեւան երկրների անտարբերությունը համազգային ցավի նկատմամբ: Այս հանատեքստում նշենք, որ ԵՏՄ գործընկեր պետություններից Բելառուսն ու Ղազախստանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին չեն մասնակցի երկրի առաջին դեմքերով, իսկ Հայոց ցեղասպանությունն առ այսօր չճանաչած հարեւան Վրաստանն ընդհանրապես լուռ է այս հարցում: Հենց այս ամենի շուրջ էլ «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ հետ:
– Ըստ Ձեզ, Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ի՞նչ կարող ենք այս պահին ակնկալել հարեւան Վրաստանից, երբ ողջ աշխարհն է այսօր բարձրաձայնում Ցեղասպանության մասին:
– Վրաստանն առանձնահատուկ հարաբերություններ ունի տարածաշրջանում, նաեւ ջերմ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, եւ բավական խորը տնտեսական ու քաղաքական հարաբերություններ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Հատկապես Սահակաշվիլու կառավարման տարիներին Վրաստանը շատ մեծ ծավալով տնտեսական առումով ընկավ թուրք-ադրբեջանական տանդեմի տնտեսական ազդեցության տակ: Այս տեսանկյունից Վրաստանը խնդիր ունի, եւ պետք է ինչ-որ տեղ ըմբռնումով մոտենալ Վրաստանի վարքագծին` Ցեղասպանության հարցում նրանց դիրքորոշման հետ կապված: Վրաստանում Ադրբեջանը եւ Թուրքիան հսկայական ներդրումներ են կատարել իրենց համար եւ այդ հսկայական տնտեսական ազդեցությունը, բնականաբար, վերածվում է քաղաքական ազդեցության: Իշխանություններն իհարկե փորձ անում են թուլացնել թուրք-ադրբեջանական տանդեմի տնտեսական ազդեցությունը Վրաստանում, բայց դա մի օրվա գործ չէ: Եվ բնական է, որ այդ տեսանկյունից Վրաստանը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում գործուն քայլեր անելու դեպքում լուրջ խնդիրներ կունենա Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, որը շատ մեծ բարդություններ կառաջացնի իրենց համար: Իհարկե, շատ ցանկալի կլիներ, որ Վրաստանը կարողանար քաղաքական խիզախություն դրսեւորել եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց քաղաքականության մեջ «խիզախություն» կամ այլ տերմիններ կիրառելը պրակտիկ չեն, կան իրական, գլոբալ շահեր, եւ այդ շահերն է սպասարկում յուրաքանչյուր երկրի վարած քաղաքականությունը:
– Բայց այսօր անգամ Թուրքիայի հին բարեկամ Գերմանիան է ճշմարտությունը վեր դասում իր երկրի շահերից եւ ապրիլի 24-ին գերմանական Բունդեսթագը պաշտոնապես պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
– Համաձայն եմ, թեպետ դեռ ոչինչ չի ասել Գերմանիան, բայց մենք ակնկալում ենք, որ կասի: Բայց եկեք չմոռանանք, որ Գերմանիան 85 միլիոնանոց գերհզոր պետություն է եւ Եվրամիության առաջատար երկիրն է: Հետեւաբար, Գերմանիային ավելի հեշտ է հաղթահարել քաղաքական կաշկանդվածությունները, քան Վրաստանի նման երկրին:
– Իսկ ի՞նչ կասեք մեր ԵՏՄ գործընկերոջ` Բելառուսի մասին, որի նախագահը ապրիլի 24-ին նախընտրեց ոչ թե լինել դաշնակից Հայաստանում, այլ հենց Եվրամիության ճանապարհն ընտրած Վրաստանում:
– Յուրաքանչյուր պետություն իր քաղաքականությունն ու իր քաղաքական վարքագիծն ինքն է որոշում` ելնելով իր շահերից, իր առջեւ դրված հեռանկարային խնդիրներից, դրանց լուծումներից: Ես` որպես ԵՏՄ անդամ երկրի քաղաքացի, շատ կցանկանայի, որ ԵՏՄ երկրները մեծ ուշադրություն դարձնեին այս կարեւոր խնդրին` Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Եթե Ղազախստանի պարագայում հասկանալի է, որ չեն մասնակցում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներին` նախագահական ընտրությունների պատճառով, ապա Բելառուսի պարագայում, դա նրանց քաղաքական որոշումն է: Բայց պետք է նշենք, որ ԵՏՄ-ի հիմնադիր, առաջատար եւ շարժիչ ուժ ունեցող երկիրը` Ռուսաստանը, իր ողջ հզորությամբ եւ ամենաբարձր ներկայացվածությամբ մասնակից է լինելու 100-ամյա տարելիցի միջոցառումներին Հայաստանում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
