ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԳԵՐԴԱՍՏԱՆԻՆ ԲԱԺԻՆ ՀԱՍԱԾ ԿԻՍԱՎԱՅՐԵՆԻ ԵԿՎՈՐՆԵՐԻ ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ՎԱՅՐԱԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արխիվ 12-16ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԳԵՐԴԱՍՏԱՆԻՆ ԲԱԺԻՆ ՀԱՍԱԾ ԿԻՍԱՎԱՅՐԵՆԻ ԵԿՎՈՐՆԵՐԻ ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ՎԱՅՐԱԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀ արդարադատության նախարար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ այսօր իր անձնական բլոգում անդրադարձել է Ցեղասպանության արհավիրքով անցած իր գերդաստանին: Նա մասնավորապես նշել է. «Մշո Բուլանուխի Թեղուտ (Ղարաղալ) գյուղում ծնված եւ ընտանիք կազմած Նադո Մանուկյանի գերդաստանին եւս բաժին հասավ տեսնել կիսավայրենի եկվորների անմարդկային վայրագությունները: Նադոն զոհվեց թուրքի ձեռքով, իսկ նրա ընտանիքը ապրեց տնազրկման ու գաղթի ցավը:
Ադեն ստիպված էր միայնակ փրկել վեց ճակատագիր՝ Արամ, Վահան, Սոկրատ, Տոնո, Էրինազ, Սոսե զավակներին: Փախուստի մղձավանջում, հաղթահարելով ճանապարհի բարդությունները եւ ավազակային հետապնդումները, գետնանցման ժամանակ ընտանիքը կորցնում է փոքրիկ 4-ամյա Սոկրատին: Նրանք մազապուրծ հասնում են Արեւելյան
Հայաստան, սակայն արյան կանչը եւ հարազատական կարոտի ապրող զգացումը հանգիստ չի տալիս ընտանիքին: Որդիներից ավագը՝ 17-ամյա Արամը, արհամարհելով վտանգը, եղբորը գտնելու հույսով, գիտակցաբար մեկ անգամ եւս անցնում է այդ դժոխքով: Արամը մեծ դժվարությամբ վերադառնում է հարազատ գյուղ, հրաշքով գտնում Սոկրատին եւ տեղափոխում Արեւելյան Հայաստան:
Սոկրատ Մանուկյանը լուսահոգի պապս էր …»:
Հետագայում Հ. Մանուկյանի տոհմի հրաշքով փրկված փշրունքները ծիլեր են նետում Արեւելյան Հայաստանից մինչեւ Ֆրանսիա. «Սոկրատը հիմնվեց նախկին Սպիտակի շրջանի Հարթագյուղում (Ղալթախչի), որտեղ Բուրաստան տատիս հետ 8 զավակներ մեծացրին:
Ցեղասպանությունից ուղիղ մեկ դար անց որդիս՝ Ալեքսանդր Մանուկյանը, ով ջարդերից փրկված Սոկրատ պապիս այն ժամանակվա գրեթե հասակակիցն է, այսօր արդեն իր
տարիքին ոչ բնորոշ լրջությամբ հորիցս՝ Գերասիմ Մանուկյանից, հետաքրքրվում է իր արմատների, Եղեռնի եւ կորսված Հայրենիքի մասին… Ուրախ եմ, որ որդուս ձեւավորվող հայրենասիրությունը սնվում է մեր պատմության էջերից, եւ մեր տոհմի գեներով նրան փոխանցված ազգային հիշողության ուժով նա Մանուկյանների գերդաստանի ՎԱՂՎԱ պահանջատերն է լինելու»:
Իսկ վերջում ՀՀ արդարադատության նախարարը գրել է. «Հիշում ենք եւ պահանջում»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
