«ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ՈՒՂԵՂ, ՈՐԸ ԹՈՒՐՔԵՐԸ ՉՈՒՆԵՆ». ԳԵՐՄԱՆԵՐԵՆ ԵՐԳԻ ՊՐԵՄԻԵՐԱ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ
Արխիվ 12-16«ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ՈՒՂԵՂ, ՈՐԸ ԹՈՒՐՔԵՐԸ ՉՈՒՆԵՆ». ԳԵՐՄԱՆԵՐԵՆ ԵՐԳԻ ՊՐԵՄԻԵՐԱ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ
Այսօր գերմանաբնակ հայազգի երգիչներ ՀԱՅԿ ԿԱՍՊԱՐՈՎՆ ու ռեփեր ԴԱՎԻԹԸ հանրության դատին են հանձնել իրենց նոր զուգերգի տեսահոլովակը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ի դեպ, երգը, որը կոչվում է «Հիշում ենք» («We Remember»), գերմաներեն ռեփ է` համեմված հայկական հնչյուններով: Տեսահոլովակի պրեմիերայի առթիվ «Իրավունքը» կապ հաստատեց եւ զրուցեց Հ. ԿԱՍՊԱՐՈՎԻ հետ:
- Ինչպե՞ս ծնվեց գաղափարը` Հայոց ցեղասպանության մասին երգել գերմաներեն:
- Երգի գաղափարը Դավիթին էր: Եվ քանի որ ապրիլի 21-ին միայն իմացա այս երգի մասին եւ լսեցի, մտահաղացում առաջացավ, որպեսզի որպես երկրորդ ձայն` հնչի իմ կատարմամբ «Դլե յամանը»: Համոզված եմ, որ գերմանացիներն էլ կլսեն այս երգը եւ այդ իսկ պատճառով որոշեցինք, որ հայկական շունչ նույնպես լինի երգում:
- Հայկ, Ձեզ հայրենիքում բոլորն են ճանաչում, իսկ ի՞նչ կպատմեք ռեփեր Դավիթի մասին:
- Դավիթն էլ հայտնի է Գերմանիայում եւ ունի իր լսարանը: Նրա մի շարք հայտնի երգերից, հատկապես ամենատարածվածը «Պարի քուրո» երգն է:
- Այնուամենայնիվ, բավական հետաքրքիր համադրություն է ստացվել` գերմաներեն ռեփն ու հայկական երգի ելեւէջները: Ձեր եւ Դավիթի համագործակցությունը կշարունակվի՞ այսպիսի նախագծերով:
- Չեմ բացառում, միգուցե նաեւ լինեն այլ համագործակցություններ Դավիթի հետ, բայց այս անգամ ոչ թե մեկ օրում կփորձենք աշխատել երգի վրա, այլ երկար ժամանակ: Բայց մոտ ժամանակներս ավելի շատ կենտրոնացած կլինեմ իմ անհատական ծրագրերի վրա:
- Մի քանի բառով կասե՞ք, թե ինչի մասին է երգի գերմաներեն հատվածը:
- Գերմաներենից թարգմանվում է մոտավորապես այսպես. «100 տարի է, որ մեր վերքերը բաց են: Միլիոնավոր մարդկանց գազանաբար սպանել են ու մինչ այսօր փորձում են չընդունել իրենց մեղքը: Աղոթում ենք` զոհվածների հիշատակի համար: Մեզ զենք հարկավոր չէ, իրենց հետ հաշվեհարդար լինելու համար: Մենք ունենք ուղեղ, որը թուրքերը չունեն»:
- Ի դեպ, վստահ եմ` տեղյակ եք, որ Գերմանիայի նախագահը բարձրաձայնեց Հայոց ցեղասպանության մասին: Ինչպիսի՞ տրամադրություններ են տիրում այս ամենի վերաբերյալ Գերմանիայում:
- Իհարկե, ուրախացանք բոլոր հայերս էլ, ովքեր բնակվում են Գերմանիայում, երբ այսօր լուրերով լսեցինք Գերմանիայի նախագահ Յոհակիմ Գաուկի ելույթը: Ավելին`այսօր գերմանական հեռուստաալիքների լուրերով Հայաստանն էին ցույց տալիս եւ մի տեսակ կարոտը խեղդում էր…
Նշենք, որ Հ. Կասպարովը զրույցի վերջում ընդգծեց, որ անպայման ապրիլի 25-ին մասնակցելու է Բեռլինում կայանալիք երթին` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
