ԶԵԿՈՒՅՑՆԵՐ`ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ
Արխիվ 12-16ԶԵԿՈՒՅՑՆԵՐ`ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ
Հայաստանում անցկացվող ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակներում ապրիլի 22-ին Հայաստանի ազգային գրադարանի Մատենագիտության եւ գիտական հետազոտությունների բաժնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ զեկուցում`նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Զեկուցումների հիմնական թեմաները կապված էին Ֆրանսիայի ու Հայոց ցեղասպանության, ինչպես նաեւ Ֆրանսիայում հայկական գաղութի ձեւավորման հետ:
Անդրադառնալով հայ-ֆրանսիական պատմական կապերին, Մատենագիտության եւ գիտական հետազոտությունների բաժնի առաջին կարգի մատենագետ ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ փաստեց, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները ձեւավորվել են դեռ վաղուց: Իսկ ահա 5-7-րդ դարերում հայ վաճառականները սկսել են իրենց առեւտրական գործունեությունը ծավալել Ֆրանսիայում: 9-10-րդ դարերում Ֆրանսիում արդեն մեծ հետաքրքրություն էր ցուցաբերվում հայոց լեզվի նկատմամբ.«Հայ ֆրանսիական հարաբերությունները չեն սահմանափակվել միայն առեւտրական մակարդակում: Ճարտարապետության մասնագետները նկատում են, որ ֆրանսիական որոշ հուշարձաններ նման են հայկական հուշարձանների: 8-րդ դարում Ֆրանսիայում հայկական ոճով եկեղեցի է կառուցվել: Ֆրանսիայում հայկական գաղութը պաշտոնապես ձեւավորվել է 11-րդ դարում»,-նշեց Գ. Հարությունյանը եւ ավելացրեց, որ հայերը Ֆրանսիայում մասնակցություն են ունեցել ոչ միայն ճարտարապետության եւ առեւտրական գործերում, այլեւ դարձել են կարեւոր պատվիրակությունների անդամներ:
Անդրադառնալով ներկայիս հայ-ֆրանսիական հարաբերություններին Մատենագիտության եւ գիտական հետազոտությունների ենթաբաժնի վարիչ ՇՈՂԻԿ ՈՍԿԱՆՅԱՆԸ շեշտեց, որ այսօր Ֆրանսիայում բնակվում է 450-500 հազար հայ: Շնորհիվ մեծ հայկական համայնքի, Ֆրանսիայում գործում է մի քանի տասնյակ հայկական կազմակերպություններ.«Ֆրանսիայում, որտեղ արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը տարբեր տարիների ընթացքում կառուցվել են բազմաթիվ հուշարձաններ`նվիրված Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Ֆրանսիայում անցկացվեց բազմաթիվ միջոցառումներ, որոնք շարունակվում են մինչ օրս»,-ընդգծեց Շ. Ոսկանյանը եւ մանրամասնեց բոլոր այն միջոցառումները, որոնք այս օրերին իրականացվում են Ֆրանսիայում`ի հիշատակ Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Առաջատար մատենագետ ՍՏԵՓԱՆ ՊԵՏՈՅԱՆՆ էլ ընդհանուր տեղեկություններ հաղորդեց, թե ինչպես է ֆրանսիական մամուլը անդրադարձել Հայոց ցեղասպանությանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
