«ՀԱՎԵՐԺԻ ՈՒՂԻ». ԲԱՑԱՌԻԿ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ` ՆՎԻՐՎԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ
Արխիվ 12-16«ՀԱՎԵՐԺԻ ՈՒՂԻ». ԲԱՑԱՌԻԿ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ` ՆՎԻՐՎԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ
Օրերս «Հայ Արտ» մշակութային կենտրոնում կայացավ լուսանկարիչ ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսը, որը կրում էր «Հավերժի ուղի» խորագիրը: AAD.am կայքի եւ Green way տուրիստական ընկերության ջանքերով կազմակերպված այս ցուցահանդեսը մշակութային հարկի ներքո էր հավաքել մշակութային, կրթական, հասարակական, պետական գործիչների, ովքեր երիտասարդ ջութակահար ԴԱՎԻԹ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ «Կռունկի» երաժշտության ներքո վերապրեցին հայի անցած ճանապարհը` Հայոց ցեղասպանության արհավիրքից մինչեւ սումգայիթյան ջարդեր, որոնք արտացոլված էին լուսանկարներում:
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ԴՊՐՈՑՆԵՐ
Ցուցահանդեսի մասին «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցել հենց լուսանկարչի` ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ` նախեւառաջ պարզելով, թե որքան ժամանակ է աշխատել` «Հավերժի ուղին» ներկայացնելու համար.
- Կոնկրետ այս ցուցադրության վրա մեկ-մեկուկես ամիս ենք աշխատել: Ցուցադրությունն այսօր կտեւի մինչեւ ժամը 21:00-ն, որից հետո կտեղափոխվի դպրոցներ, որպեսզի երիտասարդ սերունդը տեսնի, որ այսպիսի ոճրագործություններ են տեղի ունեցել:
- Ցուցադրության մեծ մասը Ձեր կողմից վերամշակված պատմական լուսանկարներ են: Ինչպե՞ս հաջողվեց այդ մեծ աշխատանքն իրականացնել կարճ ժամանակամիջոցում:
- Կոնկրետ 6 նկար լուսանկարել եմ ինքս, որոնց թվում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը, իսկ մնացած 17 լուսանկարը վերամշակման են ենթարկվել իմ կողմից: Այդ նկարները վերամշակել ենք, որպեսզի ստանանք դրանց որակյալ տարբերակներն ու այդ ֆայլերը չկորեն, հակառակը` ավելի տարածվեն: Այս շարքում կան շատ նկարներ, որոնք բացառիկ կադրեր են, ուղղակի, մի քիչ դաժան տեսարաններ են, եւ ես չցանկացա դա ցուցադրության մեջ ավելացնել:
«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՄԵՆՔ ԽՈՍԵՆՔ, ԹԵ ՉԽՈՍԵՆՔ, ԴԱ ՄԵՐ ՄԵՋ Է»
Ցուցադրությանը ներկա տարբեր ոլորտներում հայտնի գործիչներից շատերն արտահայտեցին իրենց տպավորությունները` ցուցահանդեսի մասին, միեւնույն ժամանակ անդրադառնալով նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հոգեբան ԻՐԻՆԱ ԾԱՏՈՒՐՅԱՆԸ նշեց. «Ցեղասպանության մասին մենք խոսենք, թե` չխոսենք, դա մեր մեջ է: Հատկապես ովքեր ունեն Արեւմտյան Հայաստանի արմատներ ապրիլի 22-24-ը իրենք, սովորաբար, վատ են զգում ու չեն հասկանում, ինչի հետ կարելի է կապել: Ես` որպես հոգեբան, հիմա ուզում եմ այդ մասին երկու բառով ասել. դա պատմական հիշողությունն է, որ դու կարող ես չբարձրաձայնել, բայց դա քո մեջ է»: Խոսելով 100-ամյա տարելիցի մասին` տիկին Ծատուրյանն ընդգծեց. «Մենք ազգովի, երեւի, պետք է հասկանանք մեր ռազմավարությունն ինչ է լինելու, որովհետեւ կանցնի ապրիլի 24-ը, եւ մենք պետք է մտածենք, թե ինչ ենք անելու 24-ից հետո: Շարունակական պիտի լինի այս ամենը, ոչ թե փոքրիկ կամ մեծ միջոցառումներով դա նշենք, իսկ հետո էլ ոչինչ չանենք ու մոռանանք»:
Իսկ կոմպոզիտոր ՆԱՐԻՆԵ ԶԱՐԻՖՅԱՆԸ հավելեց. «Շատ լավ նախաձեռնություն է, նկարները շատ ազդեցիկ են եւ մեծ աշխատանք է արված նկարչի կողմից: Ի վերջո, ամեն մեկը պետք է պայքարի յուրովի` այնպես, ինչպես կարող է: Մշակույթի գործիչն էլ պետք է պայքարի մշակույթի համար, չէ որ դա էլ հզոր զենք է մեր ձեռքում: Ողջունում եմ այս ցուցահանդեսը կազմակերպող երիտասարդներին, որովհետեւ նրանց կողմից արվում է շատ մեծ աշխատանք, ինչը կնպաստի մեր Ցեղասպանության ընդունմանը ողջ աշխարհում»:
«ՈՒԶՈՒՄ ԵՄ, ՈՐ ՍԱ ՀԱՎԵՐԺ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ՄՆԱ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՄՈՏ»
Դերասանուհի ԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ նույնպես նախեւառաջ շնորհակալություն հայտնեց այս ցուցահանդեսը կազմակերպելու համար, ապա ասաց. «Ապագա սերունդը պարտավոր է իմանալու, թե ինչ է կատարվել մի քանի սերունդ առաջ: Ուզում եմ, որ սա հավերժ հիշողություն մնա մեր բոլոր սերունդների մոտ: Ամեն տարի այս օրերին ես մեծ ողբերգություն եմ ապրում, որովհետեւ 1915 թվականին մենք կորցրեցինք մեր արյունակիցներին»:
Իրավաբան ՀԱՅԿ ԵԳԱՆՅԱՆԸ գտնում է, որ ցուցահանդեսը շատ կարեւոր քայլ է
երիտասարդների կողմից. «Ողջունում եմ կազմակերպիչներին եւ ցանկանում եմ, որ ոչ մի ազգ այլեւս չկրի այս ծանր փորձությունը, որ տեղի ունեցավ 1915 թվականին: Այն, ինչ ենթադրում է պատերազմ, պարտադրելու է խաղաղութուն, սա է լինելու լավագույն սփոփանքը մեր ազգի»:
«ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՊԱՀԱՆՋԱՏԵՐ ԼԻՆԵՆՔ»
Հաղորդավար ԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ եւս խոսեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շուրջ իր մտորումների մասին. «Հատկապես այս տարի իմ
նպատակն է, իմ երազանքն է, որպեսզի երիտասարդ սերունդը ո՛չ թե ողբա, ո՛չ թե լացի, այլ մենք պետք է պահանջատեր լինենք: Այլեւս պետք է մեկ ուրիշ հարթության վրա պայքարենք ու բարձրաձայնենք իրողությունը: Պետք է երիտասարդները լինեն առավելագույնս գրագետ, որպեսզի ցանկացած հարթության վրա կարողանանք պայքարել, բանավիճել եւ պահանջել այն, ինչ կորցրել ենք 1915 թվականին: Մենք հիմա տեղափոխվում ենք նոր ժամանակաշրջան, այլեւս լաց ու կոծով ոչինչ չենք կարող ասել: Նոր անկախության սերունդը վստահ եմ, որ հաղթահարելու է դա: Կեցցե՛ անկախանության սերունդը»:
«ԹՈՒՐՔԸ ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ ԷԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ՑԵՂԱՍՊԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ»
Ամփոփելով 1,5 միլիոն Սուրբ նահատակների հիշատակի երեկոյի վերածված միջոցառումը` ցուցահանդեսի կազմակերպիչ, խմբագիր ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆՆ ասաց. «Լուսանկարիչ Գագիկ Սարգսյանի հետ երկար ժամանակ է, ինչ աշխատում ենք «Հավերժի ուղի» նախագծի վրա, որը բաժանել ենք ըստ պատմական երեք իրադարձությունների: Այն է` Հայ-ազատագրական շարժում, Հայոց ցեղասպանություն ու գաղթի ուղի եւ ավարտում ենք Սումգայիթի, Բաքվի ջարդերին ու արցախյան գոյամարտին նվիրված հուշակոթողներով: Ի նշան այն փաստի, որ թուրքը մեր օրերում էլ շարունակում է իր ցեղասպան գործունեությունը: Մեր նպատակն էր, որ Ձեր առջեւ դրված բոլոր
լուսանկարները ստանան այնպիսի տեսք, շնորիվ որոնց մեր եկող սերունդների համար կլինեն էլ ավելի հասանելի: Այս նյութերը իրենց մեջ կրում են կրթական բնույթ, որպեսզի հայ աշակերտը, սանը պատկերավոր տեսնի սեփական ազգի տանջանքն ու այսպես իրական փոխանցի սերնդեսերունդ»: Եվ, իհարկե, յուրաքանչյուր իրականացած աշխատանքի համար պետք է շնորհակալ լինել ու շնորհակալությունների շարքին անդրադառնալով` Մ. Խուրշուդյանը շեշտեց. «Այս ամենի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Գրին վեյ» տուրիստական ընկերության տնօրինությանը` տնօրեն Թելման Թադեւոսյանի ղեկավարությամբ, ով իր գործարարությունից բացի նաեւ ուշադրության
կենտրոնում է պահում հայանպաստ ցանկացած միջոցառում եւ աշխատանք: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Հայ Արտ» մշակութային կենտրոնին` մերօրյա հայուհու բացառիկ կերպարներից մեկի` տիկին Ռիտա Շարոյանի ղեկավարությամբ` իր հյուրընկալ դռները բացելու եւ մեզ սիրահոժար ընդունելու համար: Շնորհակալ ենք Ձեզ, որ Ձեր ներկայությամբ պատվել եք մեզ ու մասնակիցն եք այն նախաձեռնության, որը կարեւոր ու անհրաժեշտ է ամենքիս համար»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
