«ԵՐԵԿ ԱՍՈՒՄ ԷԻՆ, ՈՐ ՎԱՂՎԱ ՕՐԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆՆ Է, ԱՅՍՕՐ ԱՐԴԵՆ ԵԿԵԼ Է ԱՅԴ ՎԱՂԸ» (ՊՐԵՄԻԵՐԱ)
Արխիվ 12-16«ԵՐԵԿ ԱՍՈՒՄ ԷԻՆ, ՈՐ ՎԱՂՎԱ ՕՐԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆՆ Է, ԱՅՍՕՐ ԱՐԴԵՆ ԵԿԵԼ Է ԱՅԴ ՎԱՂԸ» (ՊՐԵՄԻԵՐԱ)
Էլ ով, եթե ոչ ուսանողները չպիտի ողջ աշխարհում հնչեցնեն Ցեղասպանությունից անգամ 100 տարի անց ձայնը հայի` ասելով` «Հիշում ենք ու պահանջում»: Հենց ասվածի վառ ապացույցն էլ ուսանողական միացյալ ուժերով ստեղծված «Ձայնը հայի» վերնագրով երգն է ու երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված վերոնշյալ նոր երգի ու տեսահոլովակի մասին էլ «Իրավունքը» զրուցեց երգի խոսքի եւ երաժշտության հեղինակ, տեսահոլովակի ռեժիսոր ՍՈՒՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ հետ, ով նախեւառաջ, համեստաբար նշեց.
- Ես երաժշտությամբ զբաղվում եմ սիրողական մակարդակով, թեպետ, նվագում եմ համալսարանի` իմ իսկ կողմից ստեղծված «Carpe diem» ջազ-բենդում, որտեղ պրոֆեսիոնալներ են: Առհասարակ երաժշտության մեջ բավականին կարճ ժամանակ է, ինչ գործունեություն եմ ծավալում, եւ «Ձայնը հայի» երգի տեսահոլովակը իմ առաջին ռեժիսորական աշխատանքն էր:
- Սուրեն, իսկ ինչպե՞ս ծնվեց այսպիսի երգ ստեղծելու գաղափարը:
- Երգն իմ նախաձեռնությունն էր, որն ընդգրկվեց ՀՊՄՀ ուսանողական խորհրդի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքում: Սկզբում ստեղծվեց երաժշտությունը, հետո երգի տեքստը, իսկ վերջում Վարդան Գալստյանը կատարեց գործիքավորումը: Այնուհետեւ, փուլ առ փուլ ստացանք այն, ինչ այսօր հանձնել ենք հանրության դատին:
- Ովքե՞ր են երգի կատարողները:
- Երգիչները, ինչպես եւ տեսահոլովակի ողջ թիմը` օպերատոր, մոնտաժող, Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողներն են (օպ.` Հայկ Մանուկյան, մոնտաժ.`Աղվան Ասոյան), ովքեր ներկայացնում են տարբեր ֆակուլտետներ: Ի դեպ, երգիչներից ոչ բոլորն ունեն երաժշտական լուրջ կրթություն` հանձինս ինձ: Ես հոգեբան եմ ու նույնիսկ նոտա չգիտեմ:
-Որքա՞ն ժամանակ տեւեց երգի պատրաստման, տեսահոլովակի նկարահանման աշխատանքները:
- Երգը ստեղծվել է բավականին կարճ ժամանակահատվածում, աշխատանքային ընթացքը տեւել է մոտ երկու շաբաթ: Իսկ տեսահոլովակը նկարահանվել եւ մոնտաժվել է երկու-երեք օրում:
- Երգը կոչվում է «Ձայն հայի», ըստ Ձեզ, ուսանողների ձայնը ավելի՞ հասանելի կլինի աշխարհին:
- Երեկ ասում էին, որ վաղվա օրը երիտասարդներինն է, այսօր արդեն եկել է այդ վաղը: Կարծում եմ` փոփոխություններ քաղաքական հարթակից զատ կարող է անել միայն երիտասարդն` անկախ սոցիալական կարգավիճակից` լինի ուսանող, թե` ոչ:
- Ի դեպ, եթե օբյեկտիվ լինենք, չենք կարող չասել, որ վերջին օրերին Հայոց ցեղասպանությանը նվիրված բազմաթիվ նոր տեսահոլովակներին ու երգերին, որոնք հայտնի երգիչ-երգչուհիներ են կատարում, Ձեր երգը չզիջեց, ավելին` այն առնվազն լավագույնների շարքում է:
- Երգն ու նրա հաջողությունը միայն ինձ վերագրելը ճիշտ չեմ համարում, որովհետեւ, ինչպես տեսնում եք, տասնյակ մարդիկ են աշխատել, երգել տեսահոլովակում: Հավաստիացնում եմ Ձեզ, որ մոտ այդքանն էլ կադրից դուրս են մնացել, բայց իրենց ներդրումն այս կամ այն կերպ կատարել են երգի ստեղծման մեջ: Իսկ նման գնահատականի համար, իհարկե, ուրախ եմ, որովհետեւ, եթե նույնիսկ մեկը հավանի ու մեկից ավել անգամ դիտի տեսահոլովակը կամ լսի երգը, ուրեմն` մեր աշխատանքը զուր չէր, ու կարողացել ենք հասցնել թեկուզ մեկին մեր խոսքը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
