«ԳՐԱԿԱՆ ՏԱՊԱՆԸ» ԱՇԽԱՐՀԻՆ ՄԻ ՔԱՆԻ ԺԱՄՈՎ ԴԱՐՁՆՈՒՄ Է ՀԱՅ
Արխիվ 12-16«ԳՐԱԿԱՆ ՏԱՊԱՆԸ» ԱՇԽԱՐՀԻՆ ՄԻ ՔԱՆԻ ԺԱՄՈՎ
ԴԱՐՁՆՈՒՄ Է ՀԱՅ
Հայ գրականությունն աշխարհի ժողովուրդներին ներկայացնելու, համաշխարհային մշակույթի երակի համազարկին համընթաց քայլելու, նաև այլոց Հայաստանը հենց իրենց` գրողների աչքերով գեղարվեստորեն մատուցելու առաքելությունն ունի <<Գրական տապան>> փառատոնը: Այն սովորաբար աշնանն է կազմակերպվում՝ միավորելով հայ մշակույթով հետաքրքրված գրողներին, թարգմանիչներին: Այն նաև հայ և այլազգի մտավորականների միջև անմիջապես երկխոսելու, հայ մշակութային ժառանգությունը ներկայացնելու, հայ ժամանակակից գրողների գործերը տարբեր ժողովուրդներին թարգմանության միջոցով ճանաչելի դարձնելու ուղի է:
2015-ին, սակայն, նկատի առնելով մեզ համար նշանակալի այս տարեթիվը, <<Գրական տապանը>> հայոց գրական ալիքների մեջ իր <<նավարկությունն>> սկսեց ապրիլին: Նրան մասնակցելու են հրավիրվել գրչի մշակներ աշխարհի տարբեր ծայրերից, բոլորն էլ՝ հայ մշակույթի գիտակներ, որոնք արդեն իսկ նշանակալից ներդրում ունեն հայ գրականության գանձերն իրենց ժողովուրդներին թարգմանաբար ներկայացնելու գործում: Եվ ոչ միայն: Նրանք իրենց հրապարակումներով, հուշագրություններով, Հայաստանից տարած տպավորությունների հիման վրա գրած ստեղծագործություններով ներկայացնում են հայի տեսակը, մեր աշխարհն ու մշակույթը, պատմությունը, նաև հայոց հարցը՝ այսպիսով դառնալով մեր մշակութային դեսպանները ողջ աշխարհում: Նրանք լսում, տեսնում, իրենցն են դարձնում հայերի ճշմարտությունը և այն լսելի դարձնում ուրիշերի համար: Ահա այդպիսի երեք տասնյակ գրողներ էին իրենց հայ գրչընկերների հետ մասնակցում փառատոնի բացմանը, որ բնավ պաշտոնական չէր: Միակ պաշտոնական ողջույնը հնչեցրեց ՀՀ Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը՝ համառոտակի թվելով այն միջոցառումները, որ իրականացվել են Հայոց նախճիրի հարյուրամյա հիշատակության կապակցությամբ: Դրանք մեզանում և արտերկրում համերգներ են, ցուցահանդեսներ, թատերական ներկայացումներ, ֆիլմերի ցուցադրություններ և այլն: Դրանց շարքում առանձնակի տեղ ունի <<Գրական տապանը>>, ինչի նպատակը ևս մեկ դար առաջ տեղի ունեցած իրողությունը համաշխարհային հանրությանը հասանելի դարձնելն է: Գրականագետ Ա. Նիկողոսյանը խոսեց եղեռնազոհ մեր բանաստեղծների մասին՝ նկատելով, որ հայ լայն ընթերցողական շրջաններում նրանցից շատերի անունները մինչ օրս հայտնի չեն: Յաթաղանին զոհ դարձած մի քանի բանաստեղծից բացի բազում այլ գրողներ են նահատակվել, և նրանց անունները մոռացությունից փրկելու, նրանց ստեղծագործություններն ընթերցողին հասցնելու նպատակով առանձին գիրք է հրատարակվել: Հենց այդ հեղինակներից ընտրված 10 բանաստեղծների գործեր՝ հայերենով և թարգմանաբար <<Գրական տապանի>> մասնակից հայ և օտարազգի գրողներ կարդացին՝ այսպիսով միանալով ներկայումս սկիզբ առած՝ հայ գրականության գանձերի համաշխարհային ընթերցումներին: Բանաստեղծները մի առանձին ոգեղենությամբ կարդացին նահատակ հայ գրողներ Արտաշես Հարությունյանի, Տիրան Չրաքյանի, Սիամանթոյի, Մարի Պեյլերյանի, Գրիգոր Եսայանի, Դանիել Վարուժանի, Ռուբեն Սևակի, Տխրունու, Արմեն Դորյանի, Տոնապետ Այուլեճյանի բանաստեղծությունները: Վերջինիս տողերը՝ գրված աքսորում՝ մահվան սպասելիս, այն հազվագյուտ պատառներն են, որ հասել են նրանից մեր օրերը: <<Հայը թող բրածո նախատինքը լինի քաղաքակրթության>>,- նրա պարգամը հնչեցրին հայ և օտարազգի բանաստեղծները:
20-րդ դարասկզբի արևմտահայ բանաստեղծության նման բազմաձայնումը մի անգամ ևս ցույց տվեց, թե ինչպիսի գեղարվեստական մեծ շարժում է ընդհատվել մեր բանաստեղծների եղերական մահով: Սերբ բանաստեղծուհի Լյուբիցա Միլետիչը, որ թարգմանել ու Սերբիայում հրատարակել է հայ ժամանակակից գրողների ստեղծագործությունները, կարդաց Մեծ եղեռնի զոհերին նվիրված իր՝ <<Անձրևը Դեր-Զորում>> բանաստեղծությունը, իսկ նույնի՝ իր արած վարպետ թարգմանությունը ներկայացրեց բանաստեղծ Գագիկ Դավթյանը: Փառատոնի հիմնադիրներից մեկը լինելով՝ Դավիթ Մուրադյանն առանձին խոսքով ներկայացրեց Սերժ Վենտուրինիին, որը երկար տարիներ իրեն նվիրել է հայ գրականության թարգմանությանը (ֆրանսերեն թարգմանել է Սայաթ-Նովա, Չարենց, պատրաստել է հայ գրողների անթոլոգիա և այլն ): Ներկայումս էլ պատրաստում է հրատարակության միջնադարյան մեծ քնարերգու, վերածննդի գրականության ամենափայլուն գանձերի հեղինակ Նահապետ Քուչակի, նաև Չարենցի <<Երկիր Նաիրի>> վեպի թարգմանությունները: Վենտուրինիին Դ. Մուրադյանի ձեռամբ հանձնվեց <<Գրիգոր Նարեկացու>> անվան մեդալ: Խոսելով հայ գրականությունը թարգմանաբար ներկայացնելու՝ իր ստեղծագործական խոշոր ծրագրերի մասին՝ Վենտուրինին խոսեց ցեղասպանված ժողովրդի՝ իր ճշմարտությունը հաստատելու անժխտելի իրավունքի մասին. <<Պետք չէ՛ այլ բառեր, եզրույթներ փնտրել՝ 20-րդ դարասկզբին կատարվածին բնորոշումներ տալու համար: Դա լոկ դժբախտություն չէր, դա ցեղասպանությու՛ն էր>>: Դ. Մուրադյանը հիշեց Սպիրիդոն Լանգելիի խոսքերը, թե երբ կարդում է Վ. Սարոյանի <<Իմ անունը Արամ է>> ստեղծագործությունը, մի քանի ժամով հայ է դառնում: <<Նույնկերպ,- շարունակեց նա,- Մարկես կարդալիս՝ մի քանի ժամով իսպանացի ես դառնում, Եսենին կարդալիս՝ ռուս: Ամեն գրող ընթերցողին տանում է դեպի իր ժողովուրդը, իսկ մեծ գրողները՝ դեպի մարդը: Այն պոետների ձայները, որ հնչում էին այսօր, աշխարհին բերում են դեպի Հայաստան և Հայաստանը տանում դեպի աշխարհ>>: Հասմիկ Սարգսյան <<Գրական տապանը>> աշխարհին մի քանի ժամով դարձնում է հայ
Հասմիկ Սարգսյան
