Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

25 000 ԴՐԱՄԱՆՈՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արխիվ 12-16

25 000 ԴՐԱՄԱՆՈՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶԱԿՈՒԹՅԱՆ
ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Արդեն շուրջ մեկ տարի է, ինչ Հայաստանում առանց գրանցվելու գործում է "Ռուսաստանի եւ արտերկրների կազակական միություն" հասարակական կազմակերպությունը, որի հայաստանյան գրասենյակի ղեկավարը Սերգեյ Օհանջանյանն է, իսկ ՌԴ-ում` ոմն Պոդատեւ Պետրովիչ: Ընդ որում, մեր երկրում գոյություն ունի գրանցված, օրինական դաշտում գործող "Հայաստանի կազակների միությունը", որի մեջ ընդգրկված են նախկինում ստեղծված հինգ կազակական կառույցները: "Բայց նման անօրինական, ինչպիսին է "Ռուսաստանի եւ արտերկրների կազակական միություն" ՀԿ-ն, վարկաբեկում է ՀՀ-ում գործող "Հայաստանի կազակների միությանը" եւ թե առհասարակ երկրին",- մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց խմբագրություն դիմած աղբյուրը:
Սակայն տվյալ դեպքում, խնդիրը ոչ այնքան գրանցված կամ չգրանցված, ասենք նաեւ, "լավ կազակ" կամ "վատ կազակ" լինել-չլինելն է, որքան այն, որ մեր աղբյուրի տվյալներովª հիշատակված ՀԿ-ի նախագահ Սերգեյ Օհանջանյանը անդամագրվելու համար մարդկանցից 25 հազար դրամ է պահանջել` դրա դիմաց խոստանալով աշխատանքի տեղավորել կամ Հայաստանում, ավելինª նույնիսկ Ռուսաստանում: Գումարած դրան էլª պարոն Օհանջանյանն իրեն իրավունք է վերապահում սովորական քաղաքացիներին կազակական կոչումներ շնորհել` շարքայինից մինչեւ մայոր: Դե ո՞վ չի համաձայնի 25 հազար դրամով Ռուսաստանում լավ գործ ստանալª կապիտանի կամ մայորի կոչումն էլ վրադիր: Իսկ եթե անձը Ռուսաստան մեկնելու հնարավորություն չունի, ասենքª արգելանքի պատճառով, էլի խնդիր չէ. մեր զրուցակիցն այդ "ծառայության" մասով պատմեց. "Կոնկրետ անձնավորությունից` Արթուր Համբարձումյանից, ՌԴ մուտքի արգելանքը վերացնելու համար, իսկ չստացվելու դեպքումª նոր անձնագիր հանելու համար, պահանջել է հինգ հարյուր դոլարի չափ գումար: Սակայն այդպես էլ ո՛չ արգելանքն է վերացրել, ո՛չ էլ նոր անձնագիր է հանել":
Եվ, վերջապես, նույն տվյալների համաձայնª ՀԿ-ն, որ տեղակայվել է Գրողների միության շենքում, հասցրել է նաեւ մեկ միլիոն դրամ պարտք կուտակել` սենյակի վարձակալման համար:
Թե որքանով է իրականությանը համապատասխանում վերոնշյալ տեղեկությունը, եւ ո՞ր իրավունքով է պարոն Օհանջանյանը իրեն իրավունք վերապահում քաղաքացիներին կոչումներ շնորհել, այն դեպքում, երբ ՀԿ-ն նույնիսկ գրանցված չէ, փորձեցինք պարզել անձամբ պարոն Օհանջանյանից: Բայց վերջինս նախընտրեց "հարձակումը".
-  Նախ ասեմ, որ ՀԿ-ի ներսում կան ներքին տարաձայնություններ, որոշ անդամներ հեռացված են` իրենց ոչ պարկեշտ պահվածքի համար, եւ համոզված եմ, որ Ձեզ տեղեկատվություն տրամադրողը նրանցից մեկն է: Ամեն դեպքում ասեմ, որ մեր կազմակերպությունը, ոնց ասեմ, ընդհանուր կարելի է ասել, գրանցված է: Այսինքն` կան համապատասխան մարմիններ, որոնք գիտեն` ինչը որից հետո է:
- Այսինքն` գրանցվա՞ծ է, թե` ոչ:
- Այս պահին փաստաթղթերը Արդարադատության նախարարությունում են, եւ այս երկու օրը կստանանք ՀՀ-ի օրենսդրությանը համապատասխան գրանցման փաստաթուղթը:
- Նո՞ր եք գրանցվելու...
- Դե, եղել է` որպես մասնաճյուղ: Հիմա մենք փոփոխություններ ենք կատարել, եւ, որպես կենտրոն, ՀԿ-ի գլխամասը գրանցված կլինի Հայաստանում:
- Փաստորեն, ստացվում է, որ մեկ տարվա ընթացքում, մեղմ ասած, անօրինական գործունեությո՞ւն էիք ծավալում:
- Մենք գործում էինք մեր կանոնադրության համաձայն, մենք իրավունք ունենք մեր ներկայացուցչությունն ունենալ ԱՊՀ երկրներում:
- Իսկ ի՞նչ կասեք, որ Ձեր ՀԿ-ին անդամագրվելու համար 25 հազար դրամ գումար եք պահանջել:
- Այո, քանի որ ՀԿ-ն չի ֆինանսավորվում, մենք նման միջոցների ենք դիմում: Այսինքնª զուտ անդամավճարի մասին է խոսքը:
- Իսկ ո՞ր իրավունքով եք կոչումներ շնորհում քաղաքացիներին:
- Կոչումները տրվել են համապատասխան արժանիքների համար:
- Դո՞ւք եք այդ արժանիքները գնահատում:
- Ո՛չ, ՀԿ-ն ունի խորհուրդ, խորհուրդը ներկայացնում է գլխավորին, եւ գլխավորը մակագրում է: Ու, ընդհանրապես, ինչի՞ համար ես պետք է պատասխանեմ Ձեր հարցերին: Ես գիտեմ, որ իմ դեմ բողոքողները մեր իրականության թափթփուկներն են, դրանք ճիվաղներ են:
- Իսկ ի՞նչ կասեք այն բանի հետ կապված, որ Դուք քաղաքացուն խոստացել եք գումարի դիմաց նոր անձնագիր հանել:
- Ոչ, ոչ, ոչ. այդպիսի բան չի եղել:
- Իսկ ի՞նչն է պատճառը, որ Ձեր վարձակալած գրասենյակի մեկ տարվա վճարը չեք վճարել:
- Ինչի՞ համար եք ասում, դա կարեւոր չի: Ես հիմա էլ Գրողների միությունում եմ, սա էլ Ձեր հարցի սպառիչ պատասխանը:
Հավելենք, որ Գրողների միության հաշվապահը` տիկին Ալլան, մեզ հետ զրույցում փաստեց, որ պարոն Օհանջանյանը  գրասենյակի վարձակալման մեկ տարվա գումարը չի վճարել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ