«ԹՈՒՐՔԵՐԻ ՌԵԱԿՑԻԱՆ ԳՆԱԼՈՎ ԱՎԵԼԻ ԵՎ ԱՎԵԼԻ ՈՉ ԱԴԵԿՎԱՏ Է ԴԱՌՆՈՒՄ»
Արխիվ 12-16«ԹՈՒՐՔԵՐԻ ՌԵԱԿՑԻԱՆ ԳՆԱԼՈՎ ԱՎԵԼԻ
ԵՎ ԱՎԵԼԻ ՈՉ ԱԴԵԿՎԱՏ Է ԴԱՌՆՈՒՄ»
Ըստ մեր թերթի ունեցած տեղեկությունների` ԵԽԽՎ-ն պատրաստվում է Հայոց ցեղասպանության հարցին անդրադառնալ գրավոր հայտարարության տեսքով: ԵԽ ԽՎ պատվիրակների ճնշող մեծամասնությունը արդեն միացել է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» գրավոր հռչակագրին` չնայած թուրք եւ ադրբեջանցի պատվիրակների կողմից` հայտարարության ստորագրման դեմ տարվող հետեւողական աշխատանքներին ու ջանքերին:
Վերոհիշյալ հայտարարության եւ ԵԽ ԽՎ-ում տիրող տրամադրությունների շուրջ «Իրավունքը» կապ հաստատեց եւ զրուցեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ հետ:
«ԱՊԱԳԱՅԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԸՆԹԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ`
ԱՆՑՅԱԼԻՆ ԱԴԵԿՎԱՏ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ Է ՊԵՏՔ»
–Տիկին Նաղդալյան, Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցում մեր ունեցած հաջողությունները հիստերիա են առաջացնում Թուրքիայում, ու նրանք այլեւս չեն թաքցնում դա: Ինչի՞ կբերի այս ամենը:
– Կարծում եմ` թուրքերի ռեակցիան ամբողջ աշխարհում մեծ թափով ընթացող լայնածավալ եւ մասսայական ակցիաներին, քաղաքացիական հասարակության ինստիտուտների, պետությունների, կրոնական, միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպվող գործընթացների ճնշման տակ` գնալով ավելի եւ ավելի ոչ ադեկվատ է դառնում: Զգացմունքներն արդեն պարզապես տենդի տպավորություն են թողնում, եւ եթե Հայաստանի Հանրապետությունը եւ ամբողջ հայությունը կատարում են ոգեկոչման, անմեղ զոհերի հիշատակի ակցիաներ, թուրքերը իրենց ջղաձիգ պահվածքով միայն խորացնում են հարյուր տարի առաջ կատարվածի վերաբերյալ աշխարհի ընկալումը:
– Ի դեպ, որքանով տեղյակ ենք, առաջիկա օրերին ԵԽԽՎ-ն Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն է պատրաստվում ընդունել: Ինչպիսի՞ն էր ԵԽԽՎ օտարերկրյա պատվիրակների արձագանքը այս հարցում:
– ԵԽԽՎ-ի Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայտարարությանը միացողների թիվը գերազանցել է մեր Վեհաժողովում ընդունվող փաստաթղթերի համար անհրաժեշտ եւ ընդունված ցուցանիշները: Եվրոպացի պատվիրակների վրա ազդեցություն չեն թողնում թուրքերի պնդումները այն մասին, թե պետք է նայել առաջ, թե 100 տարի առաջ կատարվածի մասով մենք ոչինչ անել չենք կարող, ապագան է մեզանից կախված: Թե՛ Եվրախորհրդարանի, թե՛ Հռոմի պապի եւ թե՛ ԵԽԽՎ-ի այս հայտարարության հիմքում միտքն այն մասին է, որ ապագայի ուղղությամբ ընթանալու համար` անցյալին ադեկվատ գնահատական է պետք:
«ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆ ԻՐ ԻՍԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՏՎԵԼ Է
ԴԱՏԱՎՃԻՌ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ»
–Ի վերջո, ի՞նչ նպատակ են հետապնդում թուրքական այս ջղաձգումները:
– Թուրքիայի ղեկավարության կողմից արծարծվող` հանձնաժողովների, ուսումնասիրությունների, արխիվների բացման եւ նման հերթապահ մտքերը բոլորի համար պարզորեն միմիայն մեկ նպատակով են հարթակ նետվում` եւս մեկ անհաջող փորձ կատարել` խոսակցությունը գցելու անորոշությունների դաշտ: Իրենք շատ լավ գիտեն ցեղասպանագետների համաշխարհային ասոցիացիայի եւ նրա եզրակացությունների մասին, շատ լավ գիտեն թե՛ Վատիկանի եւ թե՛ եվրոպական մի շարք երկրների պահոցներում կենտրոնացված ծանրակշիռ փաստաթղթերի մասին: Նաեւ ուզում եմ հիշեցնել եւս մեկ բան, որի մասին նրանք նույնպես հրաշալի տեղեկացված են` այն, որ թուրքական դատարանն է դեռեւս 1919-1920 թվականներին իր իսկ դատարանում տվել պատասխանը եւ հնչեցրել կազմակերպիչների ու հանցագործների դատավճիռը, հրապարակել բազմաթիվ փաստաթղթեր, իշխանության որոշումներ եւ այլն, ու դա, ըստ էության, եղել է դատավճիռ թուրքական պետությանը:
– Այդ ամենը իմանալով հանդերձ` այսօր Թուրքիան շարունակելով ժխտողական կեցվածք ընդունել, ըստ Ձեզ, հույսն ինչի՞ վրա է դրել:
– Այս ամենը գիտեն, բայց մտածում են` այժմ ընթացքը շեղել, այլ ուղղությամբ տանել. հարյուրամյա տարելիցն անցնի, գուցե հայերը հետեւողական չլինեն եւ այլն, իրենք էլ, որքան կարող են, աշխարհի վրա «ռեալ պոլիտիկի» ճնշումները շարունակեն` մտածելով, որ աշխարհում ամեն ինչ վաճառվում կամ գնվում է:
«ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ՉԷ` ԳՆՎՈՒՄ ՈՒ ՎԱՃԱՌՎՈՒՄ»
Հավելենք, որ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում, որի օրակարգում թեեւ Հայաստանին առնչվող հարցեր ընդգրկված չեն, այնուամենայնիվ, մեր պատվիրակները օգտագործելով ելույթի իրենց իրավունքը` տարբեր ձեւաչափերում ակտիվ կերպով բարձրացնում են Հայաստանին ու ԼՂ-ին առնչվող կարեւորագույն հարցեր: Եվ «Ազատ քննարկման» ձեւաչափում տիկին Հ. Նաղդալյանը, օգտվելով ելույթ ունենալու հնարավորությունից, կրկին բարձրացրել է պատմական ճշմարտության վերականգնման խնդիրը` մասնավորապես նշելով. «Ապրիլի 24-ին աշխարհը, հայերիս հետ միասին, կոգեկոչի Ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակը: «Գենոցիդ» բառը սակրալ նշանակություն է ձեռք բերել ոչ միայն ժառանգների համար այն քրիստոնյաների, ովքեր 20-րդ դարասկզբին սպանվեցին Օսմանյան կայսրության տարածքում` իբրեւ երիտթուրքական կառավարության ծրագրված ու մանրամասն մշակված քաղաքականության իրագործում, այլեւ` ցեղասպանությունն իրագործածների: Այսօր թուրքերը` ընդդեմ Հայոց ցեղասպանության ճանաչման առաջադրում են «Մեզ միացրեք, ոչ թե բաժանեք» կարգախոսը: Ճիշտ կարգախոս է, մենք էլ ենք համաձայն փոխըմբռնումի, մենք էլ դեմ ենք բաժանարար գծերի խորացմանը, բայց մենք ուզում ենք, որ այդ միասնականության հիմքում լինի իրականության ադեկվատ գնահատականն ու պատմական ճշմարտությունը, ոչ թե պատմության խեղաթյուրումն ու կեղծիքը: Ու դա հայերիս սուբյեկտիվ ցանկությունը չէ, դա քաղաքակիրթ աշխարհի օբյեկտիվ գնահատականն է»: Անդրադառնալով ապրիլի 12-ին Հռոմի Սուրբ Պետրոս տաճարում մատուցված պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս պապի խոսքին, որ անցյալ դարում մարդկությունը ապրել է երեք ողբերգություն, որոնցից առաջինը հայերի ցեղասպանությունն է, ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարն ընդգծել է. «Հռոմի սրտում գտնվող Սուրբ Պետրոս տաճարում կաթոլիկ եւ ուղղափառ եկեղեցիների առաջին համատեղ պատարագն ապացուցեց, որ աշխարհում ամեն ինչ չէ գնվում ու վաճառվում:
Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ ու երկրներ ճանաչել են հայերիս ցեղասպանությունն ու դատապարտել ցեղասպանության ժխտողականությունը: Մենք գենոցիդը համարում ենք ոճրագործություն բոլորի դեմ, մարդկության ու մարդու կյանքի բնական իրավունքի դեմ: Առաջինը հայերն էին, երկրորդը` հրեաները: Ո՞վ է հաջորդը` ցեղասպանված ազգերի ցանկում: Ցավոք, այս հարցը բազում պատասխաններ է ստացել առաջին ցեղասպանությունից հետո` ադեկվատ գնահատականի պակասի պատճառով: 21-րդ դարում ի հայտ եկած ահաբեկչությունը` «Իսլամական պետություն» անունով, այսօր ճիշտ նույն մեթոդներով է քառատում, գլխատում, ողջակիզում քրիստոնյաներին, պայթեցնում ու ոչնչացնում համաշխարհային մշակույթի հուշարձանները, ինչպես արել են երիտթուրքերը: «Իսլամական պետության» գոյությունն այսօր պատասխանն է այն հարցի, թե ինչո՞ւ պիտի դատապարտվի ոչ միայն գենոցիդը, այլեւ գենոցիդի ժխտողականությունը»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Ստրասբուրգ-Երեւան
