ԳԵՐՄԱՆԻԱՆ ԵՎ ԱՄՆ-Ը ԿՃԱՆԱՉԵ՞Ն ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Նախօրեին Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆան Սայբերգը հայտարարեց, որ գերմանական կառավարությունը համաձայնել է, որ Հայոց ցեղասպանության հետ կապված` Բունդեսթագի կողմից ընդունվելիք հայտարարության մեջ ներառվի "ցեղասպանություն" տերմինը: Շ. Սայբերգը նաեւ ավելացրել էր, որ բանաձեւի ընդունման նախաձեռնությունը պատկանում է Բունդեսթագին, սակայն Հայոց ցեղասպանության վերաբերյալ կխոսի նաեւ Գերմանիայի Դաշնության նախագահ Գաուկը: Այսպիսովª
Գերմանիան այս բանաձեւի ընդունմամբ կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը, հնարավո՞ր է, որ նրան հետեւի ԱՄՆ-ը: Ահա այս հարցերի պատասխանը "Իրավունքը" փորձեց ստանալ հայաստանյան որոշ վերլուծաբաններից:
Քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ խոսքով` Գերմանիայի կողմից Ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման մի ձեւ է, որը մեծ ազդեցություն կունենա Եվրոպական միության երկրների վրա. "Վերջին շրջանի միտումները եւ զարգացումները ցույց են տալիս, որ Ցեղասպանության դատապարտման միջազգային պահանջ է առաջացել: Իմ կարծիքովª այս բանաձեւը միանշանակ լուրջ խնդիրներ է առաջացնելու թուրք-գերմանական հարաբերություններում: Մասնավորապեսª Թուրքիան ամեն ինչ կանի, որպեսզի Գերմանիայի մի քանի միլիոնանոց թուրքական համայնքն իր դժգոհությունն արտահայտի եւ որոշ չափով ազդի գերմանական իշխանությունների վրա: Բայց նաեւ նկատենք, որ վերջին շրջանում Թուրքիայի ժխտողական քաղաքականության բոլոր ջանքերը ձախողվում են: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ապա այս առումով առայժմ չեմ ցանկանում կանխատեսումներ անել: Նախ` հասկանալի է, որ Թուրքիան Ամերիկայի համար տարածաշրջանում կարեւոր դաշնակից է: Նաեւ փաստ է, որ համապատասխան ճնշումներն ԱՄՆ-ի վրա միայն դրսից չեն. կան նաեւ հզոր ներքին ճնշումներ, որոնք դժվարացնում են Օբամայի գործը: Բայց այս դեպքում էլ պետք է ասեմ, որ թե՛ Ամերիկայի հասարակությունը, թե՛ վերլուծական ու գիտական ոլորտներն արդեն իսկ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Եվ չպետք է բացառել, որ քաղաքական ոլորտն էլ կճանաչի":
Թուրքագետ ԼԵՎՈՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ եւս այն կարծիքին է, որ այն բանաձեւում, որը պատրաստվում է ընդունել Գերմանիան, շատ կարեւոր է, որ Բունդեսթագը 1915 թվականի վերաբերյալ հայտնի իր վերաբերմունքը, այլ ոչ թե կատարի ինչ-ինչ հղումներ: "Դեռ հստակ չէ, թե բանաձեւում ինչ ձեւակերպումներ են լինելու, բայց սկսված գործընթացն արդեն իսկ կարեւոր է: Իսկ ահա ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրն այլ բնույթ է կրում: Ես այդքան էլ լավատեսական չեմ տրամադրված, որ ԱՄՆ-ի Դաշնային կառավարությունը Ցեղասպանության ճանաչմանն ուղղված որոշակի քայլ կանի: Հարցի վերաբերյալ շատ կարեւոր է դաշնային իշխանության մոտեցումը եւ ճանաչումը: Ամերիկայում տեղի ունեցող թե՛ ներքաղաքական, թե՛ աշխարհաքաղաքական զարգացումների պարագայում դժվար է ասել, որ այդ երկիրն իր քաղաքական քայլերում կգնա փոփոխությունների":
Մեկ այլ թուրքագետª ԱՆԴՐԱՆԻԿ ԻՍՊԻՐՅԱՆՆ էլ, անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շուրջ ծավալվող գործընթացներին, նկատեց. "Հիմնականում եվրոպական երկրները եւ Ամերիկան կարծես թե լրջորեն փոխել են իրենց վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ: Խնդիրն այստեղ Հայոց ցեղասպանության ճանաչման կամ ժխտման հարցը չէ: Հայոց ցեղասպանության մասին այսքան շատ բարձրաձայնելը, Հռոմի պապի կողմից մեծ արձագանքը ցույց են տալիս Թուրքիայի նկատմամբ իմ նշած վերաբերմունքի փոփոխությունը. այս ամենի հիմնական նպատակը Թուրքիային իր իսկական տեղը ցույց տալն է: Այսինքնª այն երկրները, որոնք ներկայումս գնում են Ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը, էլի ավելի շուտ իրենց շահն են գերադասում: Ինչո՞ւ Գերմանիան նոր սկսեց գնալ այդ քայլին, մի՞թե այդ երկրում նոր իմացան, թե 1915 թվականին ինչ է տեղի ունեցել: Իհարկեª այս կերպ Գերմանիան պարզապես իր իսկ շահերն է հետապնդում: Իսկ կոնկրետ այդ բանաձեւի ընդունումով դժվար է ասել, որ Գերմանիան միաժամանակ նաեւ պաշտոնապես կընդունի Հայոց ցեղասպանությունը":
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
