"ՉՊԵՏՔ Է ԹՈՒՅԼ ՏԱՆՔ, ՈՐ ՄԵԶ ՎՐԱ ԱԶԴԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍԵՎ ՓԻԱՌԸ"
Արխիվ 12-16"ՉՊԵՏՔ Է ԹՈՒՅԼ ՏԱՆՔ, ՈՐ ՄԵԶ ՎՐԱ ԱԶԴԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍԵՎ ՓԻԱՌԸ"
Երեկ ՀՀ Ազգային ժողովը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ դատապարտող հայտարարություն ընդունեց, որից հետո տեղի ունեցավ փակ խորհրդակցություն: Խորհրդակցությունից հետո "Ժառանգության" պատգամավոր Թեւան Պողոսյանն "Իրավունքին" հայտնեց, որ խորհրդակցության ընթացքում հանձնարարականներ են տրվել պատգամավորներին` ապրիլի 23-24-ի կապակցությամբ: "Անվտանգության նկատառումներից ելնելով` հանձնարարականների մասին չի հրապարակվում",- ասաց պատգամավորը: Ծագումով արցախցի ընդդիմադիր պատգամավորից "Իրավունքը" նաեւ պարզեց` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի` ապրիլի 24-ին Երեւան չայցելելը արդյո՞ք հերթական անգամ առիթ չի տա Ադրբեջանին` առաջ քաշել այն կեղծ թեզը, թե իբր լուրջ տարաձայնություններ կան Արցախի ու Հայաստանի միջեւ: "Դա մեզ համար երկրորդական հարց է: Մենք չպետք է թույլ չտանք, որ մեզ վրա ազդի Ադրբեջանի սեւ փիառը",- կարծում է քաղաքական գործիչը:
Մտահոգիչ չէ՞, որ դեռ հայտնի չէ, թե պաշտոնական Ստեփանակերտը ինչ կազմով է ապրիլի 24-ին ներկա լինելու Երեւանում: "Ինձ համար մտահոգիչ չէ, քանի որ Արցախն ունի իր ծրագրերը, որոնք փորձելու են իրականացնել: Եկեք հարգենք անկախ պետության դիրքորոշումն ու գիտակցումը",- պատասխանեց ընդդիմադիր պատգամավորը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
