«ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿԱՆԳՆԱԾ Է ՄԵՐ ՀԵՏԵՎՈՒՄ, ՉԳԻՏԵ՞Ք»
Արխիվ 12-16«ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿԱՆԳՆԱԾ Է ՄԵՐ ՀԵՏԵՎՈՒՄ, ՉԳԻՏԵ՞Ք»
Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամ ԽԱՉԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ «Հիմնադիր խորհրդարան»-ի կալանավորված անդամներին ազատ արձակելու պահանջով հայտարարել էր, որ նստացույց եւ հացադուլ են սկսելու: Այս մասին «Իրավունքը» զրուցեց հենց նրա հետ:
–Հացադուլը սկսվել է, այնպես որ գործընթացը գնաց: Երեկվանից հացադուլի մեջ եմ: Այն կայանալու է, ու մենք մինչեւ վերջ պայքարելու ենք:
– Դուք Ազատության հրապարակում նշել էիք, որ 50 ազատամարտիկ կմիանան Ձեզ, նրա՞նք էլ են այսօր հացադուլի մեջ, թե՞ սա Ձեր անհատական որոշումն է:
– 50-ը չէ, 150-ն են միացել: Բայց այս պահին միայն ես եմ հացադուլի նստել, իսկ ապրիլի 25-ից արդեն դուրս կգանք նստացույցի: Այսինքն` մինչեւ 25-ը միայն ես եմ նստում հացադուլի: Ապրիլի 24-ի հիշատակության միջոցառումները կանցնեն, նոր տղաները կմիանան:
– Տեսակետ է շրջանառվում, որ ազատամարտիկների այս որոշման հետեւում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է կանգնած...
– Այո, իհարկե, Ռոբերտ Քոչարյանը կանգնած է մեր հետեւում, չգիտեի՞ք:
– Իսկ եթե ավելի լուրջ...
– Չէ, լուրջ եմ ասում` Ռոբերտ Քոչարյանն էլ է կանգնած, Սերժ Սարգսյանն էլ է կանգնած, Լեւոնն էլ: Գիտեք, ով ինչ ուզում է ասի, պետք չէ, լուրջ ընդունել դրանց: Յուրաքանչյուրն իր մակարդակով ու իր հասկացողությամբ է հարցին մոտենում:
– Բայց ինչո՞ւ հիմա որոշեցիք հացադուլ հայտարարել` բարձրացնելով նաեւ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին ազատ արձակելու հարցը, երբ նա դեռեւս անցած տարվա հուլիսին է ազատազրկման դատապարտվել:
– Դուք երեւի լսել եք համբերության բաժակն ինչ բան է, կամաց-կամաց լցվում է այդ բաժակը: Տարբեր ձեւերով պայքարում էինք: Այն ժամանակ հույսներս դրեցինք ոչ իշխանական «եռյակի» վրա, ասացինք` մենք էլ ազատամարտիկներով կսատարենք, որպեսզի հաղթենք իշխանություններին, փոխենք երկիրը: Այդ էր պատճառը, որ այն ժամանակ չէինք անցնում հացադուլի:
– Իսկ հիմա տպավորություն է, որ կարծես կազմալուծված «եռյակն» է հույսը դրել ազատամարտիկների վրա, քանի որ իրենց մոտ ոչինչ չստացվեց:
– «Եռյակում» նույնիսկ իրենք իրենց վրա հույսը չեն դնում այսօր...
- Ամեն դեպքում նրանց աջակցությունը կընդունե՞ք:
- Յուրաքանչյուր հայի աջակցությունը կընդունենք: Պարտադիր չէ, որ նստեն մեզ հետ հացադուլի, ուղղակի, յուրաքանչյուրը պետք է անտարբեր չմնա, սա է կարեւորը:
– Այնուամենայնիվ, այսօր չե՞ք կարծում, որ «Նախախորհրդարանի» «առաջամարտիկ» Ժիրայր Սէֆիլյանն էլ կարող էր իր պայքարը տանել` շեշտը չդնելով ապրիլի 24-ի կարեւորագույն իրադարձություններին խանգարելու վրա ու հայտարարելով, որ 100-ամյակն առանց ռեժիմի պետք է լինի:
– Սխալ չէր Սէֆիլյանի քայլը, ես էլի եմ կրկնում` այսօր Հայաստանում` ընդդիմադիր դաշտում, մնացել են միայն Սէֆիլյանենք, իրենք են միայն պայքարում: Եվ սխալը մնացած բոլորն են, որոնք անտարբեր նայում են, թե այդ տղաներն ինչպես են պայքարում: Հիմա, թե ինչ ուղի են ընտրել իրենց պայքարի, դա իրենց հարցրեք, կբացատրեն` ինչու հատկապես «100-ամյակն առանց ռեժիմի»:
- Ամեն դեպքում, Դուք Ձեր հրապարակային պայքարը հետաձգեցիք մինչեւ ապրիլի 25-ը:
– Ես դա ոչ թե իշխանությունների համար արեցի, այլ զուտ այս օրերին արտասահմանից եկած հյուրերի համար, որ չգան այստեղ անհարմար վիճակի մեջ ընկնեն: Բացատրելու կարիք չկա, վստահ եմ` հասկանում եք:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
