ԿԿԱՐՈՂԱՆԱ՞ՆՔ ՀԵՏՈ ԷԼ ՊԱՀՊԱՆԵԼ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏԸ
Արխիվ 12-16ԿԿԱՐՈՂԱՆԱ՞ՆՔ ՀԵՏՈ ԷԼ ՊԱՀՊԱՆԵԼ
ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏԸ
113 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ` ահա Ազգային ժողովի լուսատախտակի տվյալները ԱԺ` Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հայտարարության քվեարկության ժամանակ: Կողմ քվեարկեցին բոլորը, նույնիսկ ՀԱԿ խմբակցության որոշ ներկայացուցիչներ: Քվեարկությունից առաջ էլ Գալուստ Սահակյանը նշեց, որ տեքստում հաշվի են առնվել պատգամավորների առաջարկությունները, եւ նույնիսկ ընդդիմադիրները բավարարվեցին սոսկ թարմացված տեքստով: Ունեցանք բոլոր քաղաքական ուժերի միասնական համերաշխ աշխատանքի օրինակ:
ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ԱՆՀԱՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ
Ինչպես հայտնի է` մի բավականին ստված խումբ ազատամարտիկներ, ովքեր ի պաշտպանություն Ժիրայր Սէֆիլյանի մտադիր էին հացադուլ սկսել Ազատության հրապարակում, հրաժարվեցին այդ գաղափարից, հաշվի առնելով հենց ապրիլի 24-ին աշխարհի աչքի առաջ ազգովի խայտառակ չլինելու նկատառումը:
Ինչ վերաբերում է հարամություն նախաձեռնողին` "Հիմնադիր խորհրդարանին", ապա կյանքը ցույց է տալիս, որ նրանք չեն կարողանում հավաքել աչքի ընկնող զանգված: Ճիշտ է, նրանց համակրողներն այնքան էլ քիչ չեն` զորօրինակ "100-ամյակն առանց ռեժիմի" ֆեյսբուքյան էջը շուրջ 10 հազար հավանող ունի, բայց ջախջախիչ մեծամասնությունը ցանկություն չունի ապրիլի 24-ին որեւէ գործողության մասնակցելու ու, առավել եւս, "երեք օրվա պաշարով" ուսապարկով ներկայանալու: Ճիշտ է, "Ֆեյսբուքի" օրինաչափությունը միշտ էլ կա, որ այդ սոցցանցի օգնությամբ կազմակերպվող միջոցառումներին, որպես կանոն, գրանցվածների 10 տոկոսն է ռեալ մասնակցում, սակայն "Հիմնադիր խորհրդարանի" պարագայում ցուցանիշը ռեկորդային ցածր է: Ու պատահական չէ, որ "Հիմնադիր խորհրդարանին" միացած հայտնի սկանդալային գենդերային ակտիվիստուհի Գայանե Առուստամյանը ողբաձայնում է, որ այդ 10 հազարից նույնիսկ 1000 հոգի ռեալ գործողությունների պատրաստ չի գտնվում, եւ անպատվում բոլոր նրանց, ովքեր գրանցվել են` հրապարակավ "Ժիրայր Սէֆիլյանի ցավը տանելու" անշառ նկատառումով:
Սույն տիկինը նրանց վախկոտ եւ թուլամորթ է անվանում, սակայն տվյալ դեպքում պատեհ է խոսել մարդկանց գիտակից լինելու մասին, որ նույնիսկ մինչեւ հոգու խորքը իշխանությանն ատելով հանդերձ, նրանք հասկանում են, որ ապրիլի 24-ի միջոցառումները հարամել չի կարելի:
Ի դեպ, ծպտուն չկա եւ գրանտակեր զանգվածից, որը երբեք իրեն թույլ չէր տա Վլադիմիր Պուտինի այցը բաց թողնել` առանց հակառուսական աղմկարար ցույցի: Մի մասը այդպես է դիրքավորվել հասարակ վախից, որ ամբողջ հանրությունը կարող է թքել երեսներին, իսկ մի մասն էլ, այնուամենայնիվ, վերջնականապես տմարդացած չէ ու իրեն թույլ չի տալիս անցնել այդ վերջին սահմանագիծը` ապրիլի 24-ը:
ԻՍԿ ԱՊՐԻԼԻ 25-ԻՑ ՍԿՍԱ՞Ծ
Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը բավականին պարզ ձեւակերպել է ակնհայտը` որ ապրիլի 24-ով ոչինչ չի ավարտվում, ապրիլի 25-ին ու հետո էլ պետք է շարունակել գործընթացները եւ առնվազն ի կատար ածել 100-ամյա տարելիցի հռչակագրի դրույթները: Ի դեպ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ իզուր չի մատնանշել, որ ապրիլի 24-ին ոչինչ չի ավարտվում, այլ ընդհակառակը` նոր է սկսվում:
Այնուամենայնիվ, այն, ինչ ունենք վերջին երկու ամսվա ընթացքում` ազգային միասնությունն ու համերաշխությունը այնպիսի դրական ձեռքբերում է եւ այնպիսի ներուժով է օժտված, որ պարզապես ափսոս կլինի դա մի կողմ դնել եւ կրկին վերադառնալ գաղջը խտացնող տգեղ գզվռտոցներին: Բայց, բարեբախտաբար, մի կողմից մեր 5-րդ շարասյուները ակնհայտորեն թույլ են եւ անկարող մարտունակության եւ կազմակերպվածության տեսակետից, մյուս կողմից` ԱՄՆ-ն վերանայում է իր մարտավարությունը Հայաստանում ու գերադասում է անարդյունավետ "իշխանափոխիչ" եւ "քաղաքացիական հասարակություն կառուցող" ձրիակերներ պահելու փոխարեն աշխատել անմիջապես իշխանության հետ: Եվ ինչն է շատ կարեւոր` մեր ժողովրդի բացարձակ մեծամասնությունը մերժում է մոլի ռուսատյացությունը եւ, այսպես կոչված, "արեւմտյան արժեքները":
Եվ մենք արդեն անդրադարձել էինք ամերիկյան քաղաքականության փոփոխության պատճառով ընդդիմության անխուսափելի վերաֆորմատավորմանը: Օբյեկտիվ իրավիճակը տանում է նրան, որ ընդդիմադիրները իշխանության հանդեպ թշնամություն անելու փոխարեն արմատականորեն կենտրոնանալու են արտաքին թշնամու վրա: Այսինքն` ուզած թե չուզած, նրանք դեստրուկտիվ` պետականաքանդ ֆունկցիայից անցնելու են կառուցողական` իշխանությանը զգաստացնելու գործառույթին: Արձանագրենք` մինուսը պլյուսով փոխարինելու համար բոլոր օբյեկտիվ նախադրյալները կան: Հետեւաբար, ընդամենը ոչ այնքան մեծ ջանքեր են պետք, որոնք կնպաստեն այդ գործընթացին, եւ այն կդարձնեն առավել արդյունավետ: Ու դա նաեւ մեր ժողովրդին կազատի գաղջ մթնոլորտի հիմնական գեներատորից` արդեն մոտ 20 տարի մատուցվող "հանցագործ ռեժիմը հեռացնելու" կյանքի չկոչվող խոստումներից, որոնք միայն ու միայն հիասթափություն են բերում եւ ոչ մի դրական բան: Համ էլ, հրաշալի կարելի է համարել այն միջավայրը, երբ ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը արտաքին թշնամու առնչությամբ գործում են նույն ուղղությամբ: Դա ինքնին խթանող, մոբիլիզացնող գործոն է, որը դրական կազդի նաեւ արտաքին քաղաքականությունից եւ ընդհանրապես քաղաքականությունից հեռու գտնվող ոլորտների վրա:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
