"ԳԵՐԱԳՈՒՅՆ ՌԱԴԱ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ"
Արխիվ 12-16"Հայ ազգը չի դադարի պայքարել Ցեղասպանության ճանաչման համար, հարյուրամյակին ընդառաջ կոչ անելով համաշխարհային հանրությանը` ճանաչել Հայոց ցեղասպանությունը` դատապարտելով մարդկության հանդեպ նման հանցագործությունները": Այսպես սկսվեց մեր զրույցը Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի հետ, ումից փորձեցինք հետաքրքրվել, թե ինչ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Ուկրաինայից, ուկրաինական իշխանություններից ի՞նչ ակնկալիքներ ունի դեսպանը:
-Պարոն Մանուկյան, հայտնի է, որ այս օրերին ամբողջ աշխարհում ապրող հայերը պատրաստվում են Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին: Կխնդրենք ներկայացնել, թե ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում Ուկրաինայում` այս օրերին:
- Ուկրաինայում, բառիս բուն իմաստով, ամեն օր անցկացվում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումներ: Միաժամանակª ուկրաինական ողջ մամուլն անդրադառնում է այդ թեմային, դժբախտաբար, թեեւ հայկական մամուլում չեմ տեսնում արտատպումներ, հղումներ ուկրաինական մամուլից` Ցեղասպանության թեմայի լուսաբանման հետ կապված, ինչը, գտնում եմ, որ այդքան էլ ճիշտ չէ:
Ինչ վերաբերում է բուն միջոցառումներին, ապա ապրիլի 23-ին Կիեւի Օպերայի թատրոնում տեղի կունենա մեծ համերգ` նվիրված Եղեռնի զոհերի հիշատակին: Համերգին մասնակցելու են հիմնականում ուկրաինական քաղաքական գործիչներ, դիվանագետներ, կառավարության անդամներ, պատգամավորներ: Եվ վստահ կարող եմ ասել, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված այն միջոցառումները, որոնք այսօր իրականացվում են Ուկրաինայում, կցանկանայի, որ իրականացվեին բոլոր երկրներում: Նորից եմ կրկնում` Ուկրաինայի բոլոր քաղաքներում ամեն օր կատարվում են Ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ` կլոր սեղաններ, կոնֆերանսներ: Միայն Կիեւ քաղաքում արդեն փակցված են երկու հարյուրից ավելի մեծ պաստառներ: Բազում այլ քաղաքներում եւս տեղադրված են Ցեղասպանության զոհ դարձած նահատակների պաստառները: Մի խոսքով` Ցեղասպանության թեման դարձել է ուկրաինական մամուլի ամենօրյա քննարկման նյութ, եւ պետք է նշեմ, որ շատ դրական լույսի ներքո է լուսաբանում թեման:
- Իսկ ինչպե՞ս են տրամադրված Ցեղասպանության ճանաչմանը տեղի իշխանությունները:
- Ուկրաինացի պատգամավորներից մեկը Գերագույն ռադա է ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծ: Այն արդեն մտել է օրակարգ եւ տեսնենք, թե քննարկումները ինչ արդյունք կտան: Ամեն դեպքում այստեղ են բնակվում նաեւ Ցեղասպանության զոհերի սերունդները, ովքեր պահանջում են, որ Ուկրաինան, որպես եղբայրական պետություն, նույնպես ճանաչի հայ ժողովրդի Ցեղասպանությունը: Դա, ցավոք, դեռեւս չի հաջողվել, սակայն կարծում եմ, որ ժամանակի ընթացքում այդ փաստը տեղի կունենա:
- Ապրիլի 24-ին Ուկրաինայից պատվիրակություն լինելո՞ւ է Հայաստանում:
- Անշուշտ լինելու է, բայց դեռ ճշտված չէ, թե ովքեր են լինելու եւ ինչ կազմով:
- Եվ վերջում` ինչպիսի՞ն է այսօր իրավիճակը Ուկրաինայում:
- Ուկրաինայում այսօր ժամանակավոր հրադադար է, բայց իրավիճակը շարունակում է լարված մնալ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
