ՕԲԱՄԱՆ ԿՓՐԿԻ՞ ՃԱՀՃՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Արխիվ 12-16ՕԲԱՄԱՆ ԿՓՐԿԻ՞ ՃԱՀՃՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Թուրքիան կարծես թե կանգնած է հերթական ծանր հարվածն ստանալու շեմին. "Ռոյթերզը", վկայակոչելով գերմանական կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտին, տեղեկացրեց, որ կանցլեր Մերկելը համաձայնել է, որ Բունդեսթագում ընդունվելիք բանաձեւում ներառվի նման ձեւակերպում. "Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի ճակատագիրը զանգվածային բնաջնջումների, էթնիկական զտումների, տեղահանումների ու ցեղասպանությունների պատմության օրինակ է":
ՄԻԱՅՆ ՖՈՐՍՄԱԺՈՐԸ ԿԽԱՆԳԱՐԻ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ
Չնայած այն, որ Հռոմի պապի հայտնի ելույթից հետո Գերմանիայում Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ տեղի ունեցավ տրամադրությունների կտրուկ շրջադարձ, նկատվում էր մի փոքր ավելի շուտ: Նախª Յոախիմ Գաուկը հայտարարեց, որ Թուրքիաª Գալիպոլիի ճակատամարտի միջոցառումների փոխարեն մասնակցելու է Բեռլինի տաճարում Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը ու նաեւ ելույթ է ունենալու. եւ նման միջոցառման ժամանակ ելույթում ցեղասպանություն բառը շրջանցելը գործնականում բացառվում է: Այնուհետեւ թեման շարունակեց արտգործնախարար Ֆրանկ Վալտեր-Շտայմայերըª իր հարցազրույցներից մեկում նման միտք հնչեցնելով. "Այն, ինչ պատահել է այն ժամանակ, կարելի է ընդհանրացնել ցեղասպանություն հասկացության մեջ, ու ես տեսնում եմ դրա բոլոր հիմքերը...": Ու եթե Գերմանիայի կարգի պետության ԱԳ նախարարը նման միտք է հնչեցնում, դժվար չէ կռահել, որ դա երկրի պաշտոնական տեսակետն է եւ ստացել է թիվ 1 պաշտոնյայիª կանցլերի "դաբրոն": Եվ երբ սրանից հետո նաեւ կառավարության խոսնակն է "Ռոյթերզին" հիշատակված տեղեկատվությունը փոխանցում, ապա կարելի է ասել, որ միայն ինչ-որ արտառոց, ֆորսմաժորային իրավիճակ կարող է խանգարել Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
Թե ինչ կտա այդ հանգամանքը, դժվար չէ պատկերացնել: Նախª Ցեղասպանությունը, կարելի է ասել, տեղի է ունեցել այն ժամանակներում Թուրքիայի հիմնական դաշնակից Գերմանիայի, բառիս բուն իմաստով, աչքի առաջ, որոշ դրվագներովª անմիջական թողտվությամբ եւ մասնակցությամբ: Իսկ դա նշանակում է, որ Գերմանիայի ճանաչելուց ու դրանով էլª նաեւ իր անուղղակի կամ մասնակի մեղավորությունն ընդունելուց հետոª Թուրքիայի ժխտողականությունը պարզապես ծիծաղելի կդառնա: Առավել եւս, որ Առաջին աշխարհամարտի տարիներին Թուրքիայի մյուս առանցքային դաշնակցիª Հունգարիայի խորհրդարանը եւս այսօր քննարկման է առնելու խորհրդարանական բոլորª 6 խմբակցությունների համատեղ փաստաթուղթը, որով Ցեղասպանությունը դատապարտելուց զատ կա այն միտքը, որ Ավստրոհունգարիան, լինելով Օսմանյան կայսրության դաշնակիցը, իր հերթին է կրում պատմական պատասխանատվության իր բաժինը: Միաժամանակ այս ամենը հուշում է, որ լիովին կբացվեն նաեւ գերմանական ու հունգարական արխիվները: Իսկ Թուրքիան, որ վստահելով իր մաքրված արխիվներին, փորձում է հարցը տեղափոխել պատմաբանների հարթություն, հազիվ թե կարողանա նույն խաղը շարունակել, քանի որ իր համար անհասանելի գերմանական արխիվներում հաստատ բոլոր փաստերը պահպանվել են:
Բայց ամենագլխավոր սպասելիքները սրանք չեն: Թե ինչ առանցքային դեր ունի այսօր Գերմանիան Եվրոպայի քաղաքական կյանքում, հայտնի է: Իսկ դա նշանակում է, որ նրա կողմից Ցեղասպանության ճանաչումը հզոր ազդակ կդառնա այդ գործընթացը եվրոպական այլ երկրներում ծավալվելու համար: Իսկ այս օրերին սպասվում է, որ ԵԽԽՎ-ն եւս կընդունի Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման մասին հայտարարություն:
Իհարկեª Հռոմի պապի ելույթից հետո սպասվում էր Եվրոպայի այս ռեակցիան: Ավելին. քանիցս առիթ ունեցել ենք անդրադառնալ նաեւ, թե հատկապես ինչ խորքային պատճառներից ելնելով է, որ Եվրոպայում նման մասշտաբի հասավ Թուրքիային մեկը մյուսից ծանր հարվածներ հասցնելու այս փուլը եւ չկրկնենք: Եվ ահա այս իրավիճակում առաջ է գալիս մեկ առանցքային հարցª ո՞րն է լինելու Թուրքիայի արձագանքը. ոչ թե ներկայիս հիստերիան նկատի ունենք, այլ գործնական քայլերը: Ավելի ճիշտª այս ալիքը դեպի ո՞ւր է տանելու Անկարային:
ԱՆԿԱՐԱՅԻ ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍԸ ՕԲԱՄԱՆ Է
Ուրեմն ի՞նչ է խոստանում այս իրավիճակը Թուրքիային: Այս առումով նախ նկատենք. եվրոպական այս գործընթացը, եթե անգամ չհանգեցնի Հին աշխարհամասում Ցեղասպանության ամբողջական ճանաչման, մեկ էª ցույց է տալիս, որ Եվրոպայի ուղղությամբ Թուրքիայի աշխարհաքաղաքական տեղաշարժի ճանապարհը փակ է անորոշ ժամանակով: Պատճառն էլ ուղղակի աչքի առաջ է. Եվրոպայի համար Թուրքիան մի քանի լուրջ գործոններից ելնելովª մեծ վտանգ է: Եվ այդպիսին էլ կմնա, քանի դեռ Թուրքիայի համար Եվրոպայի ամեն մի բառը չի դարձել օրենք:
Հաջորդը. Թուրքիայի համար նաեւ անհուսալիորեն փակ է Մերձավոր Արեւելքի աշխարհաքաղաքական ուղղությունը: Այստեղ գործող երեք հիմնական տարածաշրջանային ուժերիª Իրանի, Իսրայելի, արաբական աշխարհի համար միաժամանակ Թուրքիան լուրջ մրցակից եւ, նույնիսկ, թշնամի է: Ճիշտ էª Թուրքիան փորձեց սիրիական պատերազմի հաշվին հաստատվել Մերձավոր Արեւելքում, սակայն անգամ նրա անդրօվկիանոսյան դաշնակիցըª ԱՄՆ-ը, դա արգելափակեց: Նման ուղղվածությունը կարգելափակի նաեւ Ռուսաստանըª Մերձավոր Արեւելքում իր դերակատարման աճի հետ մեկտեղ, հաշվի առնելով, որ դա, ի վերջո, արվելու է տարածաշրջանում ռուսների շատ ավելի առանցքային "հենման կետերի"ª Սիրիայի եւ Իրանի հաշվին: Այսինքնª քանի դեռ Թուրքիան չունի սեփական զորությամբ տարածաշրջան ներխուժելու ու հաստատվելու հնարավորություն, Մերձավոր Արեւելքի աշխարհաքաղաքական ուղղությունը եւս նրա առաջ նույնքան ամուր է փակված, որքան եվրոպականը: Երրորդª դեպի թյուրքական աշխարհ ուղղությունը, որի վրա վերջին տարիներին փորձում էր հենվել Անկարան, նույնպես սկսել է ճաքեր տալ: Համենայնդեպս վերջերս Ղազախստան կատարած եռօրյա այցի ժամանակ Էրդողանին Նազարբաեւը թեեւ ընդունեց ընդգծված սիրալիրությամբ, բայց նաեւ բացահայտ հասկացրեց, որ մտքով անգամ չի անցնում Թուրքիային ճանաչել որպես "մեծ եղբայր". որպես հավասար սուվերեն պետություններ, խնդրեմ, կարելի է համագործակցել, բայց միայն այդքանը: Եվ ավելին, եթե ոչ վաղ անցյալում Նազարբաեւը Թուրքիային դիտարկում էր որպես Եվրասիական միության պոտենցիալ անդամ, որը թուրքերին հնարավորություն էր տալիս եվրասիականությունն իրենց արտաքին քաղաքականության հիմնական առանցք դարձնելու սպառնալիքովª շանտաժային հայացքներ ուղղել Վաշինգտոնի ուղղությամբ: Բայց ահա Էրդողանի վերջին այցի ժամանակ Նազարբաեւն ընդամենը հայտարարեց, թե ԵՏՄ-ն. "Հնարավորություն է տալիս թուրքական բիզնեսինª դուրս գալ նոր շուկաներ": Իհարկեª կա նաեւ չինական ուղղությունը, սակայն Չինաստանն էլ իր հերթին է լուրջ վտանգ տեսնում պանթուրքիզմից, այսինքնª շատ հարցերով կհամագործակցի Թուրքիայի հետ, բայց միշտ էլ վերջինիս տեղաշարժը դեպի Արեւելք կանխելու նպատակով նաեւ Հայաստանի հետ կպահպանի ռազմավարական կապերը, ինչը, ի դեպ, ցույց տվեցին նաեւ ՀՀ նախագահի վերջերս Չինաստան կատարած այցելության արդյունքները:
Այսպիսովª արդեն անգամ թուրքական հեղինակավոր աղբյուրներն են ընդունում, որ Թուրքիան հայտնվել է գլոբալ աշխարհաքաղաքական փակուղում, ինչը Անկարային. "Ստիպում է մտածել փակուղու հաղթահարման ուղիների որոնման մասին, հաշվի առնելով այն գինը, որն ստիպված կլինի վճարել, եթե շարունակի իր ներկայիս ուղին": Բայց միաժամանակ էլª պետք է մտածի նաեւ "այն գնի մասին, որը վճարելու է", եթե փորձի վերակառուցել իր քաղաքականությունն ու հիշատակված աշխարհաքաղաքական ուղղություններից որեւէ մեկի հետ "լեզու գտնել": Ընդ որում, աչքի առաջ ունենալով, որ մյուս ուղղություններն այդ դեպքում իրենց հարվածները միայն կոշտացնելու են: Եվ այդ դեպքում էլ Էրդողանը, բացի իր իսկ տարիների քաղաքականությունից հրաժարվելու հետեւանքներն աչքի առաջ ունենալուց, դեռ պետք է մարսի այդ իրավիճակից բխող ներքին ճգնաժամը, այն էլª մայիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների պարագայում:
Թերեւս Անկարային մնում է գոնե ժամանակավոր լուծում փնտրել Վաշինգտոնում, որտեղ, ի դեպ, արդեն Սենատ է ներկայացվել Ցեղասպանության մասին բանաձեւ: Ուստիեւª Թուրքիան նաեւ շնչակտուր սպասում է Օբամայի խոսքին, որը կարող է դառնալ վերջնական հարվածը: Իսկ դա հուշում է, որ Վաշինգտոնում Անկարան ստիպված է չափից դուրս շատ զիջողությունների գնալ, հաշվի առնելով, որ այս իրավիճակում Սպիտակ տունը հաստատ այդ չափից դուրս պահանջները կներկայացնի: Թե ինչպես կավարտվեն այդ "բազարները", իհարկե պարզ կդառնա Ցեղասպանության հետ կապված Օբամայի հայտարարությունից: Թեեւ համոզված ենք, որ Օբաման այդպես էլ Ցեղասպանություն բառը չի ասի: Այլ հարց, որ Հայաստանի համար 2015 թիվն ամենեւին էլ վերջնաժամկետ չէ, իսկ Թուրքիայում էլ գնալով ծավալվում է այն գաղափարը, որ ժխտողականությունն արդեն չափից դուրս ծանր է նստում եւ գնալով էլ ավելի ծանր է նստելու: Ուրեմնª պետք է արագորեն մտածել Հայաստանի հետ ինչ-որ կերպ լեզու գտնելու մասին:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
